HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բերդի քաղաքապետարանը բնական սեղմած գազը գնում է պատգամավորի աներորդու ընկերությունից

Տավուշի մարզի Բերդ համայնքն իր կարիքների համար սեղմած բնական գազի գնում է կատարել: Այն օգտագործվում է որպես շարժիչների վառելիք՝ բենզինի փոխարեն: Համայնքապետարանի մասնակցությամբ կնքվել է 10 520 խմ սեղմած բնական գազի գնման պայմանագիր՝ 1 մլն 998 հազար 800 դրամ ընդհանուր արժեքով: Պայմանագրի մյուս կողմը «Վիցի գրուպ» ՍՊԸ-ն է:

«Հետքն» անդրադարձել է «Վիցի գրուպ» ՍՊԸ-ի գործունեությանը: Այն պատկանում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի աներորդուն՝ Վարդան Առաքելյանին:

Նշենք, որ «Վիցի գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.: Ընկերության հիմնադիրներից մեկը Գագիկ Մելիքյանի կինն է՝ Սերինա Առաքելյանը, մյուսը՝ Երևանի հաշվառում ունեցող Անահիտ Քալանթարյանը: 

Այն, որ համայնքապետարանը «Վիցի գրուպ» ՍՊԸ-ից է գնում կատարել, պատահական չէ: Այստեղ մեծ դեր է խաղացել կուսակցական պատկանելությունը:

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը ևս Հանրապետական կուսակցության անդամ է: Ըստ կուսակցության պաշտոնական կայքէջի` քաղաքապետը հանդիսանում է ՀՀԿ-ի Բերդի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ:

«Վիցի գրուպ» ընկերությունը նաև ՀԷԿ է շահագործում Տավուշի մարզի Պառավաքար համայնքի տարածքում: Այն կառուցված է Հախում գետի Հախում ջրամբարի և Պառավաքարի ջրանցքի վրա: 

«Վիցի գրուպ» ՍՊԸ-ն «Հախում» փհէկ-ում էլեկտրաէնէրգիա արտադրելու մասին լիցենզիա է ստացել 2010 թվականին, 15 տարի գործողության ժամկետով:

Բերդում նորություն չէ կուսակցական կամ բարեկամական շահերով պայմանավորված պայմանագրեր կնքելը: 2014թ. էլ Բերդ համայնքի Մաշտոցի փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների իրականացման համար Տավուշի մարզպետարանի և «Հարի Գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվել էր 23 մլն 587 հազար դրամի պայմանագիր:

«Հարի Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն է: 2006 թվականից մինչև 2014թ. փետրվարի 18-ը Հ. Մանուչարյանը եղել է «Հարի Գրուպ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը: 2014թ-ի փետրվարից ընկերության միանձնյա սեփականատեր էր դարձել նրա կինը՝ Նաիրա Մանուչարյանը, ով նաև ընկերության տնօրենն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter