HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Չեռնոգորցի հետաքննող լրագրողի տան մոտ ավտոմեքենա են պայթեցրել

Կիրակի ուշ գիշերը Չեռնոգորիայի հյուսիսում գտնվող Բիելո-Պոլյե քաղաքում պայթեցրել են հետաքննող լրագրող Սեադ Սադիկովիչի տան մոտ կայանված ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ինչպես հաղորդում է Balkan Insight-ը, պայթյունը տեղի է ունեցել երկրի անվտանգության ծառայության և դատական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից մեկ ժամ անց, ովքեր խոստացել են պայքար մղել երկրում կազմակերպված հանցավորության դեմ:

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք պայթյունը ուղղվա՞ծ է եղել լրագրողի դեմ: Սեադ Սադիկովիչը հայտնի է կոռուցպիայի և կազմակերպված հանցավորության մասին իր հետաքննություններով: TV Vijesti-ի լրագրողին ոստիկանությունը արդեն հարցաքննել է: Սադիչկովիչը հայտնել է, որ պայթյունի պահին ինքը տանի չի եղել, իսկ պայթած ավտոմեքենան կայանված է եղել այն վայրում, որտեղ սովորաբար ինքն է իր մեքենան կայանել:

Չեռնոգորիայի լրագրողների միությունը ավելի վաղ զգուշացրել էր, որ Սադիկովիչը սպառնալիքներ է ստացել իր մասնագիտական գործունեության առնչությամբ, և կոչ էր արել համապատասխան մարմիններին քննություն սկսել: 

Ապրիլի 15-ին կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին Չեռնոգորիայում բռնությունների ալիք է տարածվել: Մարտի 31-ին մայրաքաղաք Պոդգորիցայի Անկախության հրապարակում դիմակավորված անձը, հրազենից կրակոցներ արձակելով, սպանել էր տղամարդու և կնոջ, ինչից հետո այդ անձին հաջողվել էր թաքնվել: Մարտի 28-ի երեկոյան Պոդգորիցայի բնակելի թաղամասերից մեկում ավտոմեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ով Չեռնոգորիայի Կոտոր քաղաքի հանցավոր խմբերից մեկի անդամ էր: 

Balkan Insight-ը ընդգծում է, որ չնայած երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչը վերջին ամիսներին պնդում էր, թե երկրում անվտանգության մակարադակը բավարար է, նրա տոնայնությունը փոխվել է կիրակի օրը երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը գումարվել էր Պոդգորիցայում և երկրի այլ քաղաքներում շրջող հանցավոր խմբերի ակտիվացման պատճառով:

Կոտոր կուրորտային քաղաքում 2013-ի տարեվերջից սկսած 30 մարդ է սպանվել Սկալյարի և Կավաց անուններով հայտնի հանցավոր կլանների առճակատման հետևանքով:

Լուսանկարը՝ BIRN-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter