HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Կարուանան հաղթեց հավակնորդների մրցաշարում. Արոնյանը վերջինն էր

Բեռլինում ավարտվեց մարտի 10-ին մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որի հաղթող դարձավ ԱՄՆ-ն ներկայացնող 25-ամյա գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, ով 14 հնարավորից վաստակեց 9 միավոր: Հենց նա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ կվիճարկի չեմպիոնական կոչումը և դիմակայությունում հաղթանակ տանելու դեպքում կդառնա շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը:

Մրցաշարին մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով հավակնորդների մրցաշարերի շրջանակներում գրանցեց իր վատագույն արդյունքը՝ 8 շախմատիստների պայքարում 4,5 միավորով զբաղեցնելով վերջին հորիզոնականը: Սա 35-ամյա հայ գրոսմայստերի համար 5-րդ փորձն էր հավակնորդների մրցաշարերում:

Ամբողջ մրցաշարի ընթացքում Լևոն Արոնյանը ընդամենը 1 հաղթանակ տարավ՝ 4-րդ տուրում սև խաղաքարերով առավելության հասնելով Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Մնացած 13 տուրերում Արոնյանը կրեց 6 պարտություն, ևս 7 անգամ էլ հաշտություն կնքեց մրցակիցների հետ: Չնայած որ մրցաշարի մեկնարկից առաջ շատ մասնագետներ Արոնյանին համարում էին հաղթողի կոչման գլխավոր հավակնորդներից մեկը, այնուամենայնիվ, Հայաստանի ուժեղագույն շախմատիստը չարդարացրեց սպասելիքները:

Հատկանշական է, որ մի քանի պարտիաների միջնախաղերում Արոնյանը ընդգծված դիրքային կամ որակական առավելություն էր ստանում մրցակիցների նկատմամբ, սակայն ի վերջո չէր կարողանում իրացնել այդ առավելությունը՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի և մի քանի դեպքում նույնիսկ պարտությամբ:

Այսօր կայացած վերջին՝ 14-րդ տուրից առաջ Ֆաբիանո Կարուանան 8 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ Սերգեյ Կարյակինն ու Շահրիար Մամեդյարովը նրանից կես միավորով էին հետ մնում: Արդյունքում, եզրափակիչ տուրում Կարյակինն ու Մամեդյարովը ոչ-ոքիներով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Կարուանան հաղթեց Ալեքսանդր Գրիշչյուկին և միավորների քանակը հասցրեց 9-ի:

Հավակնորդների մրցաշարի մրցանակային ֆոնը կազմում էր 420 հազար եվրո: Առաջին հորիզոնականը զբաղեցրած Կարուանան կպարգևատրվի 95 հազար, իսկ աղյուսակը եզրափակած Արոնյանը՝ 17 հազար եվրոյով: Մնացած գումարը կբաշխվի մյուս 6 շախմատիստների միջև` ըստ իրենց զբաղեցրած տեղերի։

Հավելենք, որ մարտի 31-ից ապրիլի 9-ը գերմանական Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում կկայանա GRENKE Chess Classic սուպերմրցաշարը, որին կմասնակցի նաև մրցաշարի գործող չեմպիոն Լևոն Արոնյանը:

Լուսանկարը՝ World Chess-ից