HY RU EN

Տրդատ Մուշեղյան

ԱՄՆ-ն նոր պետքարտուղար կունենա. Ռեքս Թիլերսոնը պաշտոնանկ է արվել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ազատվել է աշխատանքից: Միացյալ Նահագների արտաքին քաղաքական գերատեսչությունը այսուհետ կգլխավորի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) արդեն նախկին ղեկավար Մայք Փոմփեոն: Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«ԿՀՎ-ի տնօրեն Մայք Փոմփեոն կդառնա մեր նոր պետքարտուղարը: Նա ֆանտաստիկ աշխատանք կկատարի: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին իր ծառայության համար: Ջինա Հասփելը կդառնա ԿՀՎ նոր ղեկավարը և  այդ պաշտոնում առաջին կինը: Շնորհավորում եմ բոլորին»,- գրել է Թրամփը իր էջում:

Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ Պետքարտուղարությունը գլխավորում էր 2017 թվականի հունվարի 20-ից: Նախկինում նա ExxonMobil նավթային ընկերության ղեկավարն էր և երբեք չէր զբաղվել դիվանագիտական գործունեությամբ: Թիլերսոնի հեռացման պատճառների մասին պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա, սակայն ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, որ Թրամփի և Թիլերսոնի հարաբերությունները լարված են:

Մայք Փոմփեոն գործարար է և հանրապետական քաղաքական գործիչ: 2011-2017 թվականներին նա ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել է Քանզաս նահանգը: Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնը նա զբաղեցրել էր 2016 թվականի նոյեմբերին:

Լուսանկարը՝ JONATHAN ERNST—AFP/Getty Images