
Ամանորին քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրման համար հատկացվել է 275 մլն դրամ
Երևանի քաղաքապետարանից երկու ամիս պահանջվեց, որպեսզի հրապարակի Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրության հավելվածը:
Փետրվարի 23-ին հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը երկու ամիս չէր տրամադրում տեղեկատվություն այն մասին, թե Ամանորին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր աշխատակիցների պարգևատրման համար ընդհանուր առմամբ որքան գումար է հատկացրել:
Մեր՝ «Քաղաքապետարանը թաքցնում է իր աշխատակիցների պարգևատրման գումարի չափը» վերտառությամբ հրապարակումից օրեր անց Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ համապատասխան մասնագետները ծրագրային շտկումներ են կատարել, և միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին հավելվածն արդեն հասանելի է:
Հրապարակված հավելվածից պարզ է դառնում, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորին ընդառաջ աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրել է քաղաքապետարանի 1213 աշխատակիցների: Ընդհանուր առմամբ, այս պարգևատրման համար քաղաքային բյուջեից դուրս է գրվել 275.777.300 դրամ կամ ավելի քան 574 հազար դոլար: Նշենք, որ աշխատակիցները պարգևատրվել են իրենց մեկամսյա աշխատավարձի չափով:
2016-ին քաղաքապետարանի 1220 աշխատակից է պարգևատրում ստացել (ընդամենը 7 մարդ ավելի), սակայն քաղաքապետարանն այդ պարգևատրման համար հատկացրել էր 271 777 300 դրամ՝ 4 մլն դրամով պակաս, քան 2017-ին: Դժվար է պարզել, թե որն է գումարային այս տարբերության պատճառը, քանի որ 2016-2017 թվականների պարգևատրման ցուցակների արտաքին ուսումնասիրությամբ` աշխատավարձերի չափը նույնն է:
Ամանորյա պարգևատրումներ են ստացել նաև Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց աշխատակազմի անդամները:
Մեկնաբանել