
Դրական եզրակացություն` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գազի և նավթի որոնողական աշխատանքներ իրականացնելու նախագծին
Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանին առնչվող «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի հայտին: Համաձայն դրան` ընկերությունը ՀՀ տարածքի 1-ին և 3-րդ պայմանական բլոկներում կիրականացնի նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն: 1-ին և 3-րդ ենթաբլոկները ներառում են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը` 8497 քմ տարածք:
ԲՆ-ն եզրակացրել է, որ ուսումնասիրության ընթացքում ազդեցությունները լինելու են ժամանակավոր, տեղային, թույլատրելի նորմերի սահմաններում: Նախատեսված են մի շարք բնապահպանական միջոցառումներ, որոնք կնվազեցնեն գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա:
Ավելին, օրենսդրության սահմանված կարգով իրականացվել են հանրային քննարկումներ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետարաններում, որոնց ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակությունը հավանություն են տվել նախագծի իրականացմանը:
Հիշեցնենք, որ ընկերությունը 2-րդ պայմանական բլոկում ևս նավթ և գազ որոնելու հայտ է ներկայացրել: Այս բլոկն էլ ընդգրկում է հանրապետության կենտրոնական հատվածը՝ Երևան քաղաքը, Արմավիրի, Արագածոտնի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի տարածքները մասնակի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել