Բորիս Մուրազի. «Այս պահին էլ եզդի կանայք վաճառվում են Թուրքիայի և Սիրիայի տարածքում»
«Հետքի» հարցերին պատասխանում է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին:
-Ինչո՞ւ որոշեցիք գնալ Իրաք:
-Իրաք մի քանի նպատակով եմ եկել, առաջին՝ ավելի լավ ծանոթանամ տեղի եզդիներին և ընդհանրապես իրավիճակին: Երբ 2013 թվականին 12 ընկերներով ուխտագնացության եկանք մեր սրբավայր Լալիշ, որոշեցինք, որ հետագայում մեր կապերն ուժեղացնելու ենք այստեղի հետ: 2014 թվականի ցեղասպանությունից հետո մեզ ավելի պարտավորված զգացինք օգնել մեր եղբայրներին: Պարզ է նաև, որ այստեղ երկար մնալու համար աշխատանք պետք է ունենայինք և ունենք, որի շնորհիվ կեցության իրավունք ունենք: Իմ նպատակն է նաև այստեղ ձեռք բերած փորձառությունն օգտագործել Հայաստանում՝ Հայաստանի և Իրաքի եզդիների միջև կապը սերտացնելու համար:
-Մենա՞կ եք գնացել, թե՞ կազմակերպությունից մարդիկ են միացել Ձեզ:
-Ինձ հետ մեր կազմակերպության անդամ Արթուր Աթաշովն է:
-5 ամիս է, ինչ Իրաքում եք: Ո՞ր շրջանում եք, ի՞նչ աշխատանքով եք զբաղվում: Այժմ ինչպե՞ս է իրավիճակն այդտեղ:
-Մեր մշտական բնակության վայրը Էրբիլ քաղաքն է, բայց դա չի խանգարում լինել տարբեր հատվածներում: Վերջին ամիսներին եվրոպացի մի ռեժիսորի աջակցել ենք այստեղ ֆիլմ նկարել եզդիների մասին, հիմա էլ պիտի օգնենք մի ֆրանսահայ ռեժիսորի՝ եզդիների մասին մեծ դոկումենտալ ֆիլմ նկարելու: Իրավիճակը ռազմական առումով հանդարտ է, բայց քաղաքական լարվածություն կա Իրաքի և քրդական կառավարությունների միջև, եզդիների և քրդերի միջև: Իսկ ահա օրերս այս ամենին գումարվեց Թուրքիայի ռազմական հարձակման վտանգը Շանգալի ուղղությամբ:
-Կմանրամասնե՞ք, թե քաղաքական լարվածությունն ինչ հետևանքներ է ունենում, և դրանից ինչ վնասներ են կրում Իրաքի եզդիները:
-Քաղաքական հիմնական լարվածությունը կապված է քրդերի անկախության հանրաքվեի հետ, որից հետո Իրաքի զինուժի կողմից ռազմական գործողություններ սկսվեցին քրդերի դեմ և տարբեր սանկացիաների կիրառվեցին, որոնցից էր միջազգային ավիաչվերթների արգելումը Քրդստանում: Հանրաքվեից հետո Իրաքի զինուժը քրդերի վերահսկողությունից հանեց նաև եզդիաբնակ Շանգալը, ի շնորհիվ եզդի առաջնորդների՝ առանց զինված բախման: Հիմա, սակայն, Շանգալի ուղղությամբ ճնշումներ է բանեցնում Թուրքիան, որի հետևանքով Քրդական բանվորական կուսակցության եզդի մարտիկները, որոնք 2014 թվականի ցեղասպանության ժամանակ եկել էին Շանգալ, Իրաքի կառավարության պահանջով լքեցին այդ մարզը: Հիմա Թուրքիան, կարծես, պահանջում է, որ Իրաքը Շանգալն ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնի, անգամ եզդիների գլխավոր սրբավայրերից մեկը՝ Շարֆադինի տաճարը:
Ներքին քաղաքական հաջորդ հարցն այն է, որ քրդերը մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան մայիսին, թույլ չեն տալու իրենց տարածքում հաստատված եզդի փախստականներին վերադառնալ Շանգալ: Նպատակը մեկն է՝ վերահսկել եզդիների ձայները:
-Հիմա քանի՞ եզդի կա Իրաքում:
-Հիմա դժվար է ասել, քանի որ կոնկրետ հաշվարկ չկա, թե քանիսն են սպանվել այս տարիներին, քանիսն են հեռացել այլ երկրներ, իսկ մինչև ցեղասպանությունը մոտ 1,2 միլիոն էր:
-Ցեղասպանության հետևանքով քանի՞ զոհ եղավ:
-Մոտ 10 հազար զոհ, բայց այս պահին դեռ 3000 կնոջ և երեխայի ճակատագիր անհայտ է, ու ամեն անգամ նոր եղբայրական գերեզմաններ են հայտնաբերվում:
-Ձեր կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման անդամները եզդի կանանց են վաճառում: Ձեզ հայտնի՞ են նման դեպքեր:
-Հենց այդ երեք հազարն են, որ չգիտենք՝ ո՞ղջ են, սպանվե՞լ են, թե՞ գերության մեջ են:
-Կանանց վաճառքի դեպքեր կա՞ն, որոնք բացահայտվել են:
-Իհարկե, մի դեպքում հենց ծնողներն են իրենց երեխաներին գնում, մեկ այլ դեպքում նրանք չեն հասցնում, ու աղջիկները վաճառվում են արաբական տարբեր երկրներում: Շատ կան նման դեպքեր, պետք է հիշենք, որ մինչ այդ եզդի գերիների թիվն անցնում էր 6000-ը: Այս պահին էլ եզդի կանայք վաճառվում են Թուրքիայի և Սիրիայի տարածքում:
-Հայտնի՞ է, թե կոնկրետ ոեվքեր են վաճառողները:
-Իհարկե, դրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն են, որոնք 2014 թվականին գրավել էին Շանգալը:
-Ի՞նչ հնարավոր զարգացումների եք սպասում Իրաքում:
-Այս պահին ամեն բան առկախված է մինչև մայիսին կայանալիք պառլամենտական ընտրությունները, որից հետո արդեն նոր պրոցեսներ կսկսենք, և հուսամ՝ բոլոր եզդիները ճամբարներից կվերադառնան Շանգալ:
-Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում Ձեզ՝ ապրելով և աշխատելով Իրաքում այժմ:
-Անորոշությունը՝ կապված Շանգալի ճակատագրի հետ, որևէ մեկն այս պահին չգիտի, թե ինչ զարգացումներ կլինեն, ինչ վիճակում կլինի մարզը, կվերադառնա՞ն եզդիները, թե՞ ոչ, ովքե՞ր կապահովեն մարզի անվտանգությունը, ինչպե՞ս կվերականգնվեն ավերակները: Հիմնական խնդիրը հենց Ձեր նշած հարցերի պատասխանների բացակայությունն է:
Լուսանկարները՝ Բորիս Մուրազիի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել