HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 20-ին կհրապարակվի «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով շուրջ մեկ տարի տևած դատավարությունն այսօր ավարտվեց: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի մարտի 20-ին, ժամը 11-ին: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի համար դատախազը միջնորդել էր ամենախիստ պատիժը՝ 11 տարի, իսկ ամենամեղմը՝ 2 տարի Հովհաննես Պետրոսյանի համար:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին այսօր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց նստած արտասանել ո՛չ իր պաշտպանական ճառը, ո՛չ էլ վերջին խոսքը: Սեֆիլյանը մի քանի անգամ փորձեց կարդալ ճառը, սակայն դատավորը նրան ընդհատում էր՝ պահանջելով ոտքի կանգնած խոսել դատարանում: Դատավորը պահանջում էր լռել Սեֆիլյանին, երբ ինքն է խոսում: «Մենք դատարան չունենք, կարծում եք Դուք դատավո՞ր եք, Դուք կատարող եք: Այդ Դո՛ւք լռեք, երբ ես եմ խոսում»,- հակադարձում էր «Հիմնադիր Խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: Մոտ հինգ րոպեանոց բանավեճից հետո, ի վերջո, համաձայնություն ձեռք բերվեց, որ պաշտպան Արայիկ Պապիկյանը կարդա Ժիրայր Սեֆիլյանի ճառը:

Ճառը ուղղված էր հայ ժողովրդին. «Իմ խոսքն ուղղված չէ Սերժ Սարգսյանի գործիք այս կեղծ դատարանին, այլ մեր ժողովրդին և միջազգային հանրությանը»:

Դատական պրոցեսը Սեֆիլյանը անվանել էր դատավարության անվան տակ իրականացվող հաշվեհարդար. «Դատաքննության փոխարեն ականատես ենք եղել թատերական բեմականացում հիշեցնող ողբերգակատակերգային մի միջոցառման, մի ֆարսի, որտեղ, այսպես կոչված, մեղադրող կողմի հրապարակած դատարկաբանությունը պարզապես վատ հորինված հեքիաթ է, որը դատավորի դերակատարմամբ հանդես եկող անձն իր ջղաձիգ և բացահայտ ապօրինի գործողություններով փորձում է ամեն գնով ներկայացնել որպես իրականություն»:

Սեֆիլյանը համոզված է, որ իրականում տեղի է ունենում «բացահայտ և պատվիրված քաղաքական հալածանք և բռնություն, ինչի համար թե՛ պատվիրողը, թե՛ կատարածու «դատավոր-դատախազները» ոչ ուշ ապագայում պատասխան են տալու ինքնիշխան Հայաստանի անկախ դատարանի, Հայկական Նյուրնբերգի առաջ՝ իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի և հայրենիքի դավաճանության գործի շրջանակներում»: 

Սեֆիլյանն իր ճառում անդրադարձել էր իր նկատմամբ հնչեցված երկու սպառնալիքին: 2016թ. հունվարի 12-ին քննչական կոմիտեի քննիչ Ամրամ Մակինյանը (ով այժմ փաստաբան է) Սեֆիլյանին հրավիրել է իր մոտ և փոխանցել. «Վերջին անգամ Ձեզ զգուշացնում ենք, որ եթե շարունակեք Ձեր քաղաքական գործունեությունը, Դուք նորից հայտնվելու եք ճաղերի ետևում»:

Երկրորդ սպառնալիքը հնչել է այսպես. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»: Սեֆիլյանի պատասխանը եղել է. «Զեկուցեք Ձեր ղեկավարությանը, որ Հայաստանը տեր ունի և մենք գտնվում ենք մեր հողի վրա ու ազատ ենք մեր գործունեությամբ, իսկ դուք շուտով ռադներդ քաշելու եք մեր երկրից»:

Այդ սպառնալիքը միջնորդի միջոցով Ժիրայր Սեֆիլյանին փոխանցողը եղել է «Հանուն ինքնիշխան Հայաստանի» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը: 

Այսօր դատարանում հնչեցին նաև մյուս ամբաստանյալների պաշտպանական ճառերն ու վերջին խոսքերը, որից հրաժարվեց միայն Հովհաննես Պետրոսյանը՝ իր լռելը պատճառաբանելով պաշտպանությանը չխանգարելու հանգամանքով։ Նա դատարանից պահանջեց միայն արդար դատ:

Ամբաստանյալներից Հրայր Թոփչյանը նշեց, որ այս գործը ի սկզբանե ծրագրված է եղել, գործում դրված են կեղծ ապացույցներ, անդրադարձավ ինքնախոստովանական առաջին ցուցմունքին։ Դատաքննության ժամանակ նա արդեն իսկ հրաժարվել էր նախաքննության ժամանակ տրված ցուցմունքից։ «Ես չեմ եղել որևէ խմբի անդամ, բայց երևի իմ կերպարը հարմար է եղել էդ դերի համար: Մեղմ ասած՝ արհեստական գործ ա... էս երկրի սպառնալիքը մենք չենք...ուշքի գանք, ամեն ինչ չի, որ օրվա պահանջով ա․․․պետությունը հարվածի տակ էսպես դնելը ճիշտ չի»,- ասաց Թոփչյանը:

Ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանը նշեց, որ «Գիտեի, թե զենք տեղափոխելու մեջ մեղավոր եմ, բայց զենքի զենք լինելն էլ չապացուցվեց։ Փաստորեն ոչ մի բանում մեղավոր չեմ։ Մի տարի տասը ամիս ես բանտում եմ ոչ մի բանի համար: Երկու զենք են բերում դատարան, կողքն էլ խոհանոցային գրտնակ ա ներկայացվում կամ պլաստմասից խողովակ, ծիծաղելի ա էս ամեն ինչը, ոնց որ ծիծաղելի էր քննիչների սարքածը: Շատ մեղմ եմ խոսում՝ հաշվի առնելով, որ գտնվում եմ դատարանում: Չգիտեմ՝ 1 տարի 10 ամիս իմ ծեր մայրը ոնց ա թոշակով կոմունալները մուծում: Ոնց հարգեմ ինձ ստեղ հասցնողի սրբությունները, երբ իրանք իմը չեն հարգել»:

Մյուս ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանը հարյուր տարի հետ գնաց՝ հիշելով բանաստեղծ Հակոբ Հակոբյանի մի բանաստեղծություն՝ «Գարնան մի ցուրտ առավոտ ծիտը թռավ ծտի մոտ»: «Հակոբ Հակոբյանին դատապարտեցին, քանի որ փոխաբերական իմաստ էին գտել այս տողերում, քանի որ այդ արտահայտությամբ նա հավաքվելու կոչնակ էր արել: Հիմա էլ նույնն է: Ուզում եմ եղիցի լույս, որ տեղ չթողի ստրուկին: Մեր վաղվա հաղթանակը անխուսափելի է»:

Ներսես Պողոսյանը պատմեց, որ քննիչը փորձել է ցուցմունքներ կորզել Սեֆիլյանի դեմ «Հիմա մեր մոտ 37 թիվն ա: Ասում ա՝ պիտի գրես Ժիրայրի վրա: Ասում եմ՝ ինչի՞ համար, Ժիրոյի վրա, չէի կարա ինձ նման ստորություն թույլ տայի: Ու սենց երկու տարի ես բերդում եմ, էրեխեքս մեծանում են առանց պապա: Փչացրեցին իմ էրեխեքի մանկությունը... ասեց՝ գրի, տղա էրեխեք ունես, դպրոց են գնում, շոշ են անցնում, ախպեր ունես: Ոչ խնդրելու եմ մեղմ պատիժ, մի բան եմ խնդրելու՝ ճիշտ պատիժ»: Ներսես Պողոսյանը վերջին խոսքն ասելիս պարզեց երեք որդիների նկարները՝ ասելով՝ տղաները մեծանում են, հաղթանակը մերն է լինելու:

Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց գաղտնալսումների միջոցով ձեռք բերված բոլոր ապացույցները համարել անթույլատրելի, խուզարկությունների միջոցով ձեռք բերված ապացույցների վերաբերելիության հարցը։ Նա հերթով անդրադարձավ մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին՝ դրանք վերլուծելով անթույլատրելիության, վերաբերելիության լույսի ներքո:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը հանդես եկավ ռեպլիկով՝ փորձելով իրավաբանական տերմիններով, Վճռաբեկ դատարանի նախադեպերով հիմնավորել մեղադրանքը, դրա հիմքում դրված ապացույցները:  

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Այս գործով անցնում են նաև Գևորգ Սաֆարյանը, Հովհաննես Պետրոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը: 

Հ.Գ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մուտքը շուրջ մեկ տարի՝ ամեն ուրբաթ շրջապատվում էր երկաթե ուղեփակոցներով ու ոստիկանական ուժերով, անգամ մայթի վրա կանգնում էին ոստիկաններ: Ամիսներ շարունակ կարգադրիչների կողմից ամեն նիստի հավաքագրվում էին այս գործով նիստերին մասնակցող քաղաքացիների անձնական տվյալները, որոնք շատ անգամ ծառայում էին որպես հիմք՝ ակտիվ քաղաքացիների հանդեպ նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիաների համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter