HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ կան բոլոր նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում ամրապնդելու և զարգացնելու համար: Մասնավորապես տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցում նա կարևորել է միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, որի հերթական նիստը տեղի է ունեցել այսօր՝ Երևանում:

Ռեզա Արդաքանիանը վարչապետին է ներկայացրել միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հարցերն ու անդրադարձել փոխգործակցության ուղղություններին: Նախարարը մասնավորապես տեղեկացրել է, որ վերջնական տեսքի է բերվել մաքսային ոլորտում համագործակցության խորացմանը միտված փաստաթուղթը և ներկայացվել է ստորագրման: Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները ևս հաջողությամբ են ընթանում և ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2019 թվականի վերջին:

Ռեզա Արդաքանիանը կարևորել է «Արաս» և Մեղրի ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ իրանցի ներդրողները շահագրգռված են այս հարցում: Ըստ Իրանի էներգետիկայի նախարարի՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև Մեղրի հէկի ծրագրի իրականացմանը, ավտոմոբիլային փոխադրումների, բնապահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացմանը, բարեկամության այգի ստեղծելուն վերաբերող հարցեր: 
Վարչապետ Կարապետյանը ողջունել է նշված ոլորտներում գործակցության զարգացումը և անհրաժեշտ համարել առևտրաշրջանառության ծավալերի ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter