HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 64-ի

Ռուսական Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 64-ի, սակայն ՌԴ ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ այդ թիվը կարող է վերջնական չլինել: Զոհերի թվում կան տասնյակ երեխաներ, սակայն նրանց հստակ թվի մասին դեռևս տեղեկություններ չկան: Բժշկական օգնության է դիմել 44 մարդ, որոնցից 10-ը շարունակում են հիվանդանոցներում մնալ:

ՌԴ ՆԳՆ-ն ընդգծում է, որ 64 զոհերից հաջողվել է պարզել ընդամենը 17-ի ինքնությունը: Հայտանբերված մյուս դիերի ինքնությունը ճանաչելու համար գենետիկական փորձաքննություն է անհրաժեշտ:

Մարտի 25-ի կեսօրին սկսված հրդեհից հետո զոհերի և տուժածների մասին տեղեկությունները ժամերի ընթացքում փոխվում էին: Ամենասկզբում հաղորդվում էր 5 զոհի և 30 վիրավորի մասին, այնուհետև՝ 37 զոհ և 43 վիրավոր, ինչպես նաև շուրջ 7 տասնյակ անհետ կորած: Այս պահի դրությամբ անհետ կորած է համարվում 30 մարդ:

Հրդեհի օջախը գտնվել է առևտրի կենտրոնի ամենավերին՝ 4-րդ հարկում, որտեղ տեղակայված են եղել մանկական ժամանցի վայրեր և կինոսրահներ: Հրդեհի տարածքը կազմել է 1500 քառակուսի մետր: 

Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Արդեն իսկ հարցաքննվել է մոտ 70 մարդ:

Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 4 մարդ, այդ թվում այն տարածքի վարձակալը, որտեղ գտնվել է կրակի էպիկենտրոնը: Ձերբակալվել է նաև առտևրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարը, այս մասին հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեն: Ավելի վաղ ձերբակալվել էր նաև «Зимняя вишня» առևտրի կենտրոնի սեփականատեր Նադեժդա Սուդենոկը:

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հաղորդել է, որ գերատեսչությունում դիտարկում են անվտանգության աշխատակիցներից մեկին ձերբակալելու տարբերակը, ով հրդեհի ազդանշանից հետո անջատել է ծանուցման համակարգը: Այդ աշխատակցի անունը ՌԴ ՔԿ-ն չի բացահայտում: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ լուրջ խախտումներ են թույլ տրվել ինչպես առևտրի կենտրոնը շահագործման հանձնելիս, այնպես էլ նրա աշխատանքային գործընթացում:

Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն: Նախնական վարկածներից նշվում է՝ էլեկտրալարերի անսարքությունը և կրակի հետ անզգույշ վարվելը:

Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Կեմերովոյի հրդեհը Ռուսաստանի պատմության վերջին 100 տարիներին զոհերի քանակությամբ ամենախոշորն էր:

Լրացում/ 27.03. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մարտի 28-ը ամողջ երկրում հայտարարվել է սգո օր: Պետության ամբողջ տարածքում կիջեցվեն պետական դրոշները: Մշակութային հաստատությունները և հեռուստաալիքները կչեղարկեն բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: