HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Լրատվամիջոցներ, որոնց թիկունքում ընթերցողներն են

Կորեացի Քիմ Յոնգջինն (Kim Yongjin) անգլերեն այնքան վարժ չէր խոսում, որքան մյուս բանախոսները, բայց ասելիքն այնքան վստահ էր, որ միանգամից կենտրոնացրեց բոլորի ուշադրությունը:

Հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանսի պանելներից մեկն էր: Կորեացի խմբագրին լսելու էի գնացել նաև ես: Նրա ղեկավարած լրատվամիջոցի մասին նախորդ օրն ինձ պատմել էր Մարինա Գեվարան, երբ հարցրել էի՝ տեղյա՞կ է որևէ հետաքննական լրատվամիջոցից, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է միայն ընթերցողների միջոցով: «Այո, Newstapa-ն»,- ասաց Մարինան։ Հարավկորեական օնլայն հետաքննական թերթի խմբագիրը՝ Քիմ Յոնգջինն այսօր կարողանում է 50 հոգանոց աշխատակազմ պահել միայն ընթերցողների բաժանորդագրությամբ: 

Ընթերցողների բաժանորդագրությանը սկսում են անցում կատարել առաջատար տարբեր լրատվամիջոցներ։ Դրանք լրատվամիջոցներ են, որ երբեմն շատ գովազդատուներ ունեն, լրատվամիջոցներ, որ այժմ դրամաշնորհային ծրագրերի պակաս չունեն, բայց ուզում են հենց ընթերցողի պահանջարկն ունենալ, որի նյութական ապացույցը նրա բաժանորդագրության վճարն է:

Այս առումով ընթերցողների միջոցով ֆինանսավորման մոդելը միայն ֆինանսական նպատակ չունի: Այն բովանդակության պահանջված լինելու չափանիշ է, ում համար աշխատում ես: Բացի այդ, ընթերցողներն ունենում են հանրային վերահսկողությանը ներգրավված լինելու զգացողություն, ինչի շնորհիվ համապատասխան հարթակներում ավելի ակտիվ են թեման քննարկելու և նոր թեմաներ առաջարկելու գործում: Սրանք եզրահանգումներ են կոնֆերանսի քննարկումներից և տարբեր բանախոսների ելույթներից:  

Մարինա Ուոլքեր-Գեվարա | ICIJ-ի փոխտնօրեն

Ընթերցողների ֆինանսավորմամբ գործունեություն ծավալելու մոդելին այժմ ցանկանում է անցնել նաև նշանավոր ICIJ-ն` Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը:

Չնայած կազմակերպության գործունեությունը հիմնականում ֆինանսավորում են հիմնադրամները և մի քանի հարուստ անհատներ, բայց «թիրախում» սովորական ընթերցողների` թեկուզ շատ քիչ ներդրումներն են:

Այժմ կան ընթերցողներ, որոնք ICIJ-ին փոխանցում են, օրինակ, մեկ դոլար, բայց կազմակերպության համար ամենակարևորը հենց այդ մեկ դոլարներն են: Կազմակերպության փոխտնօրեն Մարինա Ուոլքեր-Գեվարան ասում է. «Երբեմն մտածում եմ` մարդկանց ինչին է պետք անել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ մեկ դոլար նվիրաբերելու համար, բայց այդ մարդիկ ամենաթանկն են մեզ համար. նրանք պետք է որ լինեն ուսուցիչներ, վարորդներ, որոնք բառացիորեն միայն մեկ դոլար կարող են նվիրաբերել» (ամբողջական հարցազրույցը տես այստեղ):

Հարավային Կորեայի շուրջ 40 հազար ընթերցող բաժանորդագրվել է Կորեայի հետաքննական լրագրության կենտրոնի (Korean Center of Investigative Journalism) օնլայն newstapa.org լրատվամիջոցին: Կազմակերպությունը, որն այժմ ղեկավարում է Քիմ Յոնգջինը, հիմնվել է 2012թ. սկզբին և սկսել գործել հաջորդ տարվանից:

Աշխատակազմն ամբողջությամբ ներկայացված է հանրությանը: Հրապարակված են բոլոր 50 աշխատողների անուն-ազգանունները, հաստիքները, լուսանկարները և կոնտակտային տվյալները: Բաժանորդագրված ընթերցողները գիտեն, թե  ում են վճարում:

Կայքի տեսանելի հատվածում երևում է «donate» (թարգմ.՝ «աջակցիր, նվիրիր») բաժինը, որտեղ հնարավոր է կատարել մեկանգամյա կամ ամենամսյա նվիրաբերություն՝ սկսած ամենափոքր գումարից: Հենց այստեղ էլ խմբագրությունը դիմում է լսարանին. «Օգնեք պահպանել Կորեայի միակ անկախ հետաքննական լրատվամիջոցը: KCIJ-Newstapa-ն չի ընդունում որևէ տեսակի գովազդ կամ հովանավորություն, որ շատ լրատվամիջոցների համար եկամտի հիմնական աղբյուր է: Դա օգնում է մեզ մնալ ճշմարիտ դիտորդ (watchdog)՝ փողի և իշխանության դեմ, զերծ մնալ ցանկացած միջամտությունից»:

լուսանկարը՝ newstapa-ի

Աշխատակազմը պատրաստում է 10 րոպեանոց հետաքննական վիդեոնյութ շաբաթը մեկ կամ երկու անգամ և 30 րոպեանոց հետաքննական դոկումնետալ վիդեոնյութ շաբաթը մեկ անգամ:

Քիմ Յոնգջինի կարծիքով՝ ընթերցողներն իրենց աջակցելու երեք հիմնական պատճառ ունեն՝ հիասթափված են հիմնական մեդիայից (mainstream media), վստահում են Newstapa-ի հետաքննական լրագրությանը, կարողանում են ստուգել իշխանություններին՝ բացահայտելով նրանց չարաշահումները: Յոնգջինը ներկայացրեց նվիրատվությունների աճի միտումը, որը ձևավորել են հետաքննական հաջողված նյութերը՝ երբեմն կտրուկ բարձրացնելով ընթերցողների հետաքրքրությունը:

Ամեն ինչ սկսել է Կորեայի 2012թ. դեկտեմբերի նախագահական ընտրություններից, որի ժամանակ ընթերցողների նվիրատվությունների քանակը կտրուկ աճել է: Աճի պիկերը հաջորդաբար նկատվում են 2013թ. օֆշորային բացահայտումների, 2014թ. Հարավային Կորեայում նշանավոր լաստանավի խորտակման պատմության մասին վավերագրական ֆիլմի հրապարակման ժամանակահատվածում: Հաջորդ երկու տարիներին բաժանորդագրությունների տեմպը համեմատաբար կայուն պահպանվել է և դարձյալ աճել 2017թ.՝ Samsung կոնսորցիումի նախագահի և նրա որդու մասին հետաքննության հրապարակման ժամանակահատվածում: 

Յոնգջինի խոսքով՝ բաժանորդագրված ընթերցողներից յուրաքանչյուրի միջին վճարումը ամսական 15 դոլար է: Իսկ 2016թ. բաժանորդագրություններից ստացած եկամուտը կազմել է 5 մլն դոլար: Հետաքննություն հրապարակելը Newstapa-ի համար ընթերցողների հետ կապը պահելու միակ ձևը չէ։ Խմբագրությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում նրանց հետ, հաղորդակցվում դեմ առ դեմ, լսում նրանց։

Անդամակցության վճարների շնորհիվ 2013թ․-ից Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում գործում է նաև De Correspondent ժուռնալիստական պլատֆորմը։ 

De Correspondent-ն իրեն հետաքննական լրատվամիջոց չի անվանում, այլ լրատվական հարթակ, որտեղ լուսաբանվող թեմաները սովորաբար դուրս են մնում հիմնական մեդիայի ուշադրությունից, որովհետև «չեն տեղավորվում 24-ժամյա լրատվական դրամայի մեջ»։ Այսպես է իրեն ներկայացնում հոլանդական լրատվամիջոցը․ «De Correspondent-ը տրամադրում է հակաթույն ամենօրյա լուրերի դեմ՝ ուշադրությունը տեղափոխելով սենսացիոնից կառուցողականի վրա․․․»։ Հարթակը հրապարակել է իր 12 սկզբունքները, որոնցից մեկն է` երբեք ոչինչ չգովազդելը։ Կայքն առայժմ հասանելի է միայն հոլանդերեն, սակայն շուտով լինելու է նաև անգլերեն։ 

Սկզբնական շրջանում լրատվամիջոցն ունեցել է շուրջ 20 հազար հետևորդ, որոնց դրամահավաքի արդյունքում հավաքվել է 1,7 մլն դոլար։ Այժմ բաժանորդների թիվը հասել է 60 հազարի։ De Correspondent-ի միջազգային նյութերի խմբագիր Մայիկե Գոսլինգայի (Maiike Goslinga) խոսքով՝ բաժանորդները վճարում են 60 եվրո տարեկան կամ 6 եվրո՝ ամսական։ Բաժանորդագրության վճարումների շնորհիվ լրատվամիջոցն ունի 47 հոգանոց լրիվ դրույքով աշխատակազմ։ Գոսլինգան շեշտում է՝ թափանցիկ աշխատաոճը կարևոր է ընթերցողների վստահությունը շահելու համար։ 

Խմբագրի խոսքով՝  ամսական 2 մլն ընթերցող ունեն։ Նշենք, որ 2018թ․ տվյալներով՝ Հոլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 17 մլն մարդ, հետևաբար De Correspondent-ը հասանելի է երկրի բնակչության մոտ 12 տոկոսին։ 

Լրատվամիջոցի հեղինակները մասնագիտացած են տարբեր ոլորտներում, սակայն երբ աշխատում են որևէ նյութի վրա, դրան սովորաբար մասնակից են դարձնում նաև ընթերցողներին։ 

De Correspondent-ն իր ընթերցողների նույնականացման տվյալները չի հավաքում: Գոսլինգան նշում է՝ իրենք դրա կարիքը չունեն, քանի որ ի սկզբանե հայտարարել են, որ բացառում են գովազդը` որևէ հարցում կողմնակալ չլինելու համար, հետևաբար երրորդ կողմին տվյալներ վաճառելու անհրաժեշտություն չկա։ Մյուս կողմից, հետաքննությունների իրականացմանը ընթերցողներին մասնակից դարձնելու շնորհիվ խմբագրությունը ճանաչում է նրանց, ում համար աշխատում է։

«Մեր բոլոր հեղինակներն ամեն շաբաթ ընթերցողներին ուղարկում են հաղորդագրություն իրենց թեմաների մասին, այսպիսով ընթերցողները կարողանում են հետևել նրանց գործունեությանը։ Երբ մենք իրականացնում ենք որևէ հետաքննություն կամ պատմություն, մենք խնդրում ենք ընթերցողներին դառնալ դրա մասը և օգնել մեզ, մենք խնդրում ենք նրանց աջակցել իրենց ունեցած գիտելիքով, որովհետև ինչպես մենք ենք սովորաբար ասում՝ 100 պացիենտներն ու բժիշկներն ավելին գիտեն, քան առողջապահության ոլորտում մասնագիտացած մեկ լրագրողը»,- ասում է Գոսլինգան։ 

Նշենք, որ և´ Newstapa-ն և´ De Correspondent-ը հենց սկզբից աշխատել են միայն բաժանորդագրությունների վճարով։ Լրատվամիջոցների մյուս կարևոր ընդհանրությունն այն է, որ նրանց արտադրանքը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության, հետևաբար վճարելը միայն ընտրության հարց է և ոչ պարտադրանք։

Հոդվածը պատրաստվել է Հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանսի (Global Investiagtaive Journalism Conference) լուսաբանման շրջանակներում: Կոնֆերանսը տեղի է ունեցել 2017թ. նոյեմբերի 16-19-ը Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում։ GIJC-Ն տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ: Այս տարի կոնֆերանսն ընդգրկում էր շուրջ 120 պանել և աշխատաժողով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter