
Քննարկվող նախագծով՝ ՄԻՊ-ը կառավարության նիստերին ներկա կգտնվի միայն վարչապետի հրավերով
Արդարադատության նախարարությունը շարունակում է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համար մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել։ Կառավարությունը կարծես որոշել է նոր մոդելի պետության գործունեությունը իրականացնել՝ սահմանափակելով հրապարակային աշխատելոճը։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում, այժմ քննարկման է դրված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը։ Այժմ գործող օրենքով պաշտպանն իրավունք ունի ներկա գտնվել կառավարության նիստերին և ելույթ ունենալ կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև մասնակցել և ելույթ ունենալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցերը։
Սակայն Ազգային ժողով է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ, որով սահմանվել է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ներկա գտնվելու կառավարության նիստերին: Այդ անձանց ցանկում մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկված չէ։ Սակայն առաջարկվող նախագծով նախատեսվում է, որ կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք, որոնց մեջ է մտնում նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Այսինքն՝ օրենքի ընդունման պարագայում մարդու իրավունքների պաշտպանը ներկա կգտնվի կառավարության այն նիստերին, որոնց կհրավիրի վարչապետը։
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին կառավարությունը որոշեց, որ նորընտիր վարչապետի պաշտոնավարման ժամանակ վարչապետը անձամբ կորոշի՝ կառավարության նիստը լինի դռնփակ, թե դռնբաց։
Մեկնաբանել