
Երևանի խաղահրապարակներում հողը հագեցած է ծանր մետաղներով
Մայրաքաղաքի մանկական խաղահրապարակներում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ հողում քրոմի պարունակության սահմանված թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ են արձանագրվել 29 նմուշներից 26-ում: Ըստ «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանի՝ փորձաքննությամբ պարզվել է, որ խաղահրապարակները եւ շրջակա տարածքները հագեցած են ծանր մետաղներով:
«Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը շարունակում է մայրաքաղաքի մանկական խաղահրապարակների ուսումնասիրությունները:
Նախկինում հայտնաբերված խնդիրներին գումարվել են նորերը: Ուսումնասիրության առաջին փուլում, հիշեցնենք, պարզվել էր, որ խաղահրապարակներում տեղադրված սարքավորումները, մեղմ ասած, անվտանգ չեն երեխաների կյանքի եւ առողջության համար:
Կազմակերպությունը Երեւանի վարչական շրջանների 26 խաղահրապարակների ինչպես բակային խաղահրապարակներում տեղադրված սարքավորումների անմիջական շփման հատվածներից, այնպես էլ սարքավորումների հարակից տարածքներից եւ ավազամաններից վերցված 29 փորձանմուշները հանձնել է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիա:
Ռենտգենֆլյուորեսցենտային տարրալուծման եղանակով (XRF, X-5000 (Օլիմպուս,Innov X systems., ԱՄՆ) հետազոտվել են հողի եւ ավազի մեջ 10 ծանր մետաղների առկայություն (քրոմ, վանադիում, ցինկ, արսենիում, մոլիբդեն, պղինձ, նիկել, կապար, կադմիում եւ սնդիկ):
Ստացված տվյալները համեմատվել են կառավարության 2005 թվականի 92-Ն որոշման՝ «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի» հետ:
Հողում քրոմի պարունակության ՍԹԿ գերազանցումներ արձանագրվել են 29 նմուշներից 26-ում:
Օրգանիզմում քրոմի ավելցուկն առաջացնում է թունավորում: Քրոմի միացությունների հետ երկարատեւ շփումը առաջացնում է գլխացավ, թուլություն, դեպրեսիա, քաշի կորուստ, հնարավոր է նաեւ բրոնխիտ եւ ասթմա: Մաշկի վրա ազդելով` քրոմի միացությունները առաջացնում են դերմատիտ եւ էկզեմա:
Հետազոտված 29 նմուշներից 8-ում՝ վերացված Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի, էրեբունու, Նուբարաշենի, Շենգավիթի եւ Կենտրոնի խաղահրապարակներից, բարձր է եղել կապարի կոնցենտրացիան:
Ըստ միջազգային ստանդարտների` կապարի անվտանգ չափաքանակ գոյություն չունի: Այն մարդու օրգանիզմ թափանցում է կերակրափողի, շնչուղիների, մաշկի միջոցով եւ աստիճանաբար կուտակվում օրգանիզմում: Կապարով աղտոտված հողը համարվում է պարենային հումքի եւ մարդու, հատկապես երեխաների օրգանիզմ, կապարի ուղղակիորեն ներթափանցման աղբյուր: Այն վտանգավոր է նրանով, որ անցնելով օրգանիզմ` ոչ թե քայքայվում է, այլ՝ կուտակվում, ժամանակ առ ժամանակ կարող է թափանցել արյան մեջ ու առաջացնել կապարային հիվանդություններ: Կապարային թունավորումն առաջացնում է ագրեսիվություն, թերզարգացվածություն, ցրվածություն, գերակտիվություն, վարքագծի փոփոխություններ, լսողության նվազեցում:
«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետների գնահատմամբ՝ կապարի նկատմամբ առավել զգայուն է նախադպրոցական տարիքի երեխաների օրգանիզմը:
Ստուգվածներից միակ խաղահրապարակը, որտեղ գերազանցումներ չեն հայտնաբերվել, գտնվում է Նորք-Մարաշում, չնայած նրա հարակից տարածքում բարձր է եղել քրոմի ՍԹԿ-ն: Ու քանի որ հարակից տարածքը համարվում է ազդեցության գոտի, կարելի է պնդել, որ այս խաղահրապարակն ամենեւին էլ անվտանգ չէ:
Առանց պետական վերահսկողության
Հաշվի առնելով նաեւ ծրագրի առաջին փուլի` խաղահրապարակներում տեղադրված սարքավորումների տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունը` Մարի Չաքրյանը ոստիկանության հետ իրականացրել է գրագրություն, պարզելու համար, թե 2014-2017 թվականների ընթացքում քանի դժբախտ պատահար է տեղի ունեցել: Պարզվում է, որ նշված տարիներին Երեւանում արձանագրվել է դժբախտ պատահարի մեկ դեպք՝ մահվան ելքով: Դեպքի կապակցությամբ հարուցված գործը կասեցվել է, պատասխանատվության ենթարկված անձինք չկան:
«Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հարցում է ուղարկել, պարզելու համար, թե ի՞նչ սանիտարական նորմեր կան բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակների համար, արդո՞ք նախարարության կողմից վերահսկվում է Երեւան քաղաքի բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակների սանիտարական վիճակը, կատարվու՞մ են արդյոք նմուշառումներ խաղահրապարակի հողից եւ ավազից, եւ այլն:
ԱՆ Առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Գոհար Փանաջյանը պատասխանել է, որ սանիտարական օրենսդրությամբ՝ բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողությունը դուրս է Տեսչական մարմնի իրավասությունների շրջանակներից:
Խնդրո առարկան նաեւ Երեւանի Օրհուս կենտրոնի ուշադրության կենտրոնում է: Կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, խնդրելով հստակեցնել՝ արդյո՞ք քաղաքապետարանը պարտավոր է պահպանել ու վերանորոգել մանկական խաղահրապարակները, ստուգվու՞մ են հողը, օգտագործվող նյութերը:
Քաղաքապետարանը Երեւանի Օրհուս կենտրոնին հայտնել է, որ բակային տարածքներում կառուցված մանկական խաղահրապարակները գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում, դրանք պահպանվում եւ վերանորոգվում են քաղաքապետարանի կողմից, վարչական շրջանների ղեկավարների եւ համատիրությունների միջոցով: Իր պատասխան գրության մեջ քաղաքապետարանը պնդել է, որ խաղահրապարակների կառուցման կամ վերանորոգման ժամանակ հաշվի են առնվում երեխաների անվտանգության հարցերը, շինարարությունն ու նախագծումն իրականացվում են մասնագիտացված լիցենզավորված կազմակերպությունների կողմից:
Հողերի աղտոտումների թեմայով.
- Հանքարդյունաբերողի «լավությունը» Արմանիսի դպրոցին՝ հանքի թափոններ, արդյունքը՝ կապարով ու մկնդեղով հագեցած դպրոցական խաղահրապարակ
- Ախթալայի եւ Ալավերդու հազարավոր երեխաներ խաղում են առողջության համար վտանգավոր խաղահրապարակներում
- Արսենիումով ու պղնձով գերհագեցած հողեր՝ Սյունիքի մարզում
- Արարատի դպրոցների եւ մանկապարտեզների տարածքներում հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր պարունակություններ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել