
Փաստաբաններն ու լրագրողները իշխանության թիրախում են
Վերջին շրջանում փաստաբանների ու լրագրողների իրավունքների սահմանափակումներն ամրագրվում են օրենքով. դռնփակ նիստեր առանց լրագրողների, դրամական տուգանքներ փաստաբանների նկատմամբ և այլն:
Ինչու են հատկապես ընտրվել այս երկու մասնագիտական համայնքները: Ինչու է հենց լրագրողների ու փաստաբանների շուրջ սեղմվում իրավունքների իրացման օղակը:
Ըստ փաստաբան Վահե Գրիգորյանի` այդ գործընթացներն ամենևին էլ պատահական չեն, այլ դա Հայաստանը դեպի ամբողջատիրություն տանող շղթայի բաղկացուցիչ մասն է: «Սա ամբողջատիրության անթրոպոլոգիան է: Երբ արանքից դուրս է գալիս քաղաքական ընդդիմությունը, հաջորդը լրագրողներն ու փաստաբաններն են, քանի որ նրանց գործառույթը «ժողովրդավարության գործակալ» լինելն է: Փաստաբաններն ու լրագրողներն ամենաազատ մասնագիտություններն են, ամբողջատիրությունը կասեցնողներն են»,-կարծում է փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Փաստաբանները նույնպես, լրագրողների նման, ժողովրդավարության «հսկող շներն են»». սա Փարիզի փաստաբանների պալատի կարգախոսն է: Այսօր «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների եւ իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ տեղացի ու միջազգային փաստաբանները փորձում էին գտնել փաստաբանական անկախության, ճնշումներից զերծ մնալու բանաձևեր:
Այն, որ օղակը սեղմվում է փաստաբանների ու լրագրողների շուրջ, ըստ փաստաբան Տիգրան Եգորյանի, վաղուց սկսված գործընթաց է: «Բացասական իմաստով բնական երևույթ է, քանի որ ունենք իշխանության լեգիտիմության խնդիր: Վստահության գրեթե զրոյական մակարդակում խոսքի ազատության իրավունքը այնքան պիտի սահմանափակվի, որ չխանգարի տոտալիզացմանը»,- մեզ հետ զրույցում ընդգծեց փաստաբան Եգորյանը՝ ընդգծելով, որ դրանք զսպող մեխանիզմներ պիտի լինեն:
Փոխադարձ քննադատություններ
Ըստ Եգորյանի և ևս 35 փաստաբանների, այդ թվում` Պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանի, Փաստաբանների պալատում կամ պետք է լինեն լուրջ ռեֆորմներ, կամ պետք է ստեղծվեն այլընտրանքային փաստաբանական մարմիններ:
Աջից` փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Վահե Գրիգորյանը |
Վահե Գրիգորյանը նշեց, որ Փաստաբանական պալատը վերածվել է «Փաստաբանական մինիստրության և իշխանությունների ձեռքին մասնագիտական ազատության դեմ գործիքի... սանկցիաները, եթե կիրառվում են, ընտրովի արդարադատության սկզբունքով»:
Ըստ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի` բնական է, երբ Հայաստանում 1900 փաստաբանի պարագայում 35 փաստաբան այլ կարծիք կարող է ունենալ: Սակայն, նրա կարծիքով, «անպատասխանատու հայտարարություն անել, թե փաստաբանական պալատը իշխանությունների հետ է, դա բացահայտ սուտ է»: Պալատի նախագահը կարծում է, որ հենց նմանատիպ հայտարարությունների արդյունքում այլևս փաստաբանների պալատի խորհուրդը չի որոշելու՝ կա փաստաբանի գործողություններում խախտում, թե ոչ: «Այսինքն՝ այդ գործառույթը վերցրեցին մեզնից, տվեցին պետական մարմնի»,-ասաց պալատի նախագահը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը |
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանի կարծիքով` Պալատը ոչ թե ընդդիմադիր կուսակցություն է, այլ հանրային կարեւորագույն մարմին: «Մենք հետսովետական պետություն ենք, մշակույթը նոր է ձևավորվում: Մենք ծառ ենք տնկել, խնամել, սկսել ենք բերքը հավաքել, կացինն առել ծառը կտրում ենք: Երբ ասում ենք անկախություն, այն պետք է ենթադրի նաև պատասխանատվություն»: Ըստ Սեդրակ Ասատրյանի` փաստաբանական համայնքն այսօր լուրջ անկախություն ունի, եթե կարողանա դա պաշտպանել:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամներից Հարություն Հարությունյանի կարծիքով էլ, փաստաբանական համայնքի դերը, կշիռը պահելու գրավականը միասնականությունն է ու բարեխիղճ գործելը:
Ձախից` Վահե Գրիգորյանը |
Վահե Գրիգորյանի կարծիքով` մտրակները գնալով ընդլայնվելու են, քանի որ, նրա գնահատմամբ, հակազդող մեխանիզմներն էֆեկտիվ չեն. «Պալատը չի կարող հակազդել՝ հայտարարություն, գործադուլ, տեսանք, որ ոչ մեկի վրա չազդեց, դրամական տուգանքի օրենքի փոփոխությունն ընդունվեց»:
Փաստաբանների անկախության վտանգներից մեկը
Նախկինում՝ 1990-ականներին, փաստաբանը պետք է ստանար պետական մարմնի թույլտվությունը ՔԿՀ մտնելու ու իր պաշտպանյալի հետ խոսելու համար, շատ հաճախ քրեական գործերով ներգրավվում էին քննիչների «մտերիմ» փաստաբաններ, որ ապահովեին հարցաքննության լեգիտիմությունը: Այսօր նման գործելաոճը անգամ արտոնագրից զրկելու հիմք է: Փաստաբանները միակարծիք են մի հարցում, որ քրտինքով, համառ պայքարի արդյունքում ձեռքբերված անկախությունը չվտանգվի:
Փաստաբանները նման վտանգ են համարում նաև փաստաբանների հանդեպ 2019-ից գործելիք դատական դրամական տուգանքները, որոնց մասին օրենքն ԱԺ-ն ընդունեց մեկ օրում:
Շատ խոսվեց միջազգային փորձի մասին, թե այլ երկրներում դատավորը նույնիսկ կարող է ձերբակալել նիստը խանգարող փաստաբանին:
Ուշանգի Բախտաձե |
Համաժողովին ներկա Վրաստանի պատվիրակության անդամ Ուշանգի Բախտաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ Վրաստանում փաստաբանների նկատմամբ դրամական տուգանք կա դեռևս 1998-ից՝քաղաքացիական դատավարությունում, իսկ քրեական դատավարությունում` 2008-ից: Ուշանգի Բախտաձեն ասաց, որ դատարաններում շատ հազվադեպ է կիրառվում սանկցիայի տուգանք տեսակը: Եվ, ամենակարևորը, այդ հարցը լուծում է ոչ թե նույն դատավորը, ում հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել, այլ մեկ ուրիշ դատավոր: Տուգանքի չափը մինչև 500 լարի է (մոտ 200 ԱՄՆ դոլար):
Սեդրակ Ասատրյանը |
Սակայն, ըստ փաստաբան Սեդրակ Ասատրյանի, միջազգային փորձը մեզ օգնական չէ, քանի որ մեր ամբողջ համակարգն է նոր, դատարանը՝ այդ թվում: «Վեճերը վերածում ենք անձնական խնդրի: Դատավորը հուզական մուրճը կխփի սեղանին ու կփորձի տուգանել փաստաբանին»:
Փաստաբան Հարություն Հարությունյանն էլ նշեց, թե ինչպես պիտի դատավորը միաժամանաակ հանդես գա և' տուժող կողմ, և' հարց լուծող:
«Շատ ավելի ծանր տուգանքներ կան, դրանք կիրառող համակարգը ունի արդարադատության ավանդույթ և դու չես կարող ազդել նրա վրա քաղաքական նկատառումներով,-ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը՝ պատմելով մի փաստաբանական կատակ,-Դատական նիստերի դահլիճում դատավորը սանկցիա է կիրառում, ամբաստանյալը անհամաձայնություն է հայտնում, դատավորն էլ գերմանական փորձն է վկայակոչում, թե, գիտեք՝ Գերմանիայում ինչ սանկցիաներ կան, ամբաստանյալն էլ՝ իսկ կլինի ինձ Գերմանիայի դատավորը դատի: Այսինքն՝ խնդիրն այն է, թե ով է իրականացնում արդարադատությունը»:
Մեկնաբանել