
Գյումրվա բաղնիքները «բացում են» գաղտնիքները
Ճապոնական օկոբո (փայտե կոշիկներ) հիշեցնող ոտնամանները, որոնք Գյումրի-Ալեքպոլում կանայք հագել են հասարակական բաղնիքում լողանալիս, միտված էին ոտքերը զերծ պահելու կեղտաջրերից ու սնկային հիվանդություններից: Դրանք պատրաստվում էին դիմացկուն փայտից, ըստ հավաստի տեղեկությունների, սովորաբար ընտրվում էր կաղնեփայտը: Փայտե դրվագազարդ ոտնամանը վկայում էր տիրոջ էսթետիկ ճաշակի մասին(ոչ բոլորն են հակված եղել «նալիկ» պատրաստողին պատվիրել այն նախշազարդել): Բաղնիքներում եղել են փայտե հասարակ ոտնամաններ, առանց նախշերի, որ տրամադրվել են ցանկացողներին: Օգտագործելուց հետո անպայման դրվել են քլորաջրի մեջ, հետո պարզաջրվել եւ չորացվել արեւի տակ: Դրանք նախազգուշական միջոցառումներ էին, որ պարտադիր կիրառվում էին հասարակական բաղնիքներում:
Բնիկ գյումրեցիների ընտանիքներում ավանդույթ է եղել բաղնիքի փայտե ոտնամանները մորից փոխանցել աղջկան` ամուսնական օժիտի միջոցով: Հենց այդ ավանդույթի շնորհիվ էլ Տիրատուրյանների տոհմում պահպանվել ու Հասմիկ Համբարձումյանին է փոխանցվել տատիկի մոր փայտե բաղնիքի դրվագազարդ «նալիկները»: Ոտնամանների տարիքը հասկանալու համար կատարած հետհաշվարկը մեզ հասցնում է 19-րդ դարավերջ: «Տատիս մորն են պատկանել: Մեր տոհմի կանայք սերնդեսերունդ փոխանցել են իրար, եւ հիմա դրանք ինձ մոտ են»,- ասում է Հասմիկ Համբարձումյանը՝ սեղանին դնելով փայտե նախշազարդ ոտնամանները:
Հրաշալիորեն պահպանված գյումրվա բաղնիքի «նալիկները» վերջին 40-50 տարին զրկվել են իրենց գործառնական նշանակությունից՝ բավարարվելով ընդամենը «տոհմական հիշողություն» կոչումով: «Դե արդեն կարելի է ասել, որ թանգարանային նմուշ են»,- Հասմիկը ժպտում է: Զրուցակիցս քչախոս է, մի փոքր էլ կաշկանդված: Մորաքրոջն օգնում է Լուիզան, ում վաղուց եմ ճանաչում, ու այդ փաստն առավել անկաշկանդ է դարձնում հանդիպումը:
«Ինձ փոքր ժամանակ մերոնք հետները բաղնիք տարել են: Սովորաբար գնում էինք էն բաղնիքը, որտեղ համարներ կային: Մի անգամ եմ միայն եղել «օբչի» բաղնիք: Կհիշեմ մեծ սրահը, որի մի կողմում ցնցուղներով անհատական տեղեր էին՝ առանց դռների, ընդամենը պատերով իրարից բաժանված: Կհիշեմ, որ սրահի մեջտեղում գուռն էր, ու միշտ էդ գուռի մոտ ազատ տեղ չկար, ու էդտեղ մշտապես թմբլիկ տատիկներ էին նստած ու մեծ բաժակներով շուտ-շուտ ջուր կլցնեին վրեքը,- ծիծաղելով հիշում է Լուիզա Պետրոսյան-Զաքեյանը,-ես նախանձով կմտածեի, թե կարո՞ղ է մի օր ազատ լինի, ես էլ գնամ նստեմ էդտեղ: Բայց չէ՜, իրանք պինդ-պինդ նստած էին ու ժամերով կլողնային»:
Գրեթե նույն նկարագիրը կարելի է գտնել Վազգեն Հարությունյանի հեղինակած Գյումրու ու նրա սովորույթների մասին փոքրիկ գրքույկում: Հեղինակը գրում է. «Սովորություն կար, որ հատկապես մեծ տարիքի կանայք բաղնիքում մնում էին 5-6 ժամ, լողանում տաք ջրով: Հաճախ սրտից թույլ կանայք ուշաթափվում էին: Չնայած դրան, շարունակում էին տաք ջրով լողանալ: Եվ պատահական չէ, որ ընդունված էր ասել. «Սրտիս էրթալուն մի աշե, դուն տաք-տաք չափե»:
Լուիզայի մանկական հիշողությունում դաջվել է Գեւոր աղին պատկանող բաղնիքի կանացի ընդհանուր սրահի փոքրիկ պատուհանը, որ սովորաբար ներսից կանայք փակում էին փայտի կտորով: «Փաստորեն էդ պատուհանից թաղի փոքր տղա երեխեքը սովորություն ունեին թաքուն նայելու: Կհիշեմ, էդ ժամանակ սրահում մի հատ սիրուն, սպիտակ կին կար, երկար սեւ մազերով, տեսավ, որ նայում են, կոնքերը շորորցնելով գնաց ու տախտակով փակեց պատուհանը,-Լուիզան ծիծաղում է՝ եւս մեկ անգամ վերապրելով մանկական տարիներից պահպանված գեղեցիկ հուշը,- ուղղակի մեջս տպավորվել է էդ պահը, էդ կնոջ գեղեցկությունը, շորորալով քայլելը»:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկի հիշելով` խորհրդային տարիներին իրենք հաճախակի օգտվում էին Գորկու փողոցում գտնվող Գևոր աղայի եւ Աբովյան փողոցում գտնվող Տեր-Մարտիրոսյանին պատկանած «Ցենտրալնի» կոչվող հասարակական բաղնիքներից: «Կհիշեմ մաման ինձ ու քրոջս՝ Լուիզայի մամային, արագ-արագ կլողցներ կհաներ, մենք կնստեինք միրգ, թխվածք կուտեինք, մինչեւ իրանք էլ լողնային-ելնեին: Սովորաբար շաբաթ-կիրակի էր բաղնիք էրթալու օրերը, որ երկուշաբթի արդեն մաքուր դասի էրթայինք»,- պատմում է Հասմիկը:
20-րդ դարասկզբին եւս բաղնիք գնալու նախընտրելի օրերը շաբաթվա վերջին երկու ոչ աշխատանքային օրերն էին: Պարտադիր պայման էր հատկապես եկեղեցական տոների նախօրյակին բաղնիք այցելելը: Մինչեւ 5 տարեկան երեխաները Տեր-Մարտիրոսյանին պատկանող «Ցենտրալնի» բաղնիքում լողացել են անվճար, կանայք վճարել են 25 կոպեկ, ոչ ամուսնացյալ աղջիկները՝ 15 կոպեկ, տղամարդկանց համար 40-ից 60 կոպեկ գին է նախատեսված եղել: Գնացուցակը հրապարակվել է 20-րդ դարասկզբին լույս տեսնող տեղական թերթում:
Ըստ Վազգեն Հարությունյանի հրապարակած տեղեկությունների, բաղնիքներում եղել են քիսաչիներ, որոնք լողացրել են ցանկացողներին՝ ծառայության դիմաց ստանալով 20 կոպեկ վարձ: Հարուստ դասի կանանց լողացրել են «նաթրջիները», որպես վարձ ստանալով 50 կոպեկ: Բոլոր մասնավոր բաղնիքներում եղել է օճառվելու տեղ՝ կառուցված լողասենյակի կենտրոնում: Բացի ընդհանուր լողարանից եղել են առանձնացված փոքր սենյակներ, որտեղ մազակալած մարդիկ մարմնի մազերից ազատվելու համար հատուկ ցեխ են քսել:
լուսանկարը՝ Մկրտիչ Մանուկյանի անձնական արխիվից
Գյումրեցի Մկրտիչ Մանուկյանի 1985 թվականին սեփական հարսանիքից առաջ կազմակերպած հարսնաբաղնիքի ծեսին նախորդ հրապարակման մեջ անդրադարձել ենք: Պարզվում է, որ 20-րդ դարասկզբին, բացի հարսանքաբաղնքից եղել է նաեւ սգո բաղնիք հասկացություն: Այն կատարվել է հետեւյալ ձեւով: Ննջեցյալների թաղումից հետո քառասուն օր չէին լողանում, տղամարդիկ նաեւ չէին սափրվում: Երբ լրանում էր սգո օրը, հարազատները սգավորներին տանում էին բաղնիք, տղամարդկանց՝ նաեւ վարսավիրանոց: Խորհրդային տարիներին պահպանվել էր այս ամենից միայն տղամարդկանց չսափրվելու սովորույթը:
Պատմում են նաեւ, որ ամոթ է համարվել ամուսիններով միասին բաղնիք գնալ, լողանալը: Վահան Պետրոսյանը պատմում է մի զվարճալի պատմություն՝ կապված գյումրեցի հայտնի սրախոսներ Ջղեր Խաչիկի ու Չոփուռ Սուրենի հետ: «Ուրեմն Չոփուռ Սուրենը կնգա հետ բաղնիք կերթա լողնալու, 1960-ական թվերի բան կպատմեմ, էն ժամանակ «բաղնիքի բոխչա» հասկացություն էլ չկար, կաշվից սումկեքն էին մոդա՝ սակվոյաժները (саквояж), դրա մեջ կդնեին էղացածը: Հմի Չոփուռի ձեռը կեղնի սումկեն, հլը «Ցենտրալնի» բաղնիքի մոտ չհասած Ջղեր Խաչիկը կելնի դեմերը, սումկից կջոգե օր մարդ ու կնիկ բաղնիք կերթան: Սուրենը գլուխը կկախե՝ յանի չի տեսել: Ջղերը բարեւ կուդա, Սուրենը գլուխը կախ բարեւը կառնի: Ջղերը թե՝ էս ու՞ր կերթաք հարսի հետ, Սուրեն ջան: Սուրենն էլ թե՝ իբր չե՞ս տեսնի, ըշտը կերթանք բաղնիք: Ջղերը գուզե ընկերոջ հոգու հետ խաղա, կսէ.
-Կեղնի՞ ես էլ գամ հետներդ, Չոփուռ ջան
-Չե՞ս ամչընա, Խաչիկ, դու ու՞ր գաս
Ջղերն էլ ոչ կուդա, ոչ կառնի. «Հորս արեւ, տռուսիկով կլողնամ»:
Վահան Պետրոսյան
1980 թ.-ին Լենինականում նկարահանում են «Կտոր մը երկինք» ֆիլմը: Այդ տարիներին Վահան Պետրոսյանն աշխատել է ոստիկանական համակարգում: Գորկու փողոցում գտնվող Գևոր աղային պատկանող բաղնիքում որոշվում է նկարահանել տեսարան Անժելի դերակատարուհի Գալինա Բելյաեւայի մասնակցությամբ: Հատվածը նկարվել է, հետո ինչ-ինչ պատճառներով տեղ չի գտել ֆիլմում: «Բաղնիքի համարները գմբեթով էին, վերեւները լուսամուտ կար: Բելյաեւայի տեսարանը նկարելուց մենք էինք ընկել կրակը: Թաղն ինչքան տղա կար հավաքվել էր էդ լուսամուտների մոտ, դրանք գունավոր ներկած էին՝ քերել էին, օր ներսը լավ երեւա: Էս մի տեղից կքշեինք, կերթան մյուս լուսամուտի մոտ կհավաքվեին, ըդպես, մինչեւ նկարահանումը պրծավ»,- ծիծաղելով հիշում է զրուցակիցս:
«Տղոնցով օր կերթայինք բաղնիք շատ ուրախ կանցներ՝ դուշեվոյում(ցնցուղարան) մեկը կերգեր, մյուսը կսուլեր, էն մեկը անեկդոտ կպատմեր,- շարունակում է հիշողությունների կծիկը բացել Վահան Պետրոսյանը,- ամեն կիրակի մենք ընտանիքով պետք է գնայինք լողանալու: Առավոտ 6-ին կուգայինք «Ցենտրալնի» բաղնիքի համարների համար հերթ կկանգնեինք օր տան կանանց համար տոմս առնեինք: Տոմսերը կծախեին ժամը 9-ին, հետո արդեն էլ տոմս չկար համարների համար, իսկ դուշեվոյի համար տեղում կառնեինք տոմսը: Կհիշեմ, հերթապահը լաչառ կնիկմ էր, նալիկները կտկտցնելով ման գուկար, ում ժամը լրացած եղավ, դռները կծեծեր ու բարձր ձենով կարտահայտվեր. «բոզեր, գողեր, հելեք, ժամը լրացավ»: Մենք արդեն կիմանայինք օր էսինչ համարն ելավ: Իսկ Գևոր աղայի բաղնիքում կոչվերգը «ժիվոյ օչերեդ»՝ էնտեղ կերթայիր, կմտնեիր հերթի մեջ, հենց հերթդ հասավ՝ մտի լողցի»:
«Ցենտրալնի» բաղնիքը Աբովյան ճեմափողոցում
Գյումրվա բաղնիքների փառքն ու անկումը տեսած զրուցակիցներս դրանց վերականգնումն իրատեսական չեն համարում, մանավանդ որ շենքերի սեփանակատերերը փոխել են դրանց գործառույթը՝ վերածելով հյուրանոցի ռեստորան-սրճարանի եւ այլն: «Հըմի ամեն մարդ իրա տունն իրա բաղնիքն էլ ունի, ցնցուղն էլ ունի, էլ բոխչա կապել չկա, ժամերով բաղնիք էրթալ չկա, իրականում ըդուր հավեսն էլ չկա, գումարած՝ սերունդն էլ փոխվել է,- նկատում է Վահան Պետրոսյանը,- հմի կարեւորը էդ շինությունները նախկին տեսքով պահպանելն է. կլողնան մեջ, թե հաց կուտեն, արդեն էական չէ»:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել