HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Նորատուսցի Ալիկի» և մյուսների գործով կարևորագույն իրեղեն ապացույցների գտնվելու վայրը հայտնի չէ

«Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի և մյուսների վերաբերյալ քրեական  գործով ապացույցների գտնվելու վայրը հայտնի չէ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նշանակված էր Բանդուրյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական նիստ, որի ընթացքում նախատեսվում էր հետազոտել գործում առկա իրեղեն ապացույցները:

Դրանց մեջ պետք է լինեին հրազեն, պարկուճներ, դանակ, հեռախոսներ, լազերային սկավառակներ, որոնք պարունակում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ, սակայն դատարանում առկա ապացույցների մեջ միայն հագուստ էր:

Իրեղեն ապացույցների հետազոտման ընթացքում յուրաքանչյուր պոլիէթիլենային տոպրակի բացվելու հետ դատավոր Նելլի Բաղդասարյանը հարցնում էր, թե արդյոք դրանում առկա չե՞ն լազերային կրիչներ, և մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը նշեց, որ լազերային սկավառակները առանձին մեկ փաթեթում են պահվել:

«Ո՞ր փաթեթում, խնդրեմ, հարգելի՛ Գևորգյան, հայտնեք դատարանին, բացենք այդ փաթեթը»,- հակադարձեց դատավոր Նելլի Բաղդասարյանը:

Իսկ այդ փաթեթն այդպես էլ չբացվեց: Երբ դատարանի դահլիճ բերված բոլոր ապացույցները հետազոտվեցին, պարզվեց, որ դրանցում հրազեն, պարկուճներ, դանակ, հեռախոսներ և լազերային կրիչներ չկան:

Դատարանն արձանագրեց, որ գործի նյութերի լուսանկարչական հավելվածներում կրիչների լուսանկարները կան, իսկ ուղեկցական գրություններում արձանագրված է. որ դրանք մեկ փաթեթով են ուղարկվել դատարան:

«Այս պահին հայտարարվում է ընդմիջում, փորձենք հայտնաբերել մյուս իրեղեն ապացույցները և դրանք ևս զննության ենթարկել»,- ասաց դատավոր Նելլի Բաղդասարյանն ու տասը րոպեով ընդմիջեց դատական նիստը:

Դատական նիստը, սակայն, տասը րոպեից չսկսվեց: Երեսուն րոպեից ավելի տևած ընդմիջումից հետո վերսկսելով նիստը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ  մյուս իրերի զննությանը կանդրադառնա հաջորդ դատական նիստին՝ միաժամանակ խնդրելով մեղադրողներին պարզել, թե արդյոք մյուս իրեղեն ապացույցներն ուղարկվե՞լ են դատարան: Թեև ժամը 15:20 էր, դատավորը հայտարարեց, որ ժամը 15:00-ին այլ դատական նիստ ունի նշանակված, և սա ևս որպես հիմնավորում ներկայացրեց՝ դատական նիստը ավարտելու համար:

Նշենք, որ այս գործով  նախորդ դատական նիստի ավարտին դատավորը հայտնել էր, որ 14:00-ից հետո նշանակված դատական նիստ ունի, և կողմերի հետ համաձայնության է եկել նիստն ընդմիջելու, նախապես նշանակված դատական նիստն «ինչ-որ կերպ հետաձգելու», ապա «Նորատուսցի Ալիկի» և մյուսների վերաբերյալ նիստը  շարունակելու մասին, և եթե իրեղեն ապացույցների հետ կապված որևէ խնդիր չլիներ, ապա ենթադրվում է, որ դատական նիստը կշարունակվեր պայմանավորվածության համաձայն:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ըստ մեղադրանքի՝ նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցկության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը: Վերջինս, փաստորեն, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը: Ապա, ըստ մեղադրանքի, այդ ժամանակ Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել, և այդ դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Մուշեղյանի հետ վիճաբանող անձինք նրան մի շարք մարմնական վնասվածքներ են պատճառել՝ ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ նրան զրկելով կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը: Ինչ վերաբերում է Արմեն Գասպարյանին, ապա վերջինս մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալու և իրավասու մարմիններին չհայտնելու մեջ:

Մեկնաբանություններ (1)

Qezinchova
Որքա՞ն են փորձելու անմեղին մեղավոր ճանաչել,իսկ մեղավորներին անմեղ։ Ովքե՞ր եք դուք։ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանին ի՞նչ հիմքով եք ազատազրկել: Իսկ սիրելի « Հետք.էյէմ » և մնացաց լրատվամիջոցներ , եթե որևե մեկը փորձի վարքաբեկել կամ հիմար-հիմար դուրս տալ Ալիկի մասին , ուրեմն դուք աշխարհի ամենափակ և ամենատականք մարդն եք: Հանգիստ թողեք այդ մարդուն... և միայն արդարության ետևից վազեք ու ոչ թե ստորների,նախանձների,ստի և սատանու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter