HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդարանական, թե միապետ-վարչապետական մոդել

Նորանկախ Հայաստանը գոյության 26 տարիներին ունեցել է նախագահական, այնուհետև՝ կիսանախագահական կառավարման համակարգեր։ Շուտով նոր Սահմանադրությամբ կգործարկվի կառավարման երրորդ՝ խորհրդարանական մոդելը։ Արդյոք օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը կգործի՞ մեր պետության կառավարման խորհրդարանական համակարգում։ Արդյոք գործե՞լ է նախագահական ու կիսանախագահական համակարգերի ժամանակ։ Այս հարցերն էին այսօր քննարկվում «Իշխանության ճյուղերի տարանջատումը խորհրդարանական համակարգում» թեմայի շրջանակներում՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կողմից ստեղծված «Արդարադատություն» խումբի նախաձեռնությամբ։

Թեպետ քննարկմանը հրավիրվել էին պետական շահագրգիռ օղակների պաշտոնյաներ, այդուհանդերձ, նրանք ներկա չէին։ Փոխարենը ներկա էին քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Ավետիք Իշխանյան․ «Ունենում ենք միապետ-վարչապետի ինստիտուտ»

Դեռևս 1789թ․-ին Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրով սահմանվել է․ «Յուրաքանչյուր հասարակություն, որտեղ ապահովված չէ իրավունքների երաշխավորումը և հաստատված չէ իշխանությունների բաժանումը, ընդհանրապես չունի Սահմանադրություն»։

Ի դեպ, 250 տարեկան հռչակագրի այս դրույթը տեղ է գտել սահմանադրական վերջին փոփոխությունների բնաբանում։ Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ սրանով, ինչպես նաև հայեցակարգի այլ դրույթներով, հեղինակները հիմնավորում են՝ Հայաստանում 1995թ.-ին, ուստի և առ այսօր չկա իշխանությունների տարանջատում, ուստի և չկա սահմանադրություն, այլ գործում է միապետի կամքը:

«Այսուհետ մենք ունենում ենք ոչ այնքան կուսակցական կառավարում, որքան միապետ նախագահի փոխարեն, ունենում ենք միապետ-վարչապետի ինստիտուտ․․․ հավատացնում եմ եվրոպական որևէ պետություն այսպիսի, ես կասեի՝ խեղաթյուրված պառլամենտական համակարգ չունի»,- նշեց իրավապաշտպանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը կարևորեց դատավորների անկախության հարցը՝ տեղեկացնելով, որ խմբի առաջարկությունների մի մասը, ճիշտ է, ընդունվել է, սակայն չեն ընդունվել այն առաջարկները, որոնք վերաբերում են դատավորների անխախությանը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը խոսեց կառավարության նիստերի դռնփակ անցկացնելու նոր կարգի մասին՝ համարելով դա հետընթաց․ «Կառավարության իրավաստեղծ գործընթացը գնում է ոչ հանրային ճանապարհով։ Ոմանց համար շատ սկզբունքային է, որ այդ նիստերը անցկացվեն դռնփակ»։

Իրավախորհրդատուն նշեց, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկում չի անցել։ Բայց թե ինչու է անհրաժեշտ ամրագրել դռնփակ նիստեր, տիկին Տիգրանյանի խոսքով, հիմնավորումներ չկան։

Փաստաբան Կարեն Թումանյանը անդրադարձավ փաստաբաններին տուգանելու մասին փոփոխություններին․ «Մեր իշխանությունները երբ զգում են փաստաբանի կարիք, նոր են հասկանում, որ փաստաբաններին չի կարելլի նեղացնել, ինչպես բժիշկներին»։

«Ազգ-բանակ-եկեղեցի բերմուդյան եռանկյունուց դուրս մտքերը ընկալվում են այլակարծություն»

«Ասպարեզ» մամուլի կենտրոնի նախագահ Լևոն Բարսեղյանը նկատեց, որ «չորրորդ իշխանություն» ունենալը մեր երկրում մնաց որպես երազանք․

«Երևի իշխանությունը մեզ ծաղրում է՝ այդպես կոչելով։ Իրականում մեր ձեռքին չկա իշխանություն, այլապես հարյուրավոր պաշտոնյաներ պիտի պաշտոնանկ արվեին։ Մարդու իրավունքների դաշտում մեզ լուրջ պատերազմ է սպասվում»։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ 2015 և 2016 թվականներին լրագրողների նկատմամբ հարձակումների աննախադեպ ծավալ է եղել։ Նշեց, որ փորձել են հաշվել, թե Քրեական օրենսգրքի 164 հոդվածով քանի անձ պիտի դատապարտվեր․

«Հաշվեցինք, որ մի ութսուն հոգի, այդ թվում՝ բարձրաստիճան ոստիկաններ, բայց ընդամենը տուգանքներով են պրծել»։

Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ բազմակարծության նկատմամբ ատելության մթնոլորտ կա։ Ունենք ուղիղ սպառնալիքներ իրավապաշտպանների, լրագրողների նկատմամբ, իսկ ամենաթարմ օրինակը «Մեդիալաբի» խմբագրի դեմ սպառնալիքն է։

Ավելին, ըստ Լևոն Բարսեղյանի՝ այլակարծությունն է սկսում արմատավորել։ Ազգ-բանակ-եկեղեցի բերմուդյան եռանկյունուց դուրս մտքերը, Բարսեղյանի խոսքով, ընկալվում են այլակարծություն։

«Նույն ողբերգությունից է հեռուստաոլորտը։ Այս հեռարձակողները իշխանություններին քննադատական, քննողական որևէ բան չպետք է հրապարակեն»։  

Որպես սահմանափակման մեր ապագայի հաջորդ գործիք Լևոն Բարսեղյանն առանձնացրեց ահաբեկչության արդարացման քրեականացման մասին կառավարության նախագիծը։

«Ենթադրենք, ես ասում եմ՝ կհանդիպենք դրախտում, պարո՛ն վարչապետ։ Հիմա կարող է ինձ ասեն՝ ահաբեկչություն եմ արդարացնում։ Ավելին, եթե ասեմ՝ կհանդիպենք դժոխքում»։

Եթե այդ փոփոխությունը ահաբեկչության արդարացման վերաբերյալ ընդունվի, ըստ Ավետիք Իշխանյանի, Դրոյի ու Թեհլերյանի արձանները պիտի հանել, նրանց գովերգող երգերը չերգել։

Որտեղ են լուծումները

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով ստեղծված իրավիճակից ելքերի մասին, նշեց․

«Մենք ահազանգում ենք, մենք մատնաշում ենք, բովանդակային օրակարգի հարցերն ենք առաջարկում, որոշում ընդունողը կամ պետք է լսեն կամ անտարբերության մատնեն»։  

Ավետիք Իշխանյանը իշխանությունների քաղաքական կամքին չի հավատում, «եթե քաղաքական կամք ունենան, ապա պիտի հեռանան»։ Նրա տպավորությունն այնպիսին է, որ հասարակությունը հարմարվում է, իսկ «փոփոխությունները հասարակական կյանքում մի քիչ խենթությամբ պիտի լինեն»։

Ամեն դեպքում Արթուր Սաքունցը համոզված է, որ լուծումը պիտի լինի ներսից, քանի որ ներսից ենք փչացած, ինչպես հարյուր տարի առաջ ասել է Հովհաննես Թումանյանը։ Այլապես, ըստ Սաքունցի, կունենանք արդարադատության զրո մակարդակ, պերմանենտ քաղբանտարկյալներ, արտագաղթ, հուսահատություն։  

«Մենք ՀԿ-ների ներկայացուցիչներ ենք, առանց մեզ, թե մեզ հետ նրանք անելու են օրենսդրական փոփոխություններ։ Մենք լուծումներ չենք առաջարկում, այլ՝ օրենսդրական փոփոխություններ»,-նկատեց Հերիքնազ Տիգրանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter