
16 զոհ և մոտ 1400 վիրավոր. բախումներ պաղեստինցի ցուցարարների և իսրայելյան բանակի միջև
Մարտի 30-ին Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին իսրայելական բանակի դեմ բախումների հետևանքով զոհվել է 16 պաղեստինցի ցուցարար: Արաբական Al Jazeera հեռուստաալիքը հաղորդել է մոտ 1400 վիրավորների մասին: Իսրայելական բանակը հայտարարել է, որ իրենց կողմից զոհեր և տուժածներ չկան: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հրամանով՝ մարտի 31-ը հայտարարվել է համազգային սգո օր:
Մարտի 30-ին պաղեստինցիները նշում էին Հողի օրը՝ ի հիշատակ Իսրայելի կողմից արաբական հողերի գրավման դեմ ուղղված բողոքի ցույցերում (1976թ.) զոհվածների: Հենց այդ առիթով նախօրեին հազարավոր պաղեստինցիներ «Վերադարձի մեծ քայլերթ» էին սկսել: Նախատեսվում է, որ բողոքի ակցիաները պաղեստինա-իսրայելական սահմանին կշարունակվեն մինչև մայիսի 15-ը, երբ պաղեստինցները կնշեն Նակբան՝ ազգային աղետի օրը՝ 1948թ. արաբական հողերի վրա Իսրայել պետության ստեղծումը:
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են միլիոնավոր փախստականների և նրանց ժառանգների վերադարձը այն տարածքներ, որոնք հիմա վերահսկվում են Իսրայելի կողմից:
Ըստ Իսրայելի բանակին՝ պաղեստինյան կողմից բախումներին մասնակցել է մոտ 30 հազար մարդ և կրակ է բացվել միայն ագրեսիվ վարք դրսևորած ցուցարարների ուղղությամբ, ովքեր փորձել են կոտրել սահմանային արգելապատնեշները և քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ են նետել իսրայելցի զինվորների վրա: Հաղորդվում է, որ տուժածների մեծ մասը ստացել են հրազենային վիրավորումներ կամ թունավորվել են արցունքաբեր գազից:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Ռոնեն Մանլիսը նշել է, որ զոհերից երկուսը ՀԱՄԱՍ խմբավորման անդամներ են: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Պաղեստինի համար չկա այլընտրանք և չի կարող լինել ոչ մի այլ որոշում, բացի տարածքների վերադարձից:
Իսրայելյան բանակն էլ կատարվածի ողջ պատասխանատվությունը դրել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ մեղադրելով խմբավորմանը կանանց և երեխաներին որպես կենդանի վահան օգտագործելու մեջ: Ըստ իսրայելական կողմի՝ այս ամենը ՀԱՄԱՍ-ի գործողությունների հետևանքն է:
Գազայի հատվածում տեղի ունեցած միջադեպի առիթով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է գումարել և դատապարտել իսրայելա-պաղեստինյան սահմանին բռնության կիրառումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անկախ հետաքննություն սկսել միջադեպի առնչությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Տայե-Բրուք Զերիհունը հորդորել է Իսրայելին զերծ մնալ բռնության կիրառումից խաղաղ բնակչության և հատկապես երեխաների նկատմամբ:
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել