HY RU EN

Սեդա Ղուկասյան

Ա․ Սաքունց․ «Կան բավարար փաստեր` պատասխանատվության ենթարկելու, առնվազն իրավական գնահատական տալու Ռոբերտ Քոչարյանին»

«Մարտի 1»-ի գործողությունների հիմնական պատասխանատուն հանդիսանում են այդ օրվա իշխանությունները»,- խորհրդարանում հրավիրված «2008  թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Ո՞ւմ հայտնի չի փաստահավաք խմբի կողմից հայտնաբերված Զինված ուժերի ներգրավման մասին գաղտնի հրամանը, ո՞ւմ հայտնի չի Երևան քաղաքում առանց արտակարգ դրության մասին օրենքի արտակարգ դրություն հայտարարելու մասին հայտարարագիրը, կամ այդ ի՞նչ հիմնավորմամբ է արտակարգ դրություն հայտարարվել Երևան քաղաքում, որը փաստացի կիրառվել է ողջ հանրապետության տարածքում»,- հավելեց նա՝ հայտարարելով, որ Երևանում զանգվածային անկարգություններ չեն եղել, որքան էլ այդ մասին պնդի Գլխավոր դատախազությունը։

Սաքունցի պնդմամբ՝ իշխանության մարմինների կողմից տեղի է ունեցել պետական ահաբեկչություն, պետական ռեսուրսների համալիր օգտագործում, համատարած զանգվածային բռնությունների կիրառում՝ քաղաքական ընդդիմության և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։

«Կան բավարար փաստեր` պատասխանատվության ենթարկելու, առնվազն իրավական գնահատական տալու Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 0038 գաղտնի հրամանով Յուրի Խաչատուրովին, Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, ԱԱԾ պետ (արդեն կապ չունի, բայց պետք է քննվի) Գորիկ Հակոբյանին։ Մարդիկ, որոնք անմիջականորեն կատարել են, և որոնց հրամանով է ամեն ինչը կատարվել»,-շեշտեց իրավապաշտպանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից։