
Ջրառատի ավագանու մերձավորներին հատկացված օգնությունը վերադարձվել է համայնքային բյուջե
Փետրվարի 12-ին «Ջրառատում ավագանին ընտանիքի անդամներին «նվեր» է մատուցել» վերնագրով հոդված էինք հրապարակել, որտեղ անդրադարձել էինք Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ավագանու կողմից օրենքի խախտմամբ ընդունված որոշմանը: Հրապարակումից հետո համայնքային բյուջեից ավագանու անդամների մերձավորներին հատկացված գումարը վերադարձվել է համայնքային բյուջե:
Ավագանու անդամներ Միհրան Բաբուջյանը, Վաղարշակ Սիմոնյանը և Հովհաննես Խաչատրյանը խախտել էին Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը և մասնակցել իրենց մերձավորի օգտին կայացվող որոշման քվեարկությանը և կողմ արտահայտվել: Որպես սոցիալական օգնություն` ավագանին որոշել էր մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ վերը նշված ավագանու անդամների մերձավորներին հատկացնել 70 000-ական դրամ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հոդվածի հրապարակումից հետո հանձնարարել է Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանին, ով ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի քրոջ որդին է, վերացնել օրենքի խախտումը:
«Մեր սխալմունքն է եղել, որ թույլ ենք տվել ավագանու անդամները ստորագրեն իրենց մերձավորներին հատկացված օգնությունների տակ: Մենք չպետք է թույլ տայինք, որ նրանք քվեարկեին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը:
Համայնքապետի խոսքերով՝ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Մարինե Առաքելյանն է անձամբ գումարները հավաքագրել և հետ վճարել համայնքային բյուջե:
Հոդվածում նաև գրել էինք, որ օգնություն ստացած մի քանի քաղաքացիներ Ջրառատ համայնքի հաշվառում չունեն:
Սամվել Գալստյանը պարզաբանեց, որ այդ ամենը նույնպես իրենց բացթողման հետևանքն է: Համայնքապետը դրա վերաբերյալ տեղեկանք է վերցրել անձնագրային բաժանմունքից և ներկայացրել մարզպետարան: Պարզվել է, որ ավագանու որոշման մեջ քաղաքացիների անունները ճիշտ գրված չեն:
«Այնտեղ անուններ կան, որ ավագանու որոշման մեջ սխալ է գրված: Օրինակ, կա մարդ, որի անունը Հովհաննես է գրվել, բայց նրա անձնագրային անունը Հովակիմ է: Որ օգնություն ստանալու դիմումը այդ անունով են գրել, հենց այդ անունն էլ գրել են որոշման մեջ»,- նշեց Սամվել Գալստյանը:
Ջրառատի լուսանկարը՝ ԱԼՏ հեռուստաընկերության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել