HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական օպերատորն իրանցիներին տեղափոխում է Հայաստան՝ Նովրուզն այստեղ նշելու

Գյումրիում բազավորվող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը չնայած այս տարվա հունվարից ի վեր սեփական թռիչքներ չի իրականացնում, փոխադրողի օդանավերը շարունակում են թռչել այլ օպերատորների կարիքների համար:

Ինչպես տեղականում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից, «Տարոն-Ավիայի»՝ Մհեր Մկրտչյանի անունը կրող «Boeing 737-500» օդանավը (գրանցման համարը՝ EK-73797) երեկվանից օգտագործվում է հայկական մեկ այլ՝ «Atlantis European Airways» ընկերության չվերթների համար:

Գրել էինք, որ ձմեռային հարկադիր դադարից հետո «Տարոն-Ավիայի» օդանավերից այս մեկը կայանված է մնացել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, իսկ մյուս «Boeing 737-500»-ը (EK-73776), որը կրում է Արամ Խաչատրյանի անունը, ուղարկվել է Աֆրիկա: Ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ հույս ունեն թռիչքները վերականգնել ամառային աերոնավիգացիոն սեզոնի մեկնարկին՝ մարտի վերջին: «Սեւ մայրցամաքում» տեւական ժամանակ վարձակալական հիմունքներով շահագործվում են նաեւ ավիատոր Գառնիկ Պապիկյանի ընկերության EK-73775 եւ EK-73772 համարներով «Boeing 737-500»-ները:

Ինչ վերաբերում է «Atlantis European Airways»-ին, այս փոխադրողը պատկանում է ՔԱԳՎ պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին: Բայց այնպես չէ, որ «Atlantis»-ն ինքնաթիռ չունի: Նրա «Airbus A320» (EK-32002) օդանավը անցյալ տարվա նոյեմբերից վարձակալման է հանձնված հունական «Ellinair» օպերատորին: Իսկ մինչ այդ այս օդանավը շահագործում էր մոլդովական «Fly One»-ը: Նույն «Fly One»-ն էր նաեւ Մարությանի ընկերության մեկ այլ «Airbus A320»-ի՝ EK-32008-ի վերջին շահագործողը: Այս պահին, ըստ ավիացիոն տեղեկատուների, EK-32008-ը չի թռչում, իսկ EK-32002-ը չվերթներ է կատարում Հունաստանի ներսում եւ դրանից դուրս:

Վերադառնանք «Տարոն-Ավիայի» օդանավին ու դրա թռիչքներին: Փաստորեն, EK-73797-ն առաջինն է, որով «Atlantis»-ն ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Բանն այն է, որ Արամ Մարությանի ընկերությունը, նույնիսկ իր շարժակազմն ունենալով, նախկինում թռիչքներ չի կատարել, փոխարենը նախընտրել է օդանավերը վարձակալության տալ այլ ավիաընկերությունների: Ու հիմա ինքն է վարձակալել հայկական գործընկերոջ ինքնաթիռը եւ կատարում է իր չվերթները:

EK-73797-ը երեկ Գյումրուց թռել է Երեւան, ապա «Զվարթնոցից» ուղեւորվել Թեհրան՝ Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայան, ավելի ուշ՝ վերադարձել Երեւան: Այսպիսով՝ «Atlantis»-ն սկսում է չվերթներ դեպի Իրան՝ օգտագործելով «Տարոն-Ավիայի» ինքնաթիռը: «Զվարթնոցի» կայքից տեղեկանում ենք, որ ավիաընկերությունը բացի Թեհրանից թռչելու է նաեւ Շիրազ ու Մաշհադ: Այս պահին, բացի «Atlantis»-ից, Երեւանն ու Թեհրանը օդով իրար են կապում նաեւ իրանական «Mahan Air»-ն ու «Iran Aseman Airlines»-ը: Վաղվանից նրանց կմիանա նաեւ «Qeshm Airlines»-ը: Շիրազի ու Մաշհադի ուղղությամբ ներկա պահին հայկական փոխադրողը մրցակից չունի:

«Atlantis»-ի չվերթները դեպի Իրան ունեն պարզ բացատրություն. վաղը՝ մարտի 20-ին, Իրանում նշելու են Նովրուզը՝ Նոր տարին: Ինչպես եւ ամեն տարի, այս անգամ էլ սպասվում է մեծաթիվ իրանցիների հոսք դեպի Հայաստան: Փաստորեն, հայկական ավիաընկերությունն օգտվում է առիթից եւ հարեւան երկրի բնակիչներին առաջարկում իր ծառայությունները՝ տոները Հայաստանում նշելու համար:     

Լուսանկարը՝ «Տարոն-Ավիայի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter