
Իսրայելի ոստիկանությունը երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կասկածում է կոռուպցիայի և խարդախության մեջ
Իսրայելական ոստիկանությունը կարծում է, որ բավականաչափ ապացույցներ կան մեղադրանք ներկայացնելու երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոռուպցիայի և խարդախության հատկանիշներով:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Նեթանյահուն առաջարկել է իսրայելական «Yedioth Ahronoth» («Վերջին նորություններ») թերթին դրական կողմից ներկայացնել երկրի իշխանությունների գործունեությունը, փոխարենը Նեթանյահուն կօժանդակի թերթին ուղիղ մրցակիցներին զսպելու աշխատանքներում:
Ըստ ոստիկանության՝ այս դեպքով անհրաժեշտ է մեղադրանք ներկայացնել նաև «Yedioth Ahronoth»-ի սեփականատեր Արնոն Մոզեսին:
Բացի այդ ոստիկանությունը մեղադրում է Բենյամին Նեթանյահուին հրեական արմատներով հոլիվուդյան պրոդյուսեր Արնոն Միլչենից 280 000 դոլար ընդհանուր արժեքով նվերներ ստանալու մեջ: Իսրայելի վարչապետը նվերների փոխարեն պետք է ակտիվորեն քարոզեր, այսպես կոչված «Միչլենի օրենքը», համաձայն որի՝ արտասահմանից հայրենիք վերադարձող իսրայելցիները 10 տարով կազատվեն հարկերից:
Իսրայելի ոստիկանությունը Նեթանյահուին կասկածում է նաև ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Պեկերից նվերներ ստանալու մեջ:
Պաշտոնական մեղադրանք ներկայացնելու որոշումը պետք է կայացնի Իսրայելի գլխավոր դատախազությունը: Գործընթացը կարող է տևել մի քանի ամիս: Երկրի արդարադատության նախարար Աելեդ Շակեդը հայտարարել է, որ նույնսիկ պաշտոնական մեղադրանք առաջադրելու դեպքում Նեթանյահուն պարտավոր չի լինի հրաժարական ներկայացնել:
Բենյամին Նեթանյահուն հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները՝ հայտարարելով, որ այս գործողությունները «ավարտվելու են ոչնչով»:
«Այս ամբողջ տարիների ընթացքում ես ավելի քան 15 անգամ դարձել եմ հետաքննական և քննչական գործողությունների օբյեկտ: Բոլոր այդ փորձերն ապարդյուն են եղել: Նույնը կրկնվելու է նաև հիմա»,- նշել է վարչապետը:
68-ամյա Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: Նա կառավարությունը ղեկավարել է նաև 1996-1999 թվականներին: Երկրի խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականի նոյեմբերին:
Լուսանկարը՝ AFP / John Thys
Մեկնաբանել