
Air France-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են արել աշխատավարձի բարձրացման պահանջով
Ֆրանսիական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում բողոքի ակցիա անցկացնող Air France ավիաընկերության աշխատակիցների դեմ:
Ֆրանսիական ավիափոխադրողի հարյուրավոր աշխատակիցներ փետրվարի 22-ին մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Air France-ի ղեկավարությունից աշխատավարձի բարձրացում 6%-ի չափով, հայտնում է Associated Press-ը:
Air France-ի աշխատակիցների արհեստակցական միության նախագահ Պատրիկ Անրի-Էյեի խոսքերով՝ 2011 թվականից ընկերության արտադրողականությունը աճել է 30%-ով, սակայն աշխատակիցների վճարները նույնն են մնացել:
«Նախորդ տարի մեր ղեկավարները իրենց աշխատավարձերը ավելացրել են 67%-ով, մերը՝ 0%-ով»,- ընդգծում է Պատրիկ Անրի-Էյեն:
Air France-ի ղեկավարությունը աճող մրցակցության պայմաններում ցուցարարների պահանջը անընդունելի է համարում և առաջարկում է աշխատավարձի բարձրացում 1%-ով:
Ընկերությունը հայտարարել է, որ բողոքի ակցիային մասնակցել են աշխատակիցների 1/3-ը: Գործադուլի պատճառով Air France-ը կարողացել է իրականացնել ներքին չվերթների 75, իսկ միջազգային չվերթների 50%-ը:
«Մեր նպատակը ամենևին էլ անհարմարություն պատճառելը չէ, բայց ցավոք, այսօր նույնիսկ հնարավոր չէ երկխոսել ղեկավարների հետ և մեր հանդիպումները բացարձակապես ապարդյուն են»,- նշել է անձնակազմի անդամների միության ներկայացուցիչ Էրիկ Ֆալուն:
Լուսանկարը՝ AP Photo / Thibault Camus
Մեկնաբանել