
Առաջարկվում է շինշիլաներ ներմուծել առանց ԱԱՀ-ի վճարման
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկում է բարձրարժեք տոհմային շինշիլաներ ներմուծել հանրապետություն` առանց ավելացված արժեքի հարկի վճարման։ Նախարարությունը նշում է, որ ԱԱՀ-ից ազատումը կնպաստի շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսությունների և ներմուծման ծավալների աճին, ինչպես նաև շինշիլաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար բարենպաստ միջավայր կձևավորի և նոր աշխատատեղեր կստեղծի։
Օրենքի այս նախագիծը քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ E-draft.am-ում:
«Ավելացված արժեքի հարկի կիրառումը վերոնշյալ կենդանիների ներմուծման ժամանակ խոչընդոտում է տվյալ ճյուղի զարգացմանը՝ նպաստելով կենդանիների գնի բարձրացմանը»,-ասվում է օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ:
Նախարարությունը նաև նշել է՝ օրենսդրական փոփոխության արդյունքում կզարգանա շինշիլաբուծությունը՝ որպես գյուղատնտեսական այլընտրաքային ճյուղ, կնպաստի մորթու հումքի արտադրությանը և արտահանմանը, ինչպես նաև կապահովի պետական բյուջե դրամական մուտքերը:
Հավելենք, որ ամսիներ առաջ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը մարզպետարաններն և մասնավոր ներդրողները ներկայացրել էին մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ։ Դրանցից Գեղարքունիքի մարզում շինշիլաբուծությունը զարգացնելու ներդրումային ծրագիրը հաստատվել և ֆինանսավորում է ստացել։
Նշենք, որ շինշիլաները կրծողների տեսակ են, նրանք առավել հայտնի են իրենց թանկարժեք մորթով։
Լուսանկարը՝ Շինշիլաբուծության հայկական ասոցիացիայի
Մեկնաբանել