HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Խեր, Շառ, Աստվածուհի»․ երկակի ստանդարտներ

Էլլան ֆեյսբուքով գրում է, թե «ամսի մեկին բան չպլանավորես, ցուցահանդեսի ես»։ Կոլաժ է ուղարկում։ Հետո կարդում եմ տեքստը, որ գրել է որպես «Խեր, Շառ, Աստվածուհի» ցուցահանդեսի հիմնական տեքստ․

««NarNur»-ը կոլաժային արտ-նախագիծ է, որի հեղինակն է չարտիստ, ուրբան բայղուշ Նարինե Վարդանյանը:

Նարինեն աշխատում է մոնոխրոմ, սեւ-սպիտակ թղթե կոլաժների վրա, որոնք հետագայում վերարտադրում է` այլ նյութերից, այլ չափսերով: Նրա կոլաժները հեշտ է հիշել ու հասկանալ, քանի որ դրանք բոլորը այն խնդիրների մասին են, որոնք վերաբերում են ամեն մեկիս, մեր կոնտեքստին, մեր անցյալին, մեր 90-ականներին: Չկա զտված արվեստային մոտեցում, կա «սպիտակ նիվայական» էսթետիկա:

«Խեր, Շառ Աստվածուհի» ցուցահանդեսը երկակի ստանդարտների ու դրանցով ապրելու անհարմարության մասին է»։

Հետաքրքրում է, որոշում եմ գրել, չաթ ենք բացում, երեքով «ներառվում»։ Ցուցահանդեսի բացումը մարտի մեկին է, նախկին «second hand» խանութ-սրահի նկուղային տարածքում։ էլլան ասում է, որ նկուղը տեսնելուց հետո համոզվել է, որ դա հենց այն տեղն է, որտեղ Նարինեի գործերը կհասկանան եւ կզգան․ «Սեքոնդ հենդ» վիճակը խաչվում է կոլաժի հետ, որտեղ արդեն պատրաստի էլեմենտներ ես վերցնում ու վերօգտագործում, ոնց նորից հագնում ես արդեն հին հագուստը»:

Նարինե, կոլաժների ուսումնասիրությունը ինքնազննման տարավ, գիտե՞ս։ Միտքն ինչպե՞ս է առաջացել։

Նարինե- առաջացավ իմ սելֆիներից։ Սկզբում ուղղակի գայթակղիչ սելֆիներ էի անում, հետո մտածեցի՝ ինչու մտքերիս, հիշողություններիս հետ չհամադրեմ․ այդպես ստեղծվեցին կոլաժները։

Էլլա, դու ինչպե՞ս «NarNur»-ի մաս դարձար։

Էլլա- որպես Նարինեի ծանոթ՝ հետեւում էի Ինստագրամի իր էջին։ Անընդհատ նայում էի սելֆիները ու հասկանում, որ Նարինեն դրանցով չի ինքնացուցադրվում, այլ խաղում է կերպարների հետ, ու ինձ հետաքրքրում էր՝ ուր է տանելու ․․․ Կամ տանելու է, թե չէ։

Նարինե- ․․․ ու տարավ դեպի Մադոննան, որովհետեւ սրբապատկերների կենտրոնում ինքն է, իսկ ինքը կին է, ով, բացի սուրբ լինելուց, ուղղակի ամեն տեսակի ցանկություններով ու ազդակներով օժտված է, ու, հա՜, գրո՜ղը տանի, ինքը ցանկալի է։

Էլլա- նշածս սելֆիներից հետո մեկ էլ Նարինեի «ինստայի» էջում հայտնվեց առաջին կոլաժը՝ վիզուալ ամբողջական, հետաքրքիր այնքան, որ ուզեցի հարցնել՝ ումն է, ով է արել։ Պարզվեց՝ ինքն է հեղինակը։ Այդ ժամանակ արդեն խմորվել էր եւ միտքը, եւ վիզուալ արտահայտման ձեւը։

Նարինե- եթե նայենք ըստ ժամանակագրության, ապա սկզբնական շրջանի կոլաժներն ավելի հագեցած են, հիմնականում՝ ռազմակրոնական (ինչպես Էլլան է ասում) ու ռետրոսպեկտիվ․ իմ հիշողություններն են եւ գուցե նաեւ ենթագիտակցությանս մեջ դաջված բաներ էլ կան, որ հիմա ինետ տիրույթում մեծ հնարավորություն ունեն վիզուալ երեւալու, տեսք եւ ձեւ ստանալու։

Այնքան մանր թելեր կան կերպարիս ու իրեն շրջապատող, ասենք, զենքերի մեջ, որ չգիտեմ էլ ՝ ինչից կարելի է սկսել։ Արդեն ադրենալինս բարձրանում է։

Էլլա- հա, վիզուալ առումով Նարինեի գործերը նոստալգիկ են նայվում, ոնց որ «սերվանտի» վրայի սեքսուալ կնոջ «ստիկերը» լինի, որի կողքին սուրբ Մարիամի պատկերն է։ Ու այստեղ մի հարց է սկսում տանջել․ այդ երկու կանայք, որ իրար կողքի են «կպցրված», իրարից տարբե՞ր են, կա՞ իրենց կապող օղակ` բացի այդ «սերվանտից»։

Նարինե- հենց այստեղ էլ հանգում ենք կոնցեպտներից մեկին՝ երկակի ստանդարտներին։

Էլլա- ահա․․․Թվում է՝ թեման վաղուց փակված է, բայց կինը մինչեւ հիմա մտածում է, որ պետք է մեկը ընտրի մյուսի հաշվին։

Նարինե- նույն կինն է, ուղղակի մեկն անձեռնմխելի է, որովհետեւ «այդպես է պետք», մյուսը՝ կարող է անխնա քննարկման առարկայի վերածվել։

Էլլա- կամ սա, կամ մյուսը․ ուրեմն խնդրի լուծումը դեկորատիվ է։

Այս դեպքում զենքը, կրոնը, «սերվանտը», որ ժամանակային գործողության կրիչ է, որքանո՞վ են ազդեցություն ունենում։

Նարինե- մի ամբողջ կյանք կրում են մի բովանդակություն, բայց ալեգորիկ կերպով կարող ես խաղալ հետը։

Էլլա- Նարինեն ուժեղ սիմվոլիկ կրիչներով է խոսում․ դրա հաշվին հասկանալի է դառնում, բայց եւ վտանգավոր, որովհետեւ ամեն կրիչ իր տակ լուրջ գաղափարներ ունի, որոնցով մեկը մյուսին «բզում» են։

Նարինե- կա տարածված, կլիշեավորված արտահայտություն, որ «կնոջ սեքսուալությունը զենք է»։ Իմ կոլաժներն ինձ երկու դեպքում էլ թույլ են տալիս ջրից «չոր» դուրս գալ։

Էլլա- դե սեքսուալությունն այս դեպքում տեռորիզմի պես բան է․ հանդարտությունը վտանգի տակ է դնում, բայց դա անող տեռորիստը միշտ պատճառ ունի։

«Խեր, շառ, Աստվածուհի» մեկ տեղու՞մ։

Նարինե- ահա, իրենք միշտ մի տեղում են, որովհետեւ մեկը մյուսով է պայմանավորված։

Էլլա- «խերն» էլ, «շառն» էլ կնոջ հետ են միշտ կապվել։

Նարինե- կինը «շառ ա», կինը «սուրբ ա», կինը «մայր ա» ու պատերազմների գլխավոր մեխանիզմը։

Էլլա-  ․․․ բայց նաեւ հավասարակշռության բերողը։ Եվ նաեւ կնոջը բաժանման ենթարկելը միշտ ինչ-որ կոնտեքստի հետ կապված պատճառ ունի, քաղաքական նկատառումներ եւ այլն․․․ Դրանից է, որ կոլաժներում առանցքայինը շարունակում է մնալ կինը։

Սելֆին այս ամենի կոնտեքստում։

Էլլա- Սելֆին ոնց որ խոսացածի տակ ստորագրելու ձեւն է՝ «քյառթու» հաշվետու լինելու, որովհետեւ գործերում ծանր, բարդ սիմվոլներ են ներկայացված, մեկը մյուսին հակասող կամ «կծող»։ Սելֆիի առկայությունը ոնց որ ամրապնդի միտքը, որ հա՛, հասցեատերը ես եմ, ես եմ ասողը։

Նարինե- ու ամբողջն իմ կերպարի միջոցով պետք է սինթեզեմ․․․ Բա էլ ու՞մ, եթե ես եմ զգում ու մտածում, իմ հիշողություններն են, ուրեմն իմ կերպարով էլ սինթեզը պիտի երեւա։

Խնդրահարույց սինթեզ է սինթեզել հարցադրմա՞ն համար, հաստատմա՞ն համար, ցուցադրմա՞ն, երկխոսությա՞ն համար․․․

Նարինե- ցուցադրելով հարցադրում անել ու բերել երկխոսության։ Շղթայական ռեակցիայի պես պիտի լինի։

Էլլա- վերադառնանք տեռորիստին․ երբ ինքը շենք է պայթեցնում, իր ռեակցիան է, երբ իրեն «կպել» են։ Ինքը չի կարող պայթեցնելով խնդիրը լուծել, բայց այդպես փորձում է ուշադրությունը սեւեռել խնդրի վրա․․․ Նույն կերպ այսպիսի ուժեղ սիմվոլներով խոսելը տանում է երկխոսության։

Էլլա, կոլաժների մասին գրում ես, որ հեշտ է հիշել ու հասկանալ, քանի որ դրանք բոլորը այն խնդիրների մասին են, որոնք վերաբերում են ամեն մեկիս, մեր կոնտեքստին, մեր անցյալին, մեր իննսունականներին։

Դու՝ որպես համադրող, այդ տեսակ կապերը կասկածի տակ դնու՞մ ես։ 90-ականներն ու այսօրը։

Էլլա- 90-ականները հետաքրքիր են, հիմա մեր ողջ մշակույթը, որը ձգտում է անալոգ վիճակներին, բարձր ջինսերին, անընդհատ հիշեցնում է 90-ականները․․․ Ու հիպերթվայնացման շեմին մենք արհեստական նոստալգիա ենք ապրում ու ստեղծում ոչ վաղ անցյալի համար, որ ուղղակի չկորցնենք էմոցիաները։

Նարինե- կարծում եմ նման կապից խուսափելն անհնար է։ Ցանկացած ժամանակ մյուսի հանդեպ նոստալգիկ տրամադրությամբ է լցվելու, որովհետեւ արդեն եղել է ու արդեն միֆ է․ սիրուն է, սիրուն չի․․․Կարող ես տարբեր կերպ ընկալել ու այլեւս չվախենալ։

Էլլա- գլոբալ եւ լոկալ առումով «մեր» իննսունականները ոնց որ մի կողմ էինք դրել, բայց, մեկ է, ցանկություն կա հետ գնալու, նորից վերապրելու, վառվող փայտի հոտը զգալու․․․ Մեր անցյալն է․ այն մեզ կազմավորել է, բայց չի բնորոշում։

Նարինե- ու բացահայտման համար ահռելի դաշտ է։

Սելֆին թույլ է տալիս ֆիքսելուց առաջ դիրքավորվել, ստանալ այն, ինչ տեսնելով կարող ես պատկերացնել։ Այդ դեպքում «իսկականից», «իրականից» հեռանալու վտանգ չկա՞։ Կոլաժի կինն արդեն «դիրքավորված», «սարքված» չի՞։

Նարինե- Ինչ-որ չափով ստում ես, բայց նաեւ գայթակղում․ դու կարող ես քեզ կերպարի վերածել, չես լարվում, դու ես իրավիճակի տերը։

Նշանակում է՝ անցյալի կրիչները «դիրքավորված» կերպարի հետ են համադրվում։ Այս կոնտեքստում ներկայի իրողության հարցադրում չի՞ առաջանում։

Նարինե- կոնտեքստում այն հարցադրումներն են, որոնք իմիտացիոն լուծումներ են ունեցել եւ ունենում։

Էլլա- ներկան, անցյալը «սվաղված» են․ եթե նայես այս տեսանկյունից, որ մեզ մոտ սովետից հետո մի գլոբալ գաղափար չի իշխել (բոլոր առումներով), ապա կտեսնես Նարինեի կոլաժները նաեւ՝ բզկտված (այստեղից մնացած սիստեմ, այնտեղից բերված գաղափար․․ Ու ամենը միասին)։

Անցյալն ամբողջությամբ չի ջնջվել ու ներկան էլ չի նստել տեղը․այնպես որ հարցադրումը ժամանակային բաժանման ենթակա չի։

ՀԳ «Խեր, Շառ, Աստվածուհի» արտ-նախագծի ցուցադրության բացումը տեղի կունենա մարտի մեկին՝ ժամը 20։00-ին (հասցե՝ Լուսավորիչ 12, նախկին «second hand»)։

Լուսանկարները տրամադրել է Էլլա Կանեգարիանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter