
Սյունիքի մարզպետը պնդում է, որ կառավարության որոշումը նպաստավոր է
Ամանորի նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրավիրել էր մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` շնորհավորելու նրանց և սյունյաց ժողովրդի Ամանորն ու փոքրիկ հյուրասիրություն մատուցելու` ի նշան շնորհակալության:
«Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այս տարիների մեր համատեղ աշխատանքի համար,-ասաց նա: -Դուք այն հրաշք մարդիկ եք, որ մեր բոլոր կատարածը և չկատարածը կարողանում եք ներկայացնել մեր ժողովրդին»:
Մարզպետը նշեց, որ իրենց համագործակցությունը թույլ չի տալիս իրեն ընդհանրացումներ անել ԶԼՄ-ների վերաբերյալ, բոլորին մի աչքով նայել, քանի որ լրագրության մեջ ևս կան «տեսակներ», որոնց պետք է հարգել և հանուն դրա` վատերին պետք է շատ չվարկաբեկել:
«Չնայած 20 տարի է` ինձ փնովում են լրատվամիջոցները, բայց նայելով ձեզ, տեսնելով ձեր գործունեությունը, գնահատելով ձեր մեծությունը, ես ինձ իրավունք չեմ վերապահում` համընդհանուր կարծիք արտահայտելու: Այնուամենայնիվ, փառք ու պատիվ ձեզ: Կեցցեք դուք, ես ձեզ բոլորիդ ամենալավն եմ ցանկանում: Բաժակները բերե’ք»,-ասաց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Հետք»-ը, հայտնված անկոչ հյուրի կարգավիճակում, օգտվեց առիթից և փորձեց ճշտել մարզպետի դիրքորոշումը Քաջարանի խնդրի վերաբերյալ:
-Ես ուզում եմ, որ Դուք որևէ մեկին չլսեք և ինքներդ կարողանաք տարբերակել կառավարության որոշումը և ժողովրդի ցանկությունը: Կառավարության որոշման մեջ մեկ ստորակետ անգամ չկա, որը կարող է ազդել ժողովրդի կենսաձևի և ապրելակերպի վրա: Այսօր ոչ մեկը նման որոշում չի ընդունել, որ գյուղը կամ գերեզմանը քանդեն: Նման որոշում չկա:
Խոսքը գյուղական համայնքներից 600 հա հող օտարելու մասին է...
Ես վստահաբար կարող եմ ասել` այս ամենը մեկ-երկու մարդու անձնական շահի խնդիրն է. նրանք, առիթը օգտագործելով, փորձել են մեծ փողերի տեր դառնալ, չի ստացվել, և այս ձևով անիմաստ շահարկում են: Ոչ մեկը ժողովրդին չի ասել` պիտի էստեղից գնաք:
Իսկ Դուք Ձեր համաձայնությունը տվե՞լ եք որոշումից առաջ:
Խնդրում եմ, լսեք: Դա նպաստավոր որոշում էր, որը կարող էր շահավետ լինել գյուղական համայնքների համար: Վարձակալության պայմանագիրը կկապեին, գյուղի բյուջեն կհարստանար: Իսկ հետագան թե ինչպիսին կլիներ, ուսումնասիրությունների հետագա արդյունքից էր կախված: Բայց որ էսօր բոլորս միասին հարայ-հրոց անենք, աղմուկ-աղաղակ բարձրացնենք անիմաստ տեղը, հավատացեք, որ սա տեղին չի:
Իսկ այդ որոշմամբ համայնքներից օտարվող 600 հեկտարը գյուղերի բնակչությանը չի՞ առնչվում:
Ընդհանրապես չի առնչվում:
Որոշման մեջ կան նաև քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տարածքներ, կոնկրետ Արծվանիկում` մոտ 95 հեկտար:
Դա պոչամբարի տարածքն է, որն արդեն օգտագործվում է: Պարզապես պետք է պայմանագիր կնքել, որովհետև Խորհրդային Միության տարիներին ապօրինի որոշումներ են եղել. այսօր դրանք թարմացվում են և օրինականացվում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել