
Սիրիայում ՌԴ և ԱՊՀ երկրների մի քանի տասնյակ քաղաքացիներ են վիրավորվել. Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է վերջին օրերում ռուսական և միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց՝ Սիրիայում կան Ռուսաստանի և ԱՊՀ երկրների վիրավորված մի քանի տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև զոհեր: Այնուամենայնիվ, Ռուսաստանի ԱԳՆ-ն չի հաստակեցնում զոհվածների և վիրավորվածների թիվը:
«Վերջերս Սիրիայում տեղի ունեցած ռազմական բախումների ընթացքում, որին ոչ մի կերպ չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության զինծառայողներ և չեն կիրառվել հաստիքային տեխնիկական միջոցներ, կան Ռուսաստանի և ԱՊՀ երկրների զոհված քաղաքացիներ, կան նաև մի քանի տասնյակ վիրավորներ: Ռուսաստան վերադառնալու համար նրանց աջակցություն է ցուցաբերվել, և ինչպես մեզ հայտնի է, նրանք բուժման կուրսեր են անցնում տարբեր բուժհաստատություններում»,- ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Սիրիայում կան Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր իրենց կամքով են հայտնվել այնտեղ՝ տարբեր նպատակներով: ՌԴ ԱԳՆ-ի իրավասությունը չէ «գնահատել այդ մարդկանց որոշումների օրինականությունը», նշվում է հաղորդագրությունում:
Ռուսաստանի և ԱՊՀ քաղաքացիների զոհման և վիրավորման հավանական պատճառը փետրվարի 7-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից հասցված հարվածներն են: Ըստ ամերիկյան կողմի՝ կոալիցիան հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբների վրա հարձակվել փորձող խմբին:
Ռուսական կողմն այլ տեսակետ ունի: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ սիրիացի ապստամբների վրա ոչ ոք չի փորձել հարձակվել, իսկ հարվածնեը իր վրա կրած խումբը գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
լուսանկարը՝ AFP / Stringer
Մեկնաբանել