
Նորից Ծարասարի ոսկու հետքերով. 3-րդ անգամ նույն տարածքում ոսկի են որոնելու
2017 թվականի դեկտեմբերի 14-ին գրանցված «Ինտեր մայնինգ» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզի Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման տարածքում ուզում է երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել: Ընկերության կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է: Այն հիմնադրել են Մեղրաձորում գրանցված Ավետիք Միքայելյանը և երևանյան գրանցում ունեցող Պարգև Պետրոսյանը:
Պարգև Պետրոսյանն առնչվում է նաև «Արատտա մայնինգ» ՍՊԸ-ին, որը Վերին Շորժայում, Կողասարում, Ջիլ Արեգունի, Մաքենիսի տարածքներում ուսումնասիրություններ է իրականացրել:
Նա նաև «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ի բաժնետերերից է: Այս ընկերությունը շահագործում է Ջաջուռի անդեզիտների բաց հանքավայրը, «Կապս-բզնոցի» տոլերիտային բազալտների հանքավայրը, Առափի ավազակոպճային խառնուրդի հանքավայրը: Բացի դրանից, զբաղվում է նաև ավտոմայրուղիների և ճանապարհների շահագործան աշխատանքներով, ինչի համար իր ենթակայության տակ ունի ասֆալտ-բետոնի, խճի մանրացման արտադրություններ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում:
Ծարասարի ոսկու երևակումը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան-հյուսիս-արևմտյան լանջերին, Մասրիկ գետի ավազանի վերին հոսանքներում:
Հանքերևակումը գտնվում է Վերին Շորժա գյուղից 7.5 կմ դեպի հարավ-արևելք և Վարդենիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրերն են Այրք և Վերին Շորժա գյուղերը:
Նույն տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու թույլտվություններ 2010 թվականից ի վեր ստացել են ևս երկու ընկերություններ՝ «Արմենիան Իինտերնեյշնլ Գոլդ» ՍՊԸ-ն՝ 2011-2014թթ, «Ինթերնեյշնլ գոլդ» ՍՊԸ-ն՝ 2015-2017թթ, այժմ էլ՝ «Ինտեր մայնինգ» ՍՊԸ-ն` 2018-2020թթ.:
Նախորդ ուսումնասիրող «Ինթերնեյշնլ գոլդ» ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Ծարասարի ոսկու պաշարներով օտարերկրյա ներդրողներ են հետաքրքրված: Սակայն թե ինչ են հայտնաբերել երկրաբանական ուսումնասիրությունները, հանրությունն այդպես էլ չի իմանում: Մի ընկերությունն անհետանում է, հայտնվում է մեկ ուրիշ ընկերություն և նույն տարածքում սկսում երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնել: |
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակած որևէ քաղաքականություն չունի: Մեր հարցումներից մեկին, թե ինչու է նույն տարածքում կրկին հետազոտություն կատարում մեկ այլ ընկերություն, պատասխանել էր, որ «դա պայմանավորված է տնտեսվարողի ցանկությամբ»:
Այս անգամ էլ Ծարասարի արմատական ոսկու հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նպատակն է գնահատել ոսկու և դրան ուղեկից բազմամետաղների պաշարների, դրանք հաշվել ըստ C1 և C2 արդյունաբերական կարգերի, ինչպես նաև գնահատել հեռանկարային պաշարներն ըստ P1 կարգի: Նախագծի համաձայն՝ նախատեսվում է կազմել հանքավայրի շահագործման տնտեսական նպատակահարմարությանը հիմնավորող տեխնիկա-տնտեսական հաշվարկներ և պաշարների հաշվարկումով երկրաբանական հաշվետվություն:
Մարտի 17-ին՝ ժամը 14.00-ին, Ակունքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան ընկերության ներկայացրած նախագծի հանրային քննարկումները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել