HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերման Ավագյան

«Կինը սպասում է». լուսանկարչական նախագիծ

Գերման Ավագյան, լուսանկարիչ-վավերագրող

Տարիներ առաջ, Էնի Լեյբովիցի «Կանայք» ցուցահանդեսը դիտելուց հետո, ինձ ոգևորեց հայ կանանց մասին մի նախագծի իրականացման գաղափարը: Սկսեցի լուսանկարել գեղջկուհիների, բանաստեղծուհիների, նկարչուհիների, անտուն և քաղաքական գործիչ կանանց դիմանկարներ: Սակայն, որքան ավելի շատ էի լուսանկարում, այնքան ավելի էի համոզվում, որ հերոսուհիներիս դիմանկարները բացարձակապես չեն առնչվում միմյանց` ո՛չ ընդհանուր գաղափարով, ո՛չ արտահայտչաձևերով: Սակայն, ամենակարևորն այն էր, որ բոլոր հերոսուհիներս չէին ուրվագծվում հայկական իրականության համատեքստում. լուսանկարներում չկար այն առանցքը, որը կամբողջացներ տարբեր կանանց բազմաթիվ դիմանկարները` «Հայաստանի կանայք» վերտառությամբ մեկ ընդհանուր նախագծում: Նախագծի իրականացումը չշարունակեցի, քանի որ ԱՄՆ-ի համար ընտրած Էնի Լեյբովիցի ձևաչափը չէր ներդաշնակվում Հայաստանին:

Ավարտելով «Մահից հետո ծնվածները» նախագծիս աշխատանքը, որը նվիրված է արցախյան ազատամարտում իրենց հայրերի զոհվելուց հետո ծնված զավակներին ու ամբողջական տեսնելով արդեն պատրաստ ցուցադրությունը` ես հանկարծ հասկացա, թե ինչ սկզբունքով է հարկավոր լուսանկարել հայ կանանց մասին նախագիծը: «Մահից հետո ծնվածները» պատանիների և օրիորդների 40 դիմանկարներից բաղկացած լուսանկարչական շարք է. նրանց ձեռքերում իրենց հայրերի լուսանկարներն են, որոնց երբեք չեն տեսել: Լուսանկարներում չեն երևում մայրերը, բայց նրանց անտեսանելի ներկայությունը զգացվում է իրենց զավակների կողքին: Կորցնելով իրենց ամուսիններին, ինչը մեծագույն հարված էր, և հաղթահարելով այդ վիշտը` նրանք ծնեցին և մեծացրին այս երեխաներին: Այս մայրերից շատերն ընդամենը մի քանի ամիս են ամուսնացած եղել և ընդմիշտ այրի են մնացել: Եվ ահա, ինձ պարզ դարձավ, որ «Հայ կինը» նախագծիս հերոսուհիներին պետք է փնտրեմ նրանց մեջ, ում ճակատագրով անցել է պատերազմը, որի մեջ, ո՛չ իր կամքով, ներքաշվեց Հայաստանը` Անկախության հռչակումից անմիջապես հետո: Այդ տարիներին պատերազմը համախմբեց բոլորին, մտավ բոլոր հայ ընտանիքները: Պատերազմի ավարտից շուրջ քսան տարի անց` իր ուսերին դրա ծանրությունը կրող կինն է իմ նախագծի հերոսուհին, ով սրտամոտ ու հասկանալի է բոլորին, ով ապրել է այդ սարսափելի պատերազմը:

Լեռնային Ղարաբաղի զինված գործողություններում զոհվել է մոտ 5000 հայ տղամարդ, անհետ կորել են 800-ը: Սա չոր վիճակագրություն է: Անշունչ թվերի թիկունքում հազարավոր կանայք են կանգնած, որոնք սպասում են իրենց զավակներին, եղբայրներին և ամուսիններին: Նախագիծս նրանց մասին է: Այն կանանց մասին, ում համար պատերազմը դեռ ավարտված չէ: Ակտիվ ռազմական գործողությունների դադարից հետո` անցած քսան տարիները պետք է որ բավարար լինեին զոհվածների կորուստը սգալու և կորստյան վշտի հետ համակերպվելու համար: Այդ տարիների ընթացքում ցավը թեպետ չի մեղմացել, բայց մարդիկ համակերպվել են իրենց հարազատների կորստին: Սակայն, այն կանանց համար, ում ամուսիններն ու զավակներն անհետ կորել են, պատերազմն այդպես էլ չավարտվեց: Նրանք դեռ մնացել են այն տարիների շեմին և դեռ աղոտ հույս են փայփայում. նրանք սպասում են և հավատում: Նրանց արցունքները հանգուցյալի համար չեն թափվում, քանի որ չեն տեսել իրենց հարազատների անշունչ մարմինները, այդ արցունքներն իրենց ճակատագրի համար է: Նրանք դեռ հրաշքի են հավատում և հույս փայփայում, որ մի օր կտեսնեն իրենց սիրելիներին: Այս կանայք այդպես էլ չկարողացան սգալ իրենց անգին կորուստները, քանզի չեն ուզում հավատալ, որ նրանք մահացել են: Նրանք դիմադրում են այդ դաժան իրողությանը` մերժում, քանզի, եթե հավատան, կկորցնեն նրանց ընդմիշտ:

Ես երկակի զգացումներ էի ապրում այս նախագիծն իրականացնելիս: Ինձ թվում էր, թե հերոսուհիներիս տուն մտնելս իրենց համար հույսի նշան էր, որը, սակայն, ինքս չէի կարող իրենց տալ: Ես զարմանում էի, թե որքան գրկաբաց են ընդունում ինձ, կարծես` ես իրենց բարի լուր էի բերել: Տեսնելով մեղքի զգացումս այն բանի համար, որ չեմ կարող արդարացնել իրենց հույսերը` որոշ կանայք ինձ սփոփում էին և ասում, որ երազում տեսել են իմ այցը: Դա նրանց համար ի վերուստ տրված նախանշան էր: Ոմանք շնորհակալ էին, որ հիշել եմ իրենց: Բայց ոչ ոք չհարցրեց, թե ինչու եմ որոշել նման նախագիծ իրականացնել, և թե ինչու եմ լուսանկարում իրենց: Անկեղծ ասած, չէի էլ կարողանա պատասխանել այդ հարցին: Պարզապես անում եմ այն, ինչ կարող եմ: Եթե ես դա չանեմ, ոչ ոք չի անի: Ես խնդրում էի նրանց` ձեռքերով բռնել անհետ կորած զավակների կամ ամուսինների լուսանկարները: Նկատելի էր, որ առաջին անգամ չէին նման բան անում: Շատերն են նրանց լուսանկարել՝ Կարմիր Խաչը և այլն: Նրանք ընտելացել են այդ լուսանկարներին: Այդ լուսանկարները 20 տարի կախված են եղել պատից` իրենց աչքի առջև և, գուցե անհարիր հնչի, դարձել են իրենց բնակարանի, առօրյա միջավայրի անբաժանելի մասը: Դրանք դարձել են իրենց վշտի խորհրդանիշը, օգնել` տարիների ընթացքում համակերպվել կորստին: Իսկ երբ խնդրում էի, որ ինձ ցույց տան իրենց որդիներից պահպանված որևէ առարկա, նրանց հայացքները փոխվում էին: Ձեռք տալով 20 տարի շարունակ աչքից հեռու պահված այդ իրերը, նրանք չէին կարողանում զսպել զգացմունքները: Ես էլ էի հաճախ մոռանում, որ այնտեղ եմ հայտնվել լուսանկարելու նպատակով: Գրկում էի արտասվող կանանց և սպասում, որ հանգստանան: Նրանց համար պատերազմը դեռ չի ավարտվել:

Այս նախագիծը կանանց մասին է, որոնք ընդմիշտ մնացել են այդ պատերազմի «պատերի» ներսում:

Նախագծի շրջանակներում` 2013 թ. լուսանկարել եմ շուրջ 40 կանանց դիմանկարներ, որոնց հարազատներն անհետ կորել են պատերազմում և հետագա տարիներին` երկու հակառակորդ բանակների սահմանային բախումների ժամանակ:

2013թ. դեկտեմբեր

 

 

 

 

.

Մեկնաբանություններ (1)

Narek Zograbian
As much as I tend to disagree with the viewpoints of Hetq.am, I appreciate this article like no tomorrow. I was brought to tears by the just the expression of sorrow in their eyes. This couldn't have been an easy task to complete, I applaud you for this. -Narek

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter