HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Փոխադարձ մեղադրանքներ և դիվանագետների արտաքսում. Սկրիպալի թունավորման պատմությունն ու հետագա զարգացումները

Մոտ տասը օր է, ինչ միջազգային մամուլի առաջին էջերին է շարունակում մնալ Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր հանելուկային թունավորման շուրջ ծավալվող զարգացումները:

Մեծ Բրիտանիայի համար լրտեսություն անելու մեջ մեղադրված Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սոլսբերիի կենտրոնում: Բուժզննումից հետո պարզ էր դարձել, որ վերջիններս թունավորվել են նյարդապարալիտիկ գազով: Այս իրադարձությունը Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունների սրման առիթ է հանդիսացել:

Սկրիպալն ու նրա դուստրը

Ինչ նյութով են թունավորվել Սկրիպալն ու նրա դուստրը 

Մասնավորապես իրավիճակը էլ ավելի լարվեց, երբ մարտի 12-ին Փորթոն-Դաունի ռազմատեխնիկական լաբորատորիայից հայտնի դարձավ, որ նախկին գնդապետն ու նրա դուստրը ենթարկվել են «Նովիչոկ» («Новичок») կոչվող խմբին պատկանող նյարդապարալիտիկ նյութի ազդեցությանը, որն արտադրվում էր խորհրդային տարիներն Մոսկվայում: Այս խմբի նյութերը կիրառվել են քիմիական զենքերի արտադրություններում: Ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, թոշակի անցած Իգոր Մոռոզովը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ ռազմական թունավոր նյութերի վերջին կիլոգրամները Ռուսաստանում ոչնչացվել են 2017 թվականի սեպտեմբերին: «Նովիչոկ» խմբի թունավոր նյութերը ախտահարում են նյարդային համակարգը, ինչը կարող է հանգեցնել պարալիզի:

Վերջնագիր և դիվանագետների արտաքսում

Այս ամենից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատասխանատվությունը, ամենայն հավանականությամբ, կրում է Ռուսաստանը: Մեյը պաշտոնական Մոսկվային մեկ օր ժամանակ տվեց կատարվածի առիթով բացատրություն ներկայացնելու համար:

Ռուսաստանի արտգործնախարարությունից պատասխանեցին, որ այս ամենը հերթական հակառուսական տեղեկատվական-քաղաքական արշավն է: Իսկ Ռուսաստանի դատախազությունը հայտնեց, որ պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության իրավական հարթությունում, սակայն ընդգծեց նաև, որ դեռևս ոչ մի հիմնավորված փաստարկ չեն լսել բրիտանացիներից: Կարճ ասած՝ պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է իր մասնակցությունը Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործին:

Թերեզա Մեյը՝ խորհրդարանում հայտարարում է 
դիվանագետների արտաքսման մասին

Մարտի 14-ին Թերեզա Մեյը երկրի խորհրդարանում հայտարարեց, որ ռուսաստանցի 23 դիվանագետներ կարտաքսվեն Մեծ Բրիտիանիայից, քանի որ պաշտոնական Մոսկվան այդպես էլ ոչ մի բացատրություն չներկայացրեց: Դիվանագետներին հավաքվելու համար մեկ շաբաթ ժամանակ է տրվել: Մեյի խոսքերով՝ արտաքսվելու են այն դիվանագետները, որոնց Լոնդոնը լրտեսության մեջ է կասկածում:  Բացի դա, Միացյալ Թագավորության կառավարության և արքայական ընտանիքի անդամները չեն մասնակցի ամռանը Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Այս ամենին ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց պատասխանը շատ կտրուկ է լինելու.

«Պատասխանը այնպիսին է լինելու, որ Մեծ Բրիտանիան զղջալու է իր գործողությունների համար»,- նշել էր նա: Իսկ արդեն այսօր Լավրովը РИА Новости-ին հայտնել է, որ Ռուսաստանն էլ իր հերթին է արտաքսելու բրիտանացի դիվանագետներին, իսկ ժամկետնեի մասին ասել է` «շուտով»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով

Նախօրեին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ հրավիրվեց Անվտանգության խորհրդի նիստ: ՄԱԿ-ում Մեծ Բրիտիանիայի ներկայացուցիչ Ջոնաթան Ալենը մեղադրել է Ռուսաստանին Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) կոնվենցիաները խախտելու մեջ: Ալենի խոսքերով՝ իրենք ունեն երկու վարկած. կամ Ռուսաստանը անմիջական պատասխանատվություն է կրում Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար, կամ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն այդ նյութերի նկատմամբ:

Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին / © РИА Новости

ՄԱԿ-ում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան այս ամբողջ պատմությունը անվանել է «սև փիառ» Ռուսաստանի դեմ՝ ընդգծելով, որ «Սկրիպալը շատ լավ համապատասխանում էր զոհի կարգավիճակին, ում միջոցով կարելի էր ցանկացած անիմաստ սուտ հորիննել»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպը հետաքննելու նախագիծ էր ներկայացրել, որը, սակայն, արգելափակվել է Մեծ Բրիտանիայի կողմից:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը այսօր հայտարարել է, որ իրենք Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն են հանձնելու այն նյութի օրինակը, որով թոuնավորվել են Սկրիպալն ու նրա դուստրը: Ջոնսոնը շեշտել է նաև, որ Մեծ Բրիտանիան հստակ ապացույցներ ունի, որ Մոսկվան առնչություն ունի Սոլսբերիում կատարվածին:

Համաշխարհային առաջնորդների արձագանքը

Համաշխարհային տերությունների առաջնորդները, արձագանքելով կատարվածին, հիմնականում իրենց համերաշխությունն են հայտնել Մեծ Բրիտանիային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մոսկվան կապ ունի Սկրիպալի թունավորման հետ:

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար:

Անգելա Մերկելի կարծիքով՝ չնայած դիրքերի անհամապատասխանությանը, Եվրոպան պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Սոլսբերիում կատարվածը՝ ընդգծելով, որ իրենք ակնկալում են Մոսկվայի մասնակցության ապացույցներ ստանալ:

Հավելենք, որ մարտի 4-ին թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստերը առողջական վիճակը բժիշկները գնահատում են «ծայրահեղ ծանր»:

Գլխավոր լուսանկարում՝ Սկրիպալի և նրա դստեր թունավորման վայրը / © Reuters