HY RU EN

Ամալյա Մարգարյան

Կարո Եղնուկյանի համար նորից շտապօգնություն են հրավիրել

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա նիստին Կարո Եղնուկյանի համար նորից շտապօգնություն հրավիրվեց, իսկ նիստը դեռ չսկսված՝ հետաձգվեց։

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշել էր, որ դատաբժշկական փորձաքննություն անցկացնի, սակայն այսօր առանց փորձաքննության արդյունքների՝ Եղնուկյանին բերել են դատարան։

«Դուք ի՞նչ եք ուզում անել, ուզո՞ւմ եք մահվան դուռը հասցնել Եղնուկյանին։ Ամեն անգամ Եղնուկյանի վիճակը կտրուկ վատանում է, երբ հայտնվում է դատարանում, դուք ոչինչ չեք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։ Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանն էլ հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի հոգեբանական վիճակով է պայմանավորված նրա ինքնազգացողության վատացումը, եւ նման վիճակով դատական նիստերը շարունակելն ուղղակի պետական միջոցների վատնում է։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց բժշկի եզրակացությունը ստանալու համար։ Նիստը վերսկսելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ Կ. Եղնուկյանի զարկերակային ճնշումն է բարձրացել՝ հասնելով 170/120-ի։ Դատարանը հետաձգեց նիստը՝ հայտնելով, որ բոլորի ներկայությունը նիստին պարտադիր է, իսկ Եղնուկյանը չի կարող ներկա գտնվել նիստին։

Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ ամեն անգամ նույն պատմությունն է կրկնվում, քանի որ Եղնուկյանը չի կարողանում ներկա գտնվել նիստերին։