HY RU EN

Սեդա Ղուկասյան

Նախագահի ընտրության հարցով «Ելք»-ը կդիմի ՍԴ, եթե «Ծառուկյանը» միանա նախաձեռնությանը

«Ելք» խորհրդարանական խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հանրապետության նախագահի ընտրության կարգը։ Այս մասին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուք էջում։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ «Ելք»-ի առաջարկությանը ծանոթ է, բայց դեռ ժամանակ չեն ունեցել խմբակցությունում քննարկել այդ հարցը, և չի կարող հստակեցնել՝ կմիանան նախաձեռնությանը, թե ոչ։ Զոհրաբյանի խոսքով՝ ինքը Սահմանադրության «գիտակ չէ» և չի կարող պնդել՝ նախագահի ընտրության կարգում Սահմանադրությանը հակասող հոդված կա, թե ոչ։

«Երբ սահմանադրագետները ուսումնասիրեն ու պարզեն, որ Սահմանադրությանը հակասում է այդ հոդվածը, այդ ժամանակ կարելի է քննարկել այս հարցը»,- ասաց նա։

Հիշեցրինք փաստաբան Վահե Գրիգորյանի հարցազրույցը, որում էլ նա բարձրաձայնել էր այս հարցի մասին, սակայն Զոհրաբյանն արձագանքեց, որ հարցազրույցին ծանոթ չէ։

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտարարվել էր իշխող ուժի ներկայացուցիչների կողմից, չորրորդ նախագահի ընտրությունը նախատեսված է մարտի 2-ին՝ խորհրդարանում։