HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորի փեսայի նկատմամբ մահվան ելքով վթարի գործով խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

2018թ. մարտի 10-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ.), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել էր:

Վթարից հետո մի անձ ներկայացել էր ոստիկանություն և հայտնել, թե վրաերթն ինքն է կատարել: Սակայն մարտի 13-ին Ժորա Վարդանյանը ներկայացել էր իրավապահներին և հայտնել, որ մեքենայի ղեկին ինքն է եղել:

Կենտրոնական բանկի մոտ տեղի ունեցած մահվան ելքով վթարի գործով Ժորա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս մասին «Հետք»-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով,  այն է՝ համապատասխանաբար «Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» և «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը»:

Նշենք, որ Ժորա Վարդանյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին:

Հետաքրքրվեցինք, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվել Վարդանյանի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելիս, և ի պատասխան Սոնա Տռուզյանը հայտնեց, որ վարույթն իրականացնող  մարմինը գտել է, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը չի խոչընդոտի գործի քննությանը:

«Նկատի ունենալով, որ նա ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, խոստովանել, որ ինքն է եղել մեքենայի ղեկին, հայտնել, թե դեպքի ժամանակ ովքեր են եղել ականատես վկաները (այսինքն՝ հայտնել է, որ մեքենայի մեջ մենակ չի եղել, և նրա հետ եղած անձինք ևս հարցաքննվել են), ինչպես նաև այն, որ կատարվել են նախնական քննության այս փուլում անհրաժեշտ գործողությունները, վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը չի խոչընդոտի գործի քննությանը: Ավելին, նա օգնել է իր կողմից կատարված արարքը հիմնավորող ապացույցների ձեռքբերման հարցում: Նկատի ունենալով նաև այն հանգամանը, որ մեղադրյալիխնամքին կան մանկահասակ երեխաներ`նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,- մեզ հետ զրույցում նախաքննություն իրականացնող մարմնի որոշումը հիմնավորեց Սոնա Տռուզյանը:

 

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Իսկ ո՞վ է դրդել մեկ ուրիշին մեղքը վերցնել իր վրա: Իհարկե, լավ է, որ չի կիռարվել ազատազրկում մինչև քննության ավարտը, բայց ինչու՞ նման մարդասիրական մոտեցում չեն ցուցաբերում 1,5 տարուց ավել բանտարկված Անդրիաս Ղուկասյանի, հիվանդ, տարեց Վահան Շիրխանյանի նկատմամբ : Միթե՞ կփախչեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter