HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Էդվարդ Կակոսյան

սկիզբը

Էդվարդ Վարդանի Կակոսյանը  ծնվել է 1936թ., Երեւանում: Մինչ կալանավորվելը եղել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող: Միաժամանակ աշխատել է դպրոցում` որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ: Հիմնադրել է հայոց լեզվի անաղարտության ու պահպանման խնդիրներով զբաղվող «Մեսրոպ Մաշտոց» ուսանողական ընկերությունը, ապա՝ «Հայկազուն» խմբակը: Եւ մաշտոցյան ընկերությունը, եւ «Հայկազուն» խմբակը ունեցել են մեկ նպատակ՝ հայոց լեզվի պահպանումն ու մաքրությունը։ Ըստ էության, նրա ծավալած գործունեությունը քաղաքական ենթատեքստ չի պարունակել, նաեւ՝ գաղտնի կամ ընդհատակյա չի եղել: Նրա դատապարտման համար հիմք է հանդիսացել միայն այն հանգամանքը, որ առնչվել է «Յոթի գործ»-ով մյուս ամբաստանյալներին:

Կակոսյանը մասնակցել է 1963թ․ Մերուժան Հովհաննիսյանի տանը տեղի ունեցած հայտնի մեծ հավաքին, որտեղ քննարկվել է Հայ երիտասարդների միություն (ՀԵՄ) կազմակերպությանը կազմակերպական բնույթ հաղորդելու հարցը, գործունեության ծրագրեր են նախանշվել, եւ ընտրվել է կազմակերպության խորհուրդ։ Հավաքի մասնակիցները տեղյակ են եղել, որ Էդուարդ Կակոսյանը հայոց լեզվի պահպանմամբ զբաղվող խմբակ ունի, սակայն այդ խմբակը Հայ երիտասարդների միության մեջ միավորելու կամ տարրալուծելու խնդիր չեն դրել ու չեն քննարկել։ 

Բոլորի համար էլ պարզ է եղել, որ Կակոսյանը ընդհատակյա քաղաքական գործունեություն ծավալելու փոխարեն պետք է զբաղվի իր նախընտրած գործով։ Նա, անկասկած, Հայ երիտասարդների միության գաղափարների համախոհն է եղել, դեպքից դեպք մասնակցել է կազմակերպության աշխատանքներին ու քննարկումներին, ինքն է առանձին հավաքներում ելույթներ ունեցել, բայց շարունակել է մնալ «Հայկազուն» խմբակի ղեկավարը եւ իր գլխավոր գործն է համարել այդ խմբակի շրջանակներում ու այդ խմբակի առաջ քաշած խնդիրների վրա ծանրանալը։ 

Կակոսյանը գրել է «Ինչ է ազգերի միաձուլումը, եւ ով է ձգտում դրան» եւ «Ողջույն Կիրովաբադի հայ բարեկամներին» վերնագրերով հոդվածները։ Այդ հոդվածներում նա բարձրացրել է ռուսաֆիկացման, այս կամ այն բնագավառներից հայոց լեզվի դուրս մղման, լեզվի մաքրությանն առնչվող հարցեր ու քննադատել ԽՍՀՄ-ում տարվող ազգային քաղաքականությունը՝ համարելով, որ հենց այդ քաղաքականության արդյունքում է հայ ժողովուրդը կանգնած սեփական լեզվի ու ինքնության կորստի վտանգի առջեւ։ Նշված հոդվածները տպագրվել, բազմացվել ու տարածվել են։ Խորհրդային իշխանություններն այս հոդվածները եւ նրա ունեցած ելույթները դիտարկել են որպես ազգայնականության ու հակախորհրդային դրսեւորումներ եւ ի թիվս ՀԵՄ խորհրդի վեց անդամների նրան նույնպես  ՀԽՍՀ քր․ օրենսգրքի 65 (հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը) հոդվածներով մեղադրանք են առաջադրել։  

Էդվարդ Կակոսյանը կալանավորվել է 1963 թ. դեկտեմբերի 30-ին: Դատապարտվել է 1,5 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրում:

Ազատազրկման ավարտից հետո որպես ուսուցիչ աշխատել է Կոտայքի մարզի Քաղսի գյուղի դպրոցում։

1979թ․ տեղափոխվել է ԱՄՆ։ Այնտեղ ծանոթացել ու շփվել է հայ արորդիների հետ, ապա հեթանոսություն է ընդունել։ Կնքվելով Սլակ անվամբ` օծվել է որպես քրմապետ։

1988թ․ վերադարձել է Հայաստան։

1990թ․ հիմնադրել է հայաստանյան հեթանոսական համայնքը՝ «Արորդիների Ուխտ» անվամբ եւ ինքն էլ դարձել այդ համայնքի քրմապետը։ Գրել է Արորդիների սուրբ գիրքը՝ Ուխտագիրքը։

Հեղինակել է «Արարատյան դիցաբանություն», «Հայոց լեզվի խորհրդարան» եւ «Բնախոսություն» գրքերն ու բազմաթիվ հոդվածներ։

Վախճանվել է 2005թ. օգոստոսի 24-ին: 

սկիզբը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter