HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Չարբախում տեղի ունեցած սպանության գործով հետազոտվեց այն մեքենան, որով սպանվածներից մեկին տեղափոխել են հիվանդանոց

«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով դատարանն այսօր արտագնա նիստ անցկացրեց ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում: Նման նիստի առիթը սպանության գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջը՝ Անժելա Մանուչարյանին պատկանող մեքենան զննելու անհրաժեշտությունն էր:

Ըստ գործի նյութերի՝ գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանված Գևորգ Ավետիսյանն ու վիրավորներից մեկը՝ Արամ Պետրոսյանը, ովքեր եղել են Պետրոս Իսրայելյանի կողմնակիցները, հիվանդանոց են տեղափոխվել այդ մեքենայով: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ քրեական գործի շրջանականերում մեքենան ճանաչվել է իրեղեն ապացույց ու առ այսօր պահվում է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես Նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև եղած լարված հարաբերություններից, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել: Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:

Դատարանը վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում փորձել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՃՈ-ն այսօր զննված մեքենան դատարանի վարչական շենքի տարածք տեղափոխվի, սակայն ապարդյուն:

Մեքենայի բանալին ևս իրեղեն ապացույցների շարքում է, և գտնվում է դատարանում: Դատական նիստերից մեկի ժամանակ մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը հայտնել էր, որ ՃՈ-ի փոխանցմամբ՝ մեքենան տեղափոխելու համար անհրաժեշտ է դրա բանալին: Դատարանը, սակայն, հրաժարվել է  բանալին տրամադրել՝ նկատի ունենալով, որ տալու դեպքում չի կարող երաշխավորվել, որ դրանում առկա հանցագործության հետքերը էականորեն չեն փոխվի:

Նախորդ դատական նիստին ՃՈ-ն դատախազի միջոցով հերթական բանավոր պատասխանն էր ուղարկել դատարան, որ մեքենան հնարավոր չէ այնպես տեղափոխել դատարան, որ չվնասվի, ուստի դատարանը որոշում էր կայացրել այն զննել տեղում:

Ճանապարհային ոստիկանությունում մեքենան «բաց երկնքի տակ էր»: Անվադողերն այն աստիճանի էին իջել (օդազրկվել), որ մեքենան գրեթե հավասարվել էր գետնին: Մասնագետին դժվարությամբ հաջողվեց մեքենայի դուռը բացել, իսկ այն շարժի գցել առհասարակ չստացվեց:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ մեքենայում հայտնաբերվել են Արամ Պետրոսյանի և Գևորգ Ավետիսյանի արյան հետքերը, որոնք սակայն, անզեն աչքով տեսանելի չէին: Ըստ էության մեքենայի զննությամբ որևէ էական հանգամանք չպարզվեց:

Նշենք նաև, որ զննությանը ամբաստանյալները ներկա չէին: Ալիկ Բանդուրյանը դատարան է բերվում սայլակով: Վերջինիս պաշտպանը նախորդ դատական նիստի ընթացքում հայտնել էր, որ Բանդուրյանն առողջական խնդիրների պատճառով չի ցանկանում մասնակցել իրեղեն ապացույցի զննությանը, և դատարանը կարգադրել էր ամբաստանյալին ուշ բերել դատարան: Դատարան բերված մյուս երկու ամբաստանյալները ևս հայտնեցին, որ չեն ցանկանում մասնակցել զննությանը. նրանցից Պետրոս Իսրայելյանի պաշտպանը դատարանին գրությամբ հայտնել էր, որ պատճառը դարձյալ իր պաշտպանյալի առողջական խնդիրներն են:

Մեքենայի զննությունից հետո դատական նիստը շարունակվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց, որպեսզի մեքենայի վրայից կալանքը հանվի և այն հանձնվի Իսրայելյանի կնոջ՝ Անժելա Մանուչարյանի տնօրինմանը: Ըստ Պողոսյանի՝ իր պաշտպանյալ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք  է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանության համար, մինչդեռ Անժելա Մանուչարյանին պատկանող մեքենայով, ըստ գործի նյութերի, հիվանդանոց են տեղափոխվել Գևորգ Ավետիսյանն ու Արամ Պետրոսյանը, հետևաբար իրեղեն ապացույց մեքենան Պետրոս Իսրայելյանին վերագրված արարքի համար ապացուցողական նշանակություն ունենալ չի կարող: Պողոսյանի խոսքով՝ եթե Պետրոս Իսրայելյանը դատարանի կողմից մեղավոր ճանաչվի, մեքենան չի կարող նաև գույքային վնասի հնարավոր փոխհատուցման համար բռնագանձվել, քանի որ ոչ թե Պետրոս Իսրայելյանին, այլ Անժելա Մանուչարյանին է պատկանում: Նկատի ունենալով այս հանգամանքները՝ Պողոսյանը դիրքորոշում հայտնեց, որ չկա մեքենան կալանքի տակ պահելու հիմք: Այս պահին Անժելա Մանուչարյանի տնօրինմանը հանձնված չէ նաև այն նկուղը, որտեղ, ըստ գործի նյութերի, տեղի է ունեցել սպանությունը: Պողոսյանը միջնորդեց այդ նկուղը ևս հանձնել Մանուչարյանի տնօրինմանը, սակայն դատարանը որոշեց միջնորդություներին անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ վերջնական դատական ակտ կայացնելիս:

Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազները միջնորդեցին, որպեսզի գործով կարևորագույն մի քանի վկա, որոնց թվում` Պետրոս Իսրայելյանի որդին, լրացուցիչ հարցաքննության հրավիրվեն:

Բանն այն է, որ այս վկաները հարցաքննվել են մինչև գործում առկա ապացույցների հետազոտման փուլը, իսկ ապացույցների շարքում է նաև գործի շրջանակներում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման  շրջանակներում Պետրոս Իսրայելյանի և Ալիկ Բանդուրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները: Վկաների հարցաքննության ժամանակ մեղադրող կողմը նրանց այդ գաղտնալսումների բովանդակության վերաբերյալ հարցաքննելու հնարավորություն չի ունեցել` նկատի ունենալով, որ դրանք դեռևս դատաքննության ընթացքում հրապարակված չեն եղել: Բացի այդ` ըստ մեղադրող կողմի` վկաներից ոմանց ցուցմունքներն էլ էական հակասում են օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված գաղտնալսումների բովանդակությանը:

Ամբաստանյալների պաշտպաններն  առարկեցին մեղադրող կողմի այս միջնորդության դեմ: Միհրան Պողոսյանը նկատեց՝ վկաներն արդեն իսկ ցուցմունքներ են տվել` նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին: Ինչ վերաբերում է մեղադրող կողմի պնդմանը, որ վկաներից ոմանց ցուցմունքների և օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված գաղտնալսումների բովանդակության միջև հակասություններ կան, ապա, ըստ Պողոսյանի, չկա որևէ  փաստ, որ այս անձինք առհասարակ օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում գաղտնալսվել են (նշենք, որ օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված գաղտնալսումներում քննություն իրականացնող մարմինը տարբերակել է միայն Պետրոս Իսրայելայնի և Ալիկ Բանդուրյանի ձայները):

Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ մեղադրանքի կողմը օպերատիվ հետախուզական միջոցառման վերաբերյալ նախաքննության ընթացքում վկաներին արդեն իսկ հարցեր է տրվել, և եթե նախաքննության ընթացքում և դատարանում տված ցուցմունքների միջև էական հակասություններ լինեին, ապա նախաքննական ցուցմունքները դատարանում կհրապարակվեին: Ըստ Սարգսյանի` վկաներին լրացուցիչ հարցաքննելով` պարզապես դատական նիստերը կձգձգվեն:

Դատարանն, այնուամենայիվ, բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունն ու հետաձգեց դատական նիստը` հաջորդ` ապրիլի 10-ի նիստին վկաների ներկայությունն ապահովելու համար: