
Նորամարգում ձայների վերահաշվարկ է եղել
Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 11-ի ընտրություններով` Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավար էր ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Նորամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արման Թադևոսյանը։ Նրա օգտին քվեարկել էր 989 ընտրողից 391-ը։
Թադևոսյանը մրցակիցներից մեկին՝ կուսակից, համայնքապետարանի առաջատար մասնագետ Արմեն Գևորգյանին, հաղթել էր 9 ձայնով: Արմեն Գևորգյանը, չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, պահանջել էր ձայների վերահաշվարկ:
«Հետք»-ի հետ զրույցում թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավետիսյանը հայտնեց, որ ձայների վերահաշվարկի համար երեկ դիմում էր ներկայացրել պարտված թեկնածուներից Արմեն Գևորգյանը: Քիչ առաջ կայացած ձայների վերահաշվարկի արդյունքում, մեծ հաշվով, որևէ բան չի փոխվել: Արմեն Գևորգյանի օգտին երեք քվե է ավելացել, սակայն 6 ձայնի առավելությամբ կրկին համայնքապետ է ընտրվել Արման Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին ինքնառաջադրված երեք թեկնածուներ՝ ՀՀԿ-ից Արմեն Գևորգյանն ու Արման Թադևոսյանը, անկուսակցական՝ Արսեն Ղահրամանյանը: Այս ընտրությամբ համայնքը 22 տարի անց նոր գյուղապետ է ունենալու: 1996 թվականից համայնքը ղեկավարող ՀՀԿ-ական Սարգիս Գալստյանը առողջական խնդիրների պատճառով այս ընտրություններին իր թեկնածությունը չէր առաջադրել։
Մեկնաբանել