HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում գրանցել է վերջին 10 տարիների իր վատագույն արդյունքը

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը, որում նախորդ ամսվա համեմատ՝ զգալի փոփոխություններ են եղել:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրանցել է վերջին 10 տարիների իր վատագույն արդյունքը: Եթե նախորդ ամիս հայ գրոսմայստերը 2794 վարկանիշային միավորով 5-րդն էր, ապա հիմա 2767 գործակցով նահանջել է 12-րդ հորիզոնական: Այսպիսի ցածր դիրքում Արոնյանը վերջին անգամ հայտնվել էր 2008 թվականի հուլիսին: Ընդհանուր առմամբ՝ 35-ամյա շախմատիստը վերջին անգամ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակից դուրս էր մնացել 2015 թվականի սեպտեմբերին՝ զբաղեցնելով 11-րդ տեղը:

Արոնյանի հետընթացի պատճառը հավակնորդների մրցաշարում ցուցադրած անհաջող ելույթներն են: Հիշեցնենք, որ նա 8 գրոսմայստերների պայքարում 4,5 միավորով զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

Դասակարգման աղյուսակի անփոփոխ առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2843): Նրան հաջորդում է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը (2814): Հավակնորդների մրցաշարում հաղթանակ տանելու շնորհիվ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2804) 8-րդ հորիզոնականից բարձրացել է 3-րդ հորիզոնական:

Մոտ 1 տարվա դադարից հետո լավագույն տասնյակ է վերադարձել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ով հավակնորդների մրցաշարում Մամեդյարովի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները: Կարյակինը (2778) հիմա 9-րդն է դասակարգման աղյուսակում: Առաջին տասնյակում են նաև Վլադիմիր Կրամնիկը (2792), Մաքսիմ-Վաշիե Լագրավը (2789), Հիկարու Նակամուրան (2787), Ուեսլի Սոն (2786), Դին Լիրենը (2778) և Անիշ Գիրին (2777):

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, նախորդ ամսվա նման, բացի Լևոն Արոնյանից ընդգրկվել են ևս 3 հայաստանցի շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը (2680) 66-րդից բարձրացել է 61-րդ հորիզոնական,Հրանտ Մելքումյանը (2669)՝ 81-րդից 75-րդ հորիզոնական, իսկ Վլադիմիր Հակոբյանը (2667) մնացել է 77-րդ հորիզոնականում:

Կին շախմատիստների լավագույն հարյուրյակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: Էլինա Դանիելյանը 2410 միավորով 54-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 2403 միավորով՝ 62-րդը: Շախմատիստուհիների դասակարգման աղյուսակը գլխավորում է չինացի Հու Յիֆանը (2657):