
Դիլիջանում պահվող դելֆինները կտեղափոխվեն Իրան
Դիլիջան քաղաքի դելֆինարիումի երկու դելֆինները մինչև մարտի 20-ը տեղափոխվելու են Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2017թ-ի աշնանը բացված դելֆինարիումն առաջարկում էր դելֆինաթերապիա, որը, ըստ կազմակերպության հայտարարության, ցուցված է մի շարք հիվանդությունների համար: Կենդանիները Հայաստան էին բերվել սեպտեմբերի վերջին՝ Սոչիի Морская Звезда դելֆինարիումից: Բնապահպանները, սակայն, վիճարկում էին առողջության վրա դելֆինաթերապիայի դրական ազդեցության պնդումը և ուշադրություն հրավիրում հատկապես կենդանիների պահման պայմանների վրա:
![]() |
Ավելին՝ Դելֆինաթերապիա, թե՞ դաժան բիզնես. ֆիլմ՝ ռուսաստանյան փորձի մասին |
Բրիտանական Marine Connection կազմակերպությունը, որը դելֆիններին Դիլիջանից տեղափոխելու արշավի ակտիվ մասնակիցներից էր, փետրվարի վերջին հայտարարեց, որ դելֆինարիումը կփակվի, իսկ դելֆինները կուղարկվեն Ռուսաստան, որտեղից դրանք բերվել էին:
«Հետք»-ը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին խնդրել էր պարզաբանել այս լուրը: Հարցրել էինք նաև, թե ինչ հիմքով է փակվել դելֆինարիումը: Նախարարությունը վերջին հարցին չի պատասխանել, սակայն ավելացրել է, որ կենսառեսուրսների կառավարման գործակալությունը «Դելֆինաթերապիա» (նախկինում՝ «Դելֆինաթերապիա Փարադայս» -Հ.Գ.) ՍՊԸ-ին 2017թ-ի դեկտեմբերի 28-ին տվել է վերարտահանման թույլտվություն՝ «վեց ամսվա ընթացքում երկու շշաքիթ դելֆինները ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն վերարտահանելու համար»: Բնապահպանության նախարարությունը այլ մանրամասներ չի հայտնում:
Լուսանկարը՝ Dolphin therapy Dilijan էջից / Facebook
Մեկնաբանել