HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Նանոր Պետրոսյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  Նանոր Պետրոսյանն է։

Նանոր Պետրոսյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Չեմ կարողանում համակերպվել նման տեքստի հետ։ Շատ հեգնական եմ նայում այստեսակ տեքստերին։ Ես Ինստագրամում տեսա, որ ամեն մեկն անվան դիմաց իր ով լինելը գրում է․ մեկը՝ «փեյնթըր», մյուսը՝ «մամմի», ու ես առանց հապաղելու գրեցի՝ «ոչ ոք» (no one): Հետո երկար մտածում էի դրա մասին․ մարդը ստեղծագործող էակ է․ ինքը մեկը չի։ Ես «խոզ» եմ, որովհետեւ չեմ կիսվում մարդկանց հետ, սնոբ, որովհետեւ մեծամիտ եմ եւ չարացած, որովհետեւ ուրիշների արածը սուր քննադատում եմ՝ չարախոսելով․․․

Հիմա ես երեսունն անց կի՞ն եմ, երեւանցի՞, մեկի ընկե՞րը, յոգայի դասատու՞, թե՞ գրող եմ, ով քեզ հետ այստեղ խոսում է։ Ես հիմա դրանցից ոչ մեկն եմ, ու, երբ յոգայի դասի գնամ, դառնալու եմ յոգայի դասատու, երբ ընկերոջս հետ զրուցեմ, դառնալու եմ ընկեր․․․

Չեմ ինդենտիֆիկացնում ձեւը։ Նույնիսկ բնավորության առումով․ ես հանդա՞րտ մարդ եմ, թե՞ անհանգիստ․․․ Հստակ պատասխանը չգիտեմ, որովհետեւ շատ արագաշարժ եմ կենցաղային հարցերում  ու շատ դինջ եմ ռեալ ինչ-որ  գործ անելիս։ Ես ծույլ մարդ չեմ՝ վազել, սպորտ, առավոտյան շուտ արթնանալ, գիշերը չքնել, տունը մաքրել, խնդիր չի․․․ Բայց ծուլանալ կարող եմ տարիներով։ Եղել է, որ յոթ տարի չեմ խաղացել, բայց եթե մեկն ինձ հարցնի՝ դու դերասան ես, կասեմ՝ հա։ Դրա համար երեւի «ոչ ոք», որովհետեւ ինչ-որ այդ պահին անում ես, ուրեմն այդ ես։

Իսկ հիմա՞։

Հիմա քո հարցերին եմ ուզում պատասխանել, բայց ինձ թվում է՝ դու այստեղ ինձ ավելի շատ վերաբերում ես որպես մեկի, ով տեքստի հեղինակ է։

Գիտե՞ս՝ ինչու, որովհետեւ հիմնականում տեքստով եմ քեզ ծանոթ։ Տեքստիդ ավելի վաղուց եմ ծանոթ, քան քեզ․․․ Կամ այդպես քեզ հետ ավելի վաղ եմ ծանոթացել։ Հիշում եմ նույնիսկ 2008թ-ի գրածդ«Նոր սիրո մեջ ամենադժվարը նոր քթին հարմարվելն է»։

Անուշ, աշխարհն այնքան մրցակցային է, որ եթե ուզում ես խոսել քո սիրածի մասին, պետք է ասես՝ օ՜, ինքն Աքիլլեսն է, ամեն մի կրծքի վրա այսքան մկան կա, ինքն աշխատում է այսքան փող։

Այդ մրցակցությունի՞ց է, որ անվանդ դիմաց «ոչ ոք» գրեցիր։

Չէ, հենց լրիվ «ոչ ոք»։ Աշխարհի ամենաանհեթեթ բանն է մրցակցելը, ամենավատ բանը, երբ ձգտում ես լինել ավելին։ Ես դա չեմ հասկանում։ Վերջերս Կարեն Կարապետյանը նստել էր մեկի տված ինքնաթիռը, գնացել Դավոս, մենք էլ պիտի ուրախանայինք, որ բյուջեի փողերով չի գնացել։ Ինչի՞ համար էր այդ ամենը, որովհետեւ ինքը պիտի այնտեղ երեւար, պիտի հասկանային, որ ինքն էլ ունի իր օդանավը։ Այդ ի՞նչ է։ Ես դա ընդհանրապես չեմ հասկանում։

Մեզ անընդհատ ստիպում են դրա մեջ լինել․ այս դերասանուհին խաղաց տասը դեր, դու ոչ մի, ուրեմն՝ «չմո» ես։ Ա՜յ մարդ, չէ՜, ես «թույն» դերասանուհի եմ, բայց չեմ խաղում, խաղում եմ այնքան, որքան ուզում եմ։ Ինչպե՞ս է որոշվում, որ Մերիլ Սթրիփը ավելի լավ դերասանուհի է, քան Հասմիկ Աբովյանը։ Հասմիկ Աբովյանը «թու՜յն» դերասանուհի է։

Արեւմուտքն իր ուժն այստեղ էլ է պարտադրում։

Արեւմուտքի հանդեպ կոնկրե՞տ  վերաբերմունք կա։

Հա, իհարկե։ Սայիդի տեքստը հենց դրանով է կարեւոր. «Օրիենտալիզմը» ցույց է տալիս, որ Արեւմուտքը «պիտակավորում» է մեզ, մենք էլ դառնում ենք «դա», ու, որպեսզի դուրս գանք այդ պիտակի տակից, ուզում ենք ուժեղ երեւալ, երեւալ այնպիսին, ինչպիսին իրենք են։ Կարծում եմ՝ գնդակը հակառակ կողմ պիտի գլորել․ հանդես գանք որպես թույլ, չհամեմատվենք իրենց դրած արժեքների հետ կամ խոսենք համընդհանուր թուլությունների  մասին։

Հիմա ճանաչված լինելը, հաջողակ լինելը թույլին լրիվ անպաշտպան է դարձրել։ Եթե մենք բոլորս մտածենք, որ թույլն ենք, հոգածությունը, հավասարությունը իրական կլինի, բայց բոլորս կարծում ենք, որ ուժեղ ենք ինչ-որ մի տեղ ու մեր շուրջը հենց այդ դիտանկյունից ենք ամեն բան կառուցում։

Իսկ եթե ես ոչ մեկ եմ, ես շատ թույլ եմ, ուրեմն ամեն մեկն ինձ հետ կարող է անել այն, ինչ ուզում է․ այդտեղ ես չունեմ համեմատվելու, հաղթելու թեմա։ Դրա համար շատ կարեւոր է, որ գյուղացին լինի պաշտպանված, որ թոշակառուն լինի պաշտպանված․․․  Կարծում ենք, որ մենք ուժեղ ենք թոշակառուից, որովհետեւ երիտասարդ ենք, ցրտին կդիմանանք, գյուղացուց ուժեղ ենք, որովհետեւ լեզու գիտենք, ինչ էլ լինի, մի տեղ կընդունվենք գործի։

Իսկ եթե մենք բոլորս թույլ լինենք, մենք բոլորս խոցելի լինենք, վիրավորվող լինենք (իրականում հենց այդպես էլ կա), այլ կլինի, բայց հակառակն է․․․ Այնպես է, որ  Դավոս պիտի թռնենք լավ օդանավով, իննից վեցը անմարդկային պայմաններում պիտի աշխատենք, հետո երկու ժամ գնանք սպորտի, որ ուղղենք ծռված ողնաշարը։ Մեզ հավատացրել են, որ դա է ճիշտը։

Սա Արեւմուտքի պարտադրած սիստեմն է, «գեղեցկությունը», «ուժեղությունը»։ Երբ օրվա վերջում ուժասպառ ես այնքան, որ չես կարող կինո նայել, զրուցել ընկերներիդ հետ․․․ Մարդուն բնորոշ հնարավորությունները ջնջում են։ Հիմա ամեն մեկն այդ աշխատանքի, սպորտի ու հոգնածության մեջ չի կարող մտածել ապագայի, քաղաքականության, թեկուզ թանկացումների մասին։ Մեր փոխարեն ամեն օր որոշվումներ կայացվում են․ այսօր «ծխելուն դեմ չենք», վաղը օրենք է դուրս գալիս, որ «վե՛րջ, էլ չենք ծխում»։

Այսպես ասած՝ կապիտալը, ուժեղը (Արեւմուտքը) ինչ ուզում, անում է։ Իսկ մենք էլ ենք, չէ՞, ուզում «ուժեղ» լինել, մրցել։

Փոփոխություններին շատ արագ ենք ենթարկվում, «կիրառ(վ)ում» ենք։ Ես հիմա շատ հարցերում «իներտ» եմ, որովհետեւ արհեստականությունն զգում եմ, կարծիք ունեմ, բայց չեմ արտահայտվում, որովհետեւ արտահայտվելն արդեն ակտ չի։

Իրենք «հաղթել» են, արդեն կայացել են, դրա համար ռեալ մարմնական գործողությունը մղվել է հետին պլան։ Սիստեմն այնքան ուժեղ է, որ տակի մարդիկ ուղղակի անզոր են։ Ու դա ամենուր է։ Ամերիկայում էլ։  Գուցե խոսում են, բողոքում են, բայց ռեալ ակտ տեղի չի ունենում։

Այստեղ տեղի ունեցող քաղաքացիական, քաղաքական, մշակութային ակտերը որքանո՞վ են նպատակային։ Որքանո՞վ են իրենց ազդեցությունն ունենում։

Եթե քո ակտն իրոք ուժեղ ու կարեւոր է, իրենք քեզ վերացնում են․․․ Շատ արագ։ Այսինքն, եթե դու դեռ գործում ես, ուրեմն «թույլ են տալիս»։ Իսկ եթե ռեալ ինչ-որ բան է տեղի ունենում, եթե իսկապես քեզնից վտանգ  ես ներկայացնում, այդ ժամանակ քեզ կզրոյացնեն։

Միայն Հայաստանի մասին չի խոսքս։ Ամեն ինչ ամեն տեղ այնքան սիստեմավորված է, որ մտքի, ակտի ճգնաժամը համընդհանուր է։ Տխուր է շատ։ Եվ ստացվեց տխուր շաբաթ օրվա առավոտ․․․

Նանոր, քո եւ Հայաստանի հարաբերությունները։

Տարբեր ժամանակներում տարբեր դրսեւորումներ է ունեցել․ փոքր տարիքից սկսած ինձ համար ակտուալ թեմա է, որովհետեւ ես վերադարձած եմ այստեղ․ այսինքն ծնվել եմ Իրանում, գիտեի, որ հայ եմ։ Կյանքիս տարբեր փուլերում իր հետ առնչվել եմ, ու ինձ համար հարց է եղել՝ ինչու եմ ես այստեղ․ հնարավոր է՝ այստեղ չլինեի։

Հիմա կարող եմ ասել՝ մի տեղ է, որը լեզու է կրում, եւ, որն էլ իմ արտհայատչամիջոցն է․ առանց հայերենի չեմ պատկերացնում իմ կյանքը։ Ինքն իմ տեքստն է։

Ուրեմն տեքստի ու քո հարաբերությունը․․․

Երեւի միակ բանն է, որն ինձ ամեն ինչ տալիս է․ այսինքն՝ ես տեքստ եմ կարդում, որ ճանաչեմ, տեքստ եմ կարդում, որ սիրեմ, տեքստ եմ կարդում, որ ոգեւորվեմ, տեքստ եմ կարդում, որ հիանամ, որ հիասթափվեմ։ Իմ առօրյան է նաեւ կապված տեքստին․ օր չկա, որ տեքստ չկարդամ ու օր չկա, որ ինչ-որ տեքստ չվերանայեմ, չվերաբացեմ, ինչ-որ բառի հետ խնդիր չունենամ։

Ուրեմն լեզուն ինձ համար ամենակարեւոր բաներից մեկն է․ ներկայացում է արվում, որովհետեւ թատրոնը լեզու է, եւ գրում եմ, որովհետեւ լեզվի հետ առնչություն ունեմ։

Մինչ միտքը տեքստի կվերածվի արդեն տարբեր հարաբերություններից կրիչներ, ազդակներ, հետեւանքներ ունի։ Այն, տեքստը, որի հետ առչնություն կա, պետք է, որ դժվար ստեղծվի։

Դժվար է, ու անպայման չի, որ ինքը գրի առնվի, անպայման չի, որ հաշտ լինես իր հետ։ Բայց եթե տեքստը կամ ինչ-որ  մի բան կարեւոր է, ոչ թե դրա կառուցումն է կարեւորվում, այլ ընդհակառակը՝ կազմաքանդումը։

Այսինքն, եթե դու աստծուն հավատում ես ու իրեն դնում ես մի տեղ ու վերամբարձ բառերով գովերգում, այդտեղ աստված մահանում է։

Տեքստը կենդանի է, ես սիրում ու կարեւորում եմ իրեն, որովհետեւ անընդհատ կազմաքանդում եմ։ Ուրեմն ինքը այդ առումով հաշտ հարաբերություն չի․ եւ իմ հարաբերությունը հայրենիքի, տեքստի  կամ թատրոնի հետ հենց այդ կարեւորությունն ունի․ ինքն անընդհատ պետք է վերանայվի, ինքը պիտի անընդհատ զրոյից արժեւորվի ինձ համար։ Կուլտ չի, անսխալական երեւույթ չի, ապրող է, իսկ եթե ապրում է, ուրեմն անընդհատ կասկածվում է։

Քո «Վերապատմում» ներկայացման մասին նորից սկսեցի մտածել։ Դեռ այն ժամանակ էլ հարցրեցի քեզ, թե ինչու պատմել անկախության մասին։ Դու համոզված եմ՝ ավելի շատ ինֆորմացիայի էիր տիրապետում, բայց պատմելու հնարավորությունը տվել էիր ուրիշներին։

Թատրոնն իրականում խմբակային աշխատանք է, եւ դու երբեք չես ասում քո խոսքը մինչեւ վերջ։ Ինքը կլինի վատը, թերի, չի լինի քո մտքինը գուցե, որովհետեւ ուրիշների հետ ես համագործակցում, եւ դա նաեւ ուրիշի ստեղծագործությունն է դառնում։

Ինչու՞ այդքան պատմվեց, որովհետեւ իրականում (միգուցե մեծամիտ է հնչում) ինձ թվում է՝ պատմությունը հենց այդպիսի երեւույթ է. երբեք ամբողջական չի պատմվում, կցկտուր է։ Արվեստաբան եւ թարգմանիչ Դավիթ Իսաջանյանը ներկայացումից հետո մոտեցավ, ասեց, որ ձայների սիմֆոնիա էի փորձել ստանալ։ Ինձ համար դա էր․ ինքը տարբեր ձայների խառնուրդ էր․ դրա մեջ ղժժոց կար, աղմուկ կար, կարեւոր չէր հենց պատմությունը՝ որպես ինֆորմացիա ճշտելու հարցը։ Ուզում էի՝ հանդիսատեսը լսի պատմության աղմուկը։

Հանդիսատեսը իր «աղմուկի», «ձայնի» հետ էր համեմատու՞մ, ոչ թե իր ունեցած կամ իմացած պատմության։

Հա, ինքը պատմությունը լսում էր երգի պես, ոչ թե ռեալ դեպքերի հերթականության ճշգրտումն էր անում։

Ինձ ասեցին, որ տարածքը շատ նեղ ու փակ է, իսկ ձայները շատ են․ ես դիտարվորյալ (սկզբում գուցե ինտուիտիվ) ընտրություն էի արել․ մենք ունեինք ուրիշ տարածքներ, բայց դրա վրա կանգ առա, որովհետեւ նախ դժվար էր տարածք գտնել, եւ հետո այդ տարածքը նոր էր սարքված (նոր Հայաստանի ժամանակ), ու պատմության ձայները հենց այդտեղ պիտի լսվեին։

Հայաստանը որպես տեղ ընկալու՞մ ես։ Տարածական զգացողություն կա՞։

Հա, շատ ռեալ։ Եղել է հնարավորություն այլ տեղ ապրելու, մեկնել եմ, բայց ինձ համար ապրելը «տեղային» է։ Դրանից է, որ տարածական կորուստն ինձ համար ցավալի, ցավալի է այն ամենն, ինչ տեղի է ունենում քաղաքական իմաստով։ Տարածական է, որովհետեւ զգում եմ, թե Երեւանում շունչս ոնց է կտրվում, երբ նեղ փողոցում բարձրահարկ է կառուցվում։

Այդպես է նաեւ հիմա, այս բալկոնում։ Զրույցն ինձ համար տարածության մեջ է․ ես հենվել եմ, որովհետեւ հարմար փայտ կա, տրամադրություն է ստեղծվել։ Այդպես ես տարածքի մեջ կայանում եմ։ Այդ առումով Հայաստանն ինձ համար հենց տարածք է, որին կապված եմ։

Տարիներ առաջ փաբերից մեկում առաջին անգամ քեզ տեսա՝ երկար մազերով, տարբեր, «ընդհատակյա» աղջիկ էիր ինձ համար։ Համամատությունների տեղ տալի՞ս են այդ տարիները, արագությունն զգու՞մ ես, շա՞տ բան է անցել։

Երեւույթները փոխվել են, ստատուսները փոխվել են, միջավայրեր փոխվել են, բայց նույն  միտքն է մնացել․․․ Հասկանու՞մ ես՝ ոնց որ նույն մտքի ձայնի մեջ ես խոսում անընդհատ։

Մարդը, որ քո ուղեղում խոսում է, ուղղորդում է, ինքը նույն ձայնն է։ Մի քանի տարի առաջ ինձ անճանաչելի մի վայրում էի գտնվում, ինձ հետ տեղի էին ունենում երեւույթներ, որոնք, իմ կարծիքով, ինձնից շատ հեռու պիտի լինեին։ Հստակ եմ հիշում, որ ուղեղումս նույն ձայնն էր, ինչ որ հիմա է, ինչ-որ եղել է դպրոցում։ Ուրեմն ոչ մի բան չի փոխվել, ուրեմն հենց նույն մարդն է եղել այնտեղ, հենց նույն մարդն է հիմա։ Ես նույն հարցեր տվող ձայնն եմ լսում․ այսինքն ինքը լուծումներ չի գտել, ինքը խորամանկ չի դարձել, իմաստուն չի։

Քո գործողությունը, որը ներկայացումն է, տեքստն էայն, ինչ երեւում է հանրությանը, հանդիսատեսին, էքսպերիմե՞նտ ես համարում։

Հենց կազմաքանդումն է, որ քիչ առաջ ասացի։ Տե՛ս՝ թատրոնը վատ վիճակում է գտնվում, որովհետեւ ինքը կա որպես ֆորմա, իսկ թատրոնը չունի ֆորմա, ու ամեն անգամ, երբ դու ֆորմայի ես հանդիպում, խնդիրը դառնում է դա կազմաքանդելը, հասկանու՞մ ես։

Ի՞նչ է դերասանն այդտեղ, ի՞նչ է տեքստն այդտեղ, ո՞րն է հանդիսատեսի դերն այդտեղ, այնպես չի, որ դերաբաշխված է ամեն ինչ։ Ամեն անգամ իրեն նորովի ես մոտենում, ինքը էքսպերիմենտ չի, նոր ձեւ է, նոր ձեւ էլ չի, նոր ներկայացում է, նոր ասելիք․․․ Նոր ասելիք էլ չի․․․  (Ինչու՞ եմ հրաժարվում այս բառերից, որովհետեւ հիմա դրանք օգտագործվում են ուրիշ ֆորմայի, ուրիշ ասելիք մեջ, ուրիշ իմաստով ու ինձ խրտնեցնում են)։

Երբ բառն արդեն ունի քարացած ֆորմա, այդ բառով դրսեւորված երեւույթն արդեն կոնկրետ է, ինչպես հենց թատրոնը, դերասանը, ապա այդ նույն բառի կիրառելիությունը նոր ֆորմայի, նոր տարածության, նոր ընկալման համար ինչպե՞ս է «պատահում»։

Առաջին ներկայացումը «Բռնաբարությունն» էր (3 էջանոց տեքստ), որը մոնոլոգ է, բայց հինգ տարբեր կին կրկնում էին նույն տեքստը։ Իրենք պրոֆեսիոնալներ չէին, բայց այդտեղ արդեն «դերասան» էին, որովհետեւ խաղում էին բեմում․ իրենք ուրիշ ներկայություն ունեին, որովհետեւ իրավիճակային դրության մեջ էին ու պիտի ասեին տեքստը։

«Վերապատման» մեջ Անի Հովհաննիսյանն ինձ համար դերասան էր, հասկանու՞մ ես։ Հիմա «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացման մեջ պրոֆեսիոնալներ են ընդգրկված, բայց իրենք «դերասան» չեն դասական առումով, ովքեր կկիրառեն տեխնիկա, ձայնն ավելի լսելի կդարձնեն, հանդիսատեսին կգրավեն․․․ Իրենք պիտի ինչ-որ մի տեղ լինեն, ու ասեն այդ տեքստը, ու իրավիճակն էլ պիտի պիտի ծնվի հենց այդ ժամանակ։

Այսինքն ամեն ներկայացում իրավիճակայի՞ն է։

Այո, տարբեր է լինում հենց  դերասանը, լուսավորությունը, երաժշտության մուտքը։ Հիմա խնդիրն այստեղ հաջողված լինելու, չլինելու մեջ չի․ ինձ համար անկարեւոր բան է։ Անկարեւոր է նաեւ այն, թե հանդիսատեսը սիրեց  ներկայացումը, չսիրեց․․․

Երբ ինքս գնում եմ մի բան նայելու, չեմ գնում այն մտայնությամբ՝ կհավանեմ, թե չէ։ Ուզում եմ գնալ, տեսնել՝ մարդն ուր է իր մտքով, իր հոգեկան աշխարհով, ինչքան է ինքն իր հետ խոսել։ Ու կարիք չունեմ իր հետ կապ ստեղծելու․ պիտի նայեմ ու այդ ժամանակ միայն զգամ՝ ինքն ինչ արեց։

Կատարողական արվեստում առաջին պլանում այս հարցը չի դրված։ Նույնը գրականության մեջ․եթե նայենք հեղինակների այն գործերը, որոնք ընդունել են մեր դպրոցական դասագրքերում, ապա կտեսնենք, որ դրանք այն գործերն են, որոնք կապ ունեն դրսի հետ, որոնք սիրել են տալիս այդ գրողին, այնինչ նրանք շատ ավելի հետաքրքիր գործեր ունեն․․․ Տերյանը, Էմինը, մնացած բոլորն այնպես են ներկայացված, որ անսխալական երեւան։

Նանոր, դեռ մտածում եմ ճգնաժամի մասին, որ զրույցի սկզբում ակնարկեցիր, ու ուզում եմ հարցնել՝ ճգնաժամի մեջ գործողությունն ինչպիսի՞ն պիտի լինիհատկապես, երբ ասում ես, որ ամենուր է, ամեն մեկին սպառնացող։

Բառ պետք է ասեմ, որը շատ է արժեզրկված, բայց ես հավատում եմ սկզբունքին, սեփական բարոյականությանը։ Այսօր բարոյականությունը «որոշում» է մեդիան, ոչ թե դու։ Իսկ իրականում քո ներքին բարոյականությունն ու ներքին սկզբունքն է, որ հենվելու տեղ է տալիս։ Ի նկատի ունեմ՝ այն, ինչ անում ես, եթե աշխարհի ամենակարեւոր բանը լինի, այդ ժամանակ ռեալ փոփոխություն կզգանք։

Ես գիտեմ, որ պետությանը ֆիզիկապես պետք չեմ, որովհետեւ ես ունեմ հնարավորություններ շատ բան անելու, բայց ինքն ինձ չի «օգտագործում», իսկ ես բաց եմ։

Մեծամիտ է հնչում գուցե կամ ծիծաղելի, բայց իմ կարծիքով արածս յուրաքանչյուր գործ, որին հավատում եմ, որն անում եմ իմ բարոյական սկզբունքներից ելնելով, մի կաթիլ փոփոխոություն է բերում։

Իմ սզբունքներին հավատարիմ, իմ քաղաքական տեսակին, արտաքին տեսքին հավատարիմ գործողությունն է, որ ես անում եմ ու ասում, որ անում եմ։ Չգիտեմ՝ կարողացա բացատրել, թե չէ, բայց հենց սա է, որ ինձ հանում է ճգնաժամից։

Ես կխոսեմ սեքսի մասին, եթե պետք լինի, վուլգար բառերով կնկարագրեմ ու այդպես կասեմ՝ ես սա եմ ու վերջ։ Անընդհատ որպես մանիֆեստ քո սկզբունքներին ու հավատքին պիտի չդավաճանես։

Որպեսզի չլինես սիստեմի մե՞ջ։

Որպեսզի չլինես ճգնաժամի մեջ։

Ի՞նչ է դեմոկրատիան, ի՞նչ է սոցիալիզմը, ի՞նչ է մարդկային հավասարությունը, ի՞նչ է նախանձը, բարությունը, ընկերություն անելը, կատու սիրելը․․․Դրանք ակտեր են, որոնք քո ձեւով են ասվում եւ արվում։ Հավատում եմ դրան։ Գործ եմ անում, որովհետեւ հավատացած եմ, որ ավեստով եմ զբաղված, որ ճգնաժամից եմ դուրս գալիս։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter