
Վուլֆովիչի դոկտրինը գործողության մեջ
Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմ է սկսվում: Ո՞րն է դրա պատճառը, և ինչպիսին կլինեն դրա հետևանքները մեր տարածաշրջանի համար:
Ռուսական ռազմական հետախուզության նախկին սպայի` Լոնդոնում իրականացված թունավորման պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները սրընթաց կերպով լարվում են:
Մի կողմ թողնենք Բրիտանիայի ու Ռուսաստանի դեսպանատների աշխատակիցների փոխադարձ արտաքսումները, ինչպես նաև` դեռևս սպասվելիք զարգացումները, այլ փորձենք «վերևից» դիտարկել ստեղծված իրավիճակը` հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական հարաբերությունների նախապատմությունը:
Դիտարկենք առավել նշանակալի հայտարարությունները և փորձենք հասկանալ, թե դրանց տողատակերում ինչ է թաքնված:
Այսպիսով.
- Բրիտանիայի արտգործնախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ,
- ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռուդը Սենատում կազմակերպված քննարկումների ժամանակ ասել է, որ Մոսկվան և Պեկինը փորձում են փոխել գործող աշխարհակարգը,
- Ամերիկացի գեներալ Ջոն Հայտենը Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի հիմնական սպառնալիքը,
- Պենտագոնի ղեկավար Ջոն Մետիսն ասել է, որ Մոսկվան և Պեկինը փորձում են աշխարհը կառուցել իրենց բնորոշ ավտորիտար մեթոդներով:
Ավելին, 2017-ի դեկտեմբերի 20-ին հրապարակված ԱՄՆ Ազգային Անվտանգության ռազմավարության փաստաթղթում, որի տակ դրված է Թրամփի ստորագրությունը, ասվում է, որ Չինաստանը և Ռուսաստանը մարտահրավեր են նետում Ամերիկայի շահերին, ազդեցությանը և հզորությանը` դրանով վտանգի տակ դնելով Ամերիկայի անվտանգությունը և բարեկեցությունը:
Ազգային անվտանգության հայեցակարգում Ռուսաստանը հիշատակված է 17 անգամ և բոլոր դեպքերում` բացասական իմաստով:
Այսպիսով, ռուսական նախկին հետախույզի թունավորումը կարծես թե հարաբերությունների լարվածության հիմնական պատճառը չէ, քանի որ վերը բերված խոսքերն առնչություն չունեն ռուսական նախկին ռազմական հետախույզի ճակատագրին, դա ընդամենն առիթ էր, և այս պարագայում արդեն երկրորդական է, թե իրականում ով է կազմակերպել թունավորումը: Չլիներ այդ թունավորումը, կգտնվեր մի այլ պատճառ, քանի որ բրիտանացի և ամերիկացի պաշտոնյաներն ավելի հիմնարար մեղադրանքներ են ներկայացրել, ու ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին:
Վուլֆովիչի դոկտրինը
Փոլ Վուլֆովիչը 2001-2005 թվականներին եղել է ԱՄՆ Պաշտպանության փոխնախարարը, իսկ 2005-2007 թվականներին` Համաշխարհային բանկի նախագահը: 1989-1993 թվականներին ավագ Բուշի վարչակարգի համար պատրաստել է «Ռազմական շինարարության ուղեցույց» անվանումով գաղտնի փաստաթուղթը: 1992-ի մարտի 7-ին The New York Times ամսագրում հրապարակվել է հոդված, որտեղ մեջբերումներ են արվել այդ փաստաթղթից: Հետագայում փաստաթղթի ամենասկանդալային մասերը, մինչև Քլինթոնի ադմինիստրացիայի կողմից պաշտոնապես ընդունվելը, մեղմացվել են, սակայն դրանից բովանդակությունը չի փոխվել:
«Վուլֆովիչի դոկտրին» անվանումը ստացած փաստաթղթում խոսվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարության մասին. «Մեր հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ո´չ ետխորհրդային տարածքում, ո´չ էլ աշխարհի որևէ այլ անկյունում այնպիսի մրցակից առաջ գա, որը կարողանա ԱՄՆ-ի համար այնպիսի սպառնալիք հանդիսանալ, որպիսին մի ժամանակ Սովետական Միությունն էր: Դա պաշտպանության ռազմավարության հիմնական դրույթն է: Մենք պետք է աշխատենք թույլ չտալ, որ այնպիսի ախոյան ծնվի, որն իր ռեսուրսներով ընդունակ լինի գլոբալ վերահսկողություն ստանձնել միջազգային հարաբերություններում»:
Արևմտյան շատ վերլուծաբաններ Թրամփի «Ամերիկան առաջնահերթ է» կարգախոսը համեմատում են Վուլֆովիչի դոկտրինի հետ:
Պատահական չէ, որ Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունների հետ միաժամանակ սրվել են Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Շատերը երկու երկրների միջև առևտրային պատերազմ են կանխատեսում:
Այժմ վերադառնանք մեր տարածաշրջանի խնդիրներին, ինչի համար նորից կօգտվենք Վուլֆովիչի արտահայտություններից:
Այս տեսահոլովակում ԱՄՆ պաշտոնաթող գեներալ Վես Քլարկը պատմում է դեռևս 1991 թվականին իր և այդ ժամանակ Պենտագոնում իր նշանակությամբ 3-րդ պաշտոնը զբաղեցնող Փոլ Վուլֆովիչի միջեւ տեղի ունեցած մի խոսակցության մասին. «Ես ասացի` պարոն քարտուղար, Դուք պետք է շատ գոհ լինեք անապատում մեր զորքերի աշխատանքից: Նա պատասխանեց, որ` այո, բայց մենք պետք է ձերբազատվեինք Սադամից (1991-ի պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնը գահընկեց չարվեց), բայց մենք դա չարեցինք: Բայց մենք մի բան իմացանք, որ կարող ենք Մերձավոր Արևելքում օգտագործել մեր զորքերը, և Սովետները մեզ չեն կանգնեցնի: Մենք ունենք 5-10 տարի, որպեսզի մաքրենք սովետական նախկին ռեժիմները Սիրիայում, Իրաքում, Իրանում մինչ այն, երբ մի նոր գերտերություն կփորձի մեզ մարտահրավեր նետել»:
Դեռևս երեք տարի առաջ կարծիք կար, թե Վուլֆովիչի դեկտրինն արդեն անցյալում է, սակայն Թրամփի ազգային անվտանգության նոր գլխավոր խորհրդականի` Բոլթոնի ընդգծված հակաիրանական կեցվածքը, կարծես թե, նորից ակտուալ է դարձնում Վուլֆովիչի դոկտրինը, և հիմնական գործողություններն ուղղակիորեն մեր սահմանների մոտ են զարգանալու` Իրանի ուղղությամբ: Հայաստանը պարտավոր է այս նոր մարտահրավերի պայմաններում նոր ռազմական ու քաղաքական ռազմավարություն մշակել:
Մեկնաբանել