
Գեներալ-լեյտենանտը Ստեփանավանում հէկի կառուցման նախապատրաստություններ է սկսում
Ստեփանավան քաղաքի վարչական տարածքում՝ Տաշիր գետի վրա, նախատեսվում է նոր հէկ կառուցել: Այդ նպատակով «Ստեփձոր» ՍՊԸ-ն դիմել է բնապահպանության նախարարություն ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտով:
Ընկերությունը նախատեսում է կառուցել «Տաշիր» փոքր հէկը:
ԱՆ իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ստեփձոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականի հուլիսին: Հիմնադիր-բաժնետերերը Գուրգեն Հակոբյանն ու Հայ-ռուսական միացյալ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանն են: Նրանք հավասարապես կիսում են ընկերության բաժնեմասը:
Միխայիլ Գրիգորյանը ծնվել է Ստեփանավանում: 1994-1995 և 1997-2000թթ.՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն է եղել: 2000-2005թթ.-ին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:
Ստեփանավանի համայնքի ավագանու 2017թ. օգոստոսի 7-ի որոշմամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.15503 հա հողամասն ուղղակի վաճառքով օտարվել է «Ստեփձոր» ՍՊԸ-ին՝ 818 559 դրամով: 1 քմ հողամասի օտարման արժեք է սահմանվել 528 դրամը:
Տաշիր գետը Լոռու մարզում է: Սկիզբ է առնում Վիրահայոց լեռների արևմտյան մասից և Գետավան գյուղից: Երկարությունը 54 կմ է:
Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների՝ Տաշիր գետի Լոռվա ջրանցքի վրա երկու փոքր հէկ արդեն գործում է:
Միխայիլ Գրիգորյանի լուսանկարը՝ «Հայ զինվոր» թերթից
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել