
Ռոստովում Հայաստանից տեղափոխված կենդանիներ են հայտնաբերվել
Ռուսաստանի Ռոստովի մարզում օրեր առաջ հայտնաբերվել են «Ֆորդ» միկրոավտոբուսով տեղափոխվող 33 կապիկներ և 8 կոատիներ (երկայնառունգ), որոնց Ռուսաստան են տեղափոխել Հայաստանից: Այս դեպքը, ինչպես նշել է ռոստովյան 1rnd.ru լրատվամիջոցի՝ գործով զբաղվող անանուն աղբյուրը, բժշկական նպատակներով կատարվող մաքսանենգության ապացույց է:
Տեղափոխվող կենդանիները նախատեսված են եղել ՌԴ Պոլիոմելիտի և վիրուսային էնցեֆալիտի Չումակովի անվան պետական հետազոտական ինստիտուտում իմունակենսաբանական պատրաստուկների որակը վերահսկելու փորձարկումների համար: Ինստիտուտը պատվաստանյութեր է արտադրում, որոնք վաճառում է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս: Լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ իրենք փորձում են ապացուցել, որ վերջին երկու տարիներին պոլիոմելիտի պատվաստանյութի փաստաթղթերը կեղծվում են, և պատվաստանյութը չի ստուգվում:
Հիշեցնենք, որ նշված ինստիտուտը, պատրաստուկների որակը վերահսկելու փորձարկումների համար, 2015թ-ի ապրիլին լաբորատոր կենդանիներ գնելու բաց մրցույթ էր հայտարարել: Փորձարկումների համար պահանջվում էին 189 կապիկներ, որոնց համար վճարվելու էր մոտ 81 մլն ռուբլի (մոտ 729 մլն դրամ՝ նշված ամսվա փոխարժեքով):
Ավելի ուշ ինստիտուտն արձանագրել էր, որ մրցույթին ներկայացված է եղել միայն մեկ հայտ, որի հետ էլ ինստիտուտը կնքում է պայմանագիրը: Հայտը ներկայացնողը «Խաչատուրյան Էդուարդ Սերգեյի» անհատ ձեռնարկատերն էր, որը, համաձայն մրցույթի պայմանների, կենդանիները պետք է մատակարարեր ոչ ուշ, քան պայմանագրի կնքումից 200 օր հետո:
Մրցույթում հաղթելու հենց հաջորդ ամսում Հայաստանի բնապահպանության նախարարությունը «Զօօ Ֆաունա Արտ» ընկերությանը Մալիի ծագման 30 գրիվետ կապիկներ վերարտահանելու թույլտվություն էր տվել: Օգոստոսին ընկերությունը ստացել էր ևս 60 կապիկների (այս անգամ՝ Տանզանիայի ծագման վերվետների) վերարտահանման թույլտվություններ: Այս կենդանիներին անվանում են նաև «աֆրիկյան կանաչ կապիկներ»: Բնությունից վերցված այս 90 կենդանիներին «Զօօ Ֆաունա Արտ»-ն ուղարկել էր Էդուարդ Խաչատուրյանին:
![]() |
Ավելին՝ Հայաստանով անցնող (եւ) անհետացող կենդանիները |
1rnd.ru-ն հայտնում է, որ Խաչատուրյանն ինստիտուտին կենդանիների մի քանի խումբ մատակարարել է օրինական ճանապարհով (մոտ 150 կապիկ), սակայն 900-ից ավելին եղել են առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի: Սա նշանակում է, որ կենդանիները կարող են նաև հիվանդությունների կրողներ լինել:
Ռոստովի մարզում երկրի հարավային մաքսատան աշխատակիցների կողմից հայտնաբերված կապիկները տեղավորված են եղել վանդակներում, ամեն խցում՝ մեկ կամ երկու կենդանի: Մեքենայի վարորդը վստահեցրել է, որ կենդանիներին Սոչիի բուծարանից տեղափոխելիս է եղել Մոսկվայի մասնավոր կենդանաբանական այգի, բայց չի ունեցել համապատասխան անասնաբուժական փաստաթղթեր: Նրանց ժամանակավոր պահման են հանձնել Ռոստովի կենդանաբանական այգում, որի աշխատակիցներն էլ կենդանիներին տեղավորելիս գտել են փաստաթղթեր, որոնք վկայում են նրանց՝ Հայաստանից տեղափոխված լինելու մասին:
Քրեական գործ է հարուցվել ինչպես Էդուարդ Խաչատուրյանի, այնպես էլ Չումակովի անվան ինստիտուտի դեմ՝ խոշոր խարդախության մեղադրանքով: Քրեական գործում, որը հրապարակել է լրատվամիջոցը, նշվում է, որ Խաչատուրյանի կողմից ինստիտուտին մատուցած ծառայությունների գինը գերազանցել է նմանատիպ ծառայությունների միջին շուկայական գինը 457 մլն ռուբլիով (մոտ 3.9 մլրդ դրամ):
Հայաստանի բնապահպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը: Նախարարության տեղեկատվության վարչությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որից հետո նախարարությունը կուսումնասիրի դեպքի մանրամասները:
Լուսանկարները՝ 1rnd.ru-ի
Մեկնաբանել