HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղի գետի 48 տոկոսը հայտնվելու է խողովակների մեջ

Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Գեղի գետի վրա փոքր հէկ կառուցելու հայտին:

2012-ին հիմնադրված «Տելիա Մայնինգ» ընկերության սեփականատերը մինչև 2015 թ. Միսակ Հովսեփյանն էր՝ նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, 2015-2016 թթ. ՍՊԸ-ի սեփականատերը երևանցի Գևորգ Խաչատրյանն էր, ում փոխարիել է Բալահովիտ գյուղի բնակիչ Հակոբ Թադևոսյանը: Նշված անձինք միաժամանակ եղել են նաև ՍՊԸ-ի տնօրենները: 2016-ին ընկերության հասցեն Դավթաշենից տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա:

«Տելիա Մայնինգի» կողմից կառուցվող «Աստղաբերդ» փոքր հէկը գտնվելու է Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ և Գեղի բնակավայրերի տարածքում (վերջիններս ներկայում Քաջարան խոշորացված համայնքի մաս են կազմում): Փհէկի գլխամասը գտնվելու է Նոր Աստղաբերդի տարածքում: Այստեղ նախորդ ամռանը կատարվել էին հողահարթեցման աշխատանքներ, ինչին անդրադարձել էինք: Ընդ որում՝ այդ ժամանակ «Տելիա Մայնինգը» դեռ չէր ստացել ճարտարապետահատակագծային նախագիծ համայնքի ղեկավար Սուրիկ Թևանյանի կողմից: Թևանյանը մեզ հետ զրույցում դա բացատրել էր այսպես. «Թղթերը բերել են, ջրահավաքման կայանի նախագծային առաջադրանքը գրում եմ հիմա, հարթեցման աշխատանք էին կատարել, հիմա արդեն ՃՀ առաջադրանքը կտամ»:

Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն՝ կառուցապատողը նախ պետք է դիմի տվյալ համայնքի ղեկավարին՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար, որից հետո նախագծող ընկերության միջոցով կատարվում է նախագծում, կատարվում են անհրաժեշտ փորձաքննությունները պատկան մարմինների կողմից, ինչից հետո կրկին դիմում է ներկայացվում համայնքի ղեկավարին՝ շինարարության թույլտվություն ստանալու համար: Շինարարությունից հետո կազմվում է ավարտական ակտ ու տրվում շահագործման թույլտվություն:

Ս. Թևանյանը խախտում չէր համարել այն, որ հողահարթեցման աշխատանքները կատարվել են մինչև ՃՀ առաջադրանքի տրամադրումը: Իսկ Գեղի համայնքի ղեկավար Վասիլ Գրիգորյանն օգոստոսին հայտնել էր, որ մի քանի ամիս առաջ են տվել շինթույլտվությունը:

Այսօր Թևանյանն ու Գրիգորյանը Նոր Աստղաբերդի և Գեղիի վարչական ներկայացուցիչներն են: Նրանք մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին, որ «Աստղաբերդ» փհէկի շինաշխատանքները մոտենում են ավարտին: Սուրիկ Թևանյանն ասաց, որ ջրահավաքման կայանի շինարարությունը շուտով կավարտվի, Վասիլ Գրիգորյանն էլ նշեց, որ, հավանաբար, մարտի կեսերից փհէկը կշահագործվի:

Գեղի գետը Ողջիի վտակներից է, սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայից, մոտ 30 կմ երկարություն ունի: Փհէկի համար օգտագործվելու է 1,7 մ տրամաչափի պողպատե խողովակաշար մոտ 5200 մետր երկարությամբ, այսինքն՝ Գեղի գետի ավելի քան 1/6-ը մտնելու է «Տելիա Մայնինգի» խողովակաշարի մեջ: Վերջինս անցնելու է Նոր Աստղաբերդ և Գեղի համայնքների տարածքներով՝ հիմնականում գոյություն ունեցող ավտոճանապարհին զուգահեռ: Փհէկի շենքը լինելու է գետի աջ ափին՝ Գեղի բնակավայրում: Կառույցը տարեկան արտադրելու է 24 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

Փորձաքննությունն իրականացրած ՊՈԱԿ-ի համաձայն՝ «Աստղաբերդ» փհէկի շինարարությունը և շահագործումը շրջակա միջավայրի վրա կունենան թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն: Որոշակի ազդեցություններ կլինեն հողի, ջրի, բուսական և կենդանական աշխարհի, իսկ շինարարության ընթացքում՝ նաև օդի վրա:

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս ակնկալվում է, որ ժամանակավոր շինությունները կտեղադրվեն բուսածածկից զուրկ վայրերում՝ հողի մակերեսից բարձր: Այսպիսի լանդշաֆտներում կառույցներ իրականացնելիս բացասական ազդեցությունը մեղմացնելու նպատակով, ըստ նորմերի, պահանջվում է կանաչապատել և բարեկարգել տարածքները: Բացի դրանից՝ փհէկի շենքի կառուցումն ավարտելուց հետո պահանջվում է հարթեցնել տարածքը, այն ցանկապատել, տնկել ծառեր, թփեր, խոտ ցանել:

Բացասական ազդեցությունը մեղմացնելու և բուսածածկը վերականգնելու նպատակով պետք է կատարվի ծառատունկ, տնկարկները պիտի լինեն փհէկի շենքի տարածքում: Նշվում է նաև, որ ծառատունկից հետո պատվիրատուն պարտավոր է ապահովել տնկարկների խնամքը հետագա 4 տարիներին:

Շրջակա միջավայրի պահպանման և ձկնապաշտպան կառույցների իրականացման համար նախատեսված է հատկացնել 4.550.000 դրամ:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը դեռևս նախորդ տարի մեզ հետ զրույցում նշել էր, որ Հայաստանում գրեթե բոլոր հէկերը չեն ապահովում գետերի էկոլոգիական թողքը: Նրա հիմնական մտահոգությունն այն է, որ եթե լուրջ ներդրումներ են կատարվել, ենթադրելի է, որ կարճ ժամկետում սեփականատերը փորձելու է ապահովել ներդրած գումարի վերադարձը. այս պարագայում բնապահպանական թողքը հայտնվելու է ռիսկի տակ, քանի որ պետական վերահսկողությունն էլ բավարար չափով չի իրականացվում:

Գետի 30 կմ երկարությունից 6,5 կմ-ն իր խողովակների մեջ է անցկացրել «Տասման» ՍՊԸ-ի «Գեղի-1» փհէկը, «Էրէմիրէներժի» ՍՊԸ-ի «Գեղի-2» փհէկի խողովակաշարն էլ 2,6 կմ է: Ստացվում է, որ նշվածներն ու «Աստղաբերդը» կլանելու են գետի 14,3 կմ հատվածի ջրերը, այսինքն՝ Գեղիի 48 տոկոսն անցնելու է խողովակներով:

Լուսանկարները՝ Արմեն Փարսադանյանի