
Վ․ Բաղդասարյան․ «Սերժ Սարգսյանը, բացի նախագահը լինելուց, նաև շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին»
Խորհրդարանում շարունակվում է քննարկվել բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների ընտրության հարցը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, կրկին հիշեցրեց 2014 թվականի ապրիլի 10-ի սահմանադրական մասնագիտական խորհրդի նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնելու նախագահի կամ վարչապետի պաշտոններին։
«Արդյոք Սերժ Սարգսյանի այդ հայտարարությանը հանրությունը լուրջ պետք է վերաբերվի»,- հարցրեց նա։ Բաղդասարյանն արձագանքեց՝ միշտ էլ լուրջ է վերաբերվում նախագահի յուրաքանչյուր հայտարարության։
«Բայց դուք պետք է նկատի ունենաք, որ մենք հավակնություններով ու ցանկություններով առաջ չենք շարժվում։ ՀՀԿ-ն այսօր վերցրել է երկրի պատասխանատվությունը, և մենք պետք է նպատակահարմար գտնենք, թե ով կարող է այդ ղեկը ստանձնել և որ պաշտոնում, ու ոչ թե պետք է շարժվենք, թե յուրաքանչյուրն ինչ հավակնություն ունի։ Տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ առաջնորդը լինելուց, նաև շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվելու քաղաքական ուժի որոշումներին», - ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից։
Մեկնաբանել