
Ստամբուլում գրանցված ընկերությունը կզբաղվի շենգենյան 5 երկրի վիզաների տրամադրմամբ. ովքեր են կանգնած «ՎիզաՄետրիկ»-ի հետևում
ՀՀ քաղաքացիներն ապրիլի 3-ից եվրոպական 5 երկրներ մեկնելու նպատակով շենգենյան վիզա ստանալու համար պետք է փաստաթղթեր ներկայացնեն ոչ թե Գերմանիայի դեսպանատուն, այլ «ՎիզաՄետրիկ» միջնորդ կազմակերպություն:
Հանրության շրջանում մտահոգություններ են հնչել, թե ինչու է ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրումը հանձնվել թուրքական ծագման այս ընկերությանը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Մաթիաս Քիսլերը երեկ կայացած ասուլիսին այս մտահոգությանը հետևյալ կերպ է արձագանքել. «Հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում, այն երկարամյա փորձ ունի որպես նման ծառայություններ մատուցող կազմակերպություն, և իրենք մասնակցել են մրցույթին ու շահել մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում և այս տարածաշրջանում։ Ամենևին դեր չի խաղացել այն, թե որ երկրից է ընկերությունը, այլ միայն օբյեկտիվության սկզբունքներով է ընտրությունը կատարվել»։
Ավելին, դեսպանը ասուլիսին նաև հայտարարել է, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը ռուս-թուրքական կոնսորցիում է: Թե ինչու է դեսպանը նման համոզմունք հայտնել, դժվար է ասել:
«ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է այս տարվա փետրվարի 28-ին: Կանոնադրական կապիտալը 15 մլն դրամ է: Միակ հիմնադիր-բաժնետերը թուրքական մեկ այլ ընկերություն է՝ «Վիզամետրիկ» վիզայի ծառայությունների և խորհրդատվության արտաքին առևտրային կազմակերպություն» (թարգմանությունը թուրքերեն «Վիզամեթրիք Վիզե Հիզմեթլերի Վե Դանըշմանլիք Դըշ Թիճարեք Անոնիմ Շիրքեթի» անվանումից):
«ՎիզաՄետրիկ»-ի հիմնադիր ընկերությունը գրանցված է Ստամբուլում: Մեր թուրք գործընկերների միջոցով Ստամբուլի Առևտրաարդյունաբերական պալատից ձեռք բերեցինք ընկերության գրանցման փաստաթուղթը:
Ընկերությունն ընդամենը երկամսյա պատմություն ունի. գրանցվել է այս տարվա հունվարի 22-ին: Կանոնադրական կապիտալը 2.5 մլն թուրքական լիրա է, որը համարժեք է 624 հազար ԱՄՆ դոլարին: Կազմակերպության նպատակներն են` արտասահմանյան դեսպանատների և հյուպատոսությունների անունից ճանապարհորդական վիզա կազմակերպելը, վիզայի դիմումների և խորհրդատվական ծառայությունների համակարգումը, ուսումնասիրության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցելը, ինչպես նաև պայմանագրով ամրագրված այլ աշխատանքներ կատարելը:
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Ֆրանչեսկո Բոարին է (Francesco Boari): Ֆրանչեսկո Բոարին իտալացի է: Մեր թուրք գործընկեր, «Թարաֆ» թերթի թղթակից Օզգյուն Աշչերը այս ընտանիքի մասին թուրքական մամուլն ուսումնասիրելուց հետո պատմեց, որ Ֆրանչեսկո Բոարին Ստամբուլում ավելի քան 30 տարի հաստատված մեծահարուստ, գործարար Էնրիկո Բոարիի որդին է: Ֆրանչեսկո Բոարին նաև 2014 թվականից Ստամբուլում իտալական քոլեջ է հիմնել:
Թուրքական «ՎիզաՄետրիկ»-ի՝ ստորագրման իրավունք ունեցող փոխտնօրեն է նաև Եֆիմիյա Օզբերը (EFİMİYA ÖZBER): Ե. Օզբերի մասին մեր գործընկերը տեղեկություններ չի գտել: Համացանցում և թուրքական մամուլում նա ոչնչով աչքի չի ընկել:
Տնօրենների խորհրդում է նաև Մավիկա Նիկոլան (MAVICA NICOLA), որը ՌԴ-ում գործող Visa Management Service (VMS )–ի հիմնադիրն է: Վերջինը վիզայի հետ կապված ծառայություններ է մատուցում ՌԴ-ում Իտալիայի դեսպանատան համար:
Նույն հասցեում, որտեղ գրանցված է թուրքական «ՎիզաՄետրիկ»-ը, գրանցված է մեկ այլ ընկերություն՝ վիզաների վերաբերյալ խորհրդատվություններ և ծառայություններ մատուցող iData առևտրային միջնորդ կազմակերպությունը: iData-ն Թուրքիայում Գերմանիայի և Իտալիայի դեսպանատների համար է վիզաների հայտեր կազմակերպում: Համաձայն Ստամուբուլի Առևտրաարդյունաբերական պալատի փաստաթղթի՝ ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարը և իշխանություն ունեցող գլխավոր անձը Ֆրանչեսկո Բոարիի հայրն է՝ Էնրիկո Բոարին (Enrico Boari), նրա տեղակալն է նույն Ե. Օզբերը:
«ՎիզաՄետրիկ»-ի կայքի համաձայն՝ այն ծառայություններ է մատուցում 6 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում և Թուրքիայում: Մյուս 4 երկրներն են՝ Չինաստանը, Իրաքը, Ղազախստանը և Ռուսաստանի Դաշնությունը: Հայաստանը կդառնա 7-րդ երկիրը, որտեղ մուտք է գործել «ՎիզաՄետրիկ»-ը:
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսել է ստուգման գործընթաց` պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ի կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումը ապահովելու և անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար եւ հավաստիացնում, որ Գործակալության գործողությունների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնի հանրությանը:
Քիչ առաջ էլ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը:
«2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը: Գրությամբ Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իր լիազորության շրջանակում պահանջել է ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ: Գործակալությունը պահանջել է նաև ուղեփակել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը»,- հայտնում է Արդարադատության նախարարությունը:
Լուսանկարում` Ֆրանչեսկո Բոարին
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել