
Հրայր Թովմասյանը կկասեցնի իր անդամակցությունը ՀՀԿ-ին
ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2012 թվականին ՀՀԿ-ի շարքերը համալրած Հրայր Թովմասյանն առաջիկայում կհրաժարվի հարազատ կուսակցությունից՝ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու համար: Ըստ Սահմանադրության՝ ՍԴ անդամը չի կարող որևէ կուսակցության անդամակցել: Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովին առաջարկել է Հրայր Վարդանի Թովմասյանի թեկնածությունը: Իսկ երեկ Հրայր Թովմասյանը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։
«Հետք»-ի հարցերին պատասխանել է Հրայր Թովմասյանը:
Պարոն Թովմասյան, Դուք ՍԴ անդամ եք նշանակվելու, որ հետագայում դառնաք ՍԴ նախագահ, դա՞ է նպատակը:
Պաշտոններ զբաղեցնելու հետ կապված երբեք որևէ նպատակ չեմ ունեցել: Ինձ առաջարկվել է դառնալ ՍԴ անդամ, և ես տվել եմ իմ համաձայնությունը:
ՀՀԿ մամուլի խոսնակը երեկ մեզ հետ զրույցում արդեն հայտնել է, որ երբ ժամանակը գա, կկասեցնեք Ձեր անդամակցությունը ՀՀԿ-ին, դա այդպե՞ս է:
Այո, Սահմանադրությունը պահանջում է, որ ՍԴ անդամը չի կարող լինել կուսակցության անդամ:
Ստացվում է՝ հանուն պաշտոնի Ձեր կուսակցությունից հրաժարվում եք, բա գաղափա՞րը:
Գաղափարն ու կուսակցության անդամ լինելը տարբեր բաներ են, ոչ ոք ձեզ չի կարող արգելել որոշակի գաղափարախոսություն ունենալ, հավատալ դրան: Սահմանադրությունն արգելում է որևէ կուսակցության անդամ լինել, այսինքն` կուսակցությունն իր անդամի համար չի կարող որոշում կայացնել, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող մտնել այդ անձի գլխի մեջ և հարցնել՝ Դուք հավատացյա՞լ եք, թե՞ աթեիստ, ո՞ւմ եք հավատում, ո՞ր գաղափախոսությանն եք կողմակից և այլն:
Այսինքն` նժդեհականությունը կմնա՞ Ձեր հոգում:
Այդ հարցն ինչի՞ եք տալիս:
Պարոն Թովմասյան, Դուք հանուն պաշտոնի հրաժարվում եք կուսակցությունից, որին անդամակցել եք երկար տարիներ:
Ի՞նչ է նշանակում հանուն պաշտոնի կուսակցությունից հրաժարվել, ինձ առաջարկվել է պաշտոն, որը բացառում է կուսակցության աշխատանքի հետ համատեղում, և ես համաձայնել եմ:
Այսինքն` Դուք Հայաստանի նորանկախ պատմության մեջ կլինեք առաջին պաշտոնյան, ում համար ՀՀԿ-ական լինելը խանգարում է առաջխաղացման համար:
Ոչ, մենք նման պրակտիկա էլի ենք ունեցել, ՍԴ անդամ Կիմ Բալայանը, որը ՀՅԴ անդամ էր, ՍԴ անդամ նշանակվելուց առաջ հրաժարվել է կամ կասեցրել է իր կուսակցական անդամակցությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել