HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով ամբաստանյալի համար Դատախազությունը 3 տարի ազատազրկում է պահանջում

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող Լևոն Գասպարյանի համար Դատախազությունը 3 տարի ժամկետով ազատազրկում է պահանջում։ Այսօր տեղի ունեցած դատական նիստին մեղադրող Արամ Մնացականյանն ընթերցեց մեղադրական ճառը՝ նշելով, որ պատժաչափ միջնորդելիս հաշվի է առնվել հանգամանքը, որ ամբաստանյալ Գալստյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, ունի անչափահաս երեխաներ և նրա պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։

Դատախազի ճառը լսելուց հետո հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը խնդրեց իրեն ժամանակ տրամադրել՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար։ Պաշտպանը նշեց նաև, որ իր համար անսպասելի էր դատախազի կողմից նման խիստ պատժաչափ միջնորդելը։

Նշենք, որ Լևոն Գասպարյանին մեղսագրվող արարքի համար նախատեսվում է 3-ից 5 տարի ազատազրկում, սակայն Դատախազությունը կարող էր նաև միջնորդել, որպեսզի պատիժը պայմանականորեն չկիրառվի և ամբաստանյալի նկատմամբ որոշակի ժամկետով փորձաշրջան նշանակվի։ Սակայն մեղադրողի ճառից կարելի է ենթադրել, որ դատախազությունը նման միջնորդությամբ հանդես գալու հիմքեր չի տեսնում։

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:

Այնուհետև, ըստ գործի նյութերի, «araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոյանը և տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանն, ով այս գործով ամբաստանյալն է, ու պահանջել դադարեցնել նկարահանումները: Սիսակ Գաբրիելյանը, սակայն, շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:

Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Երկու ամբաստանյալների վերաբերյալ գործի դատաքննությունն ամիսներ շարունակ հետաձգվում էր, քանի որ Ջուլիետա Կոկոյանը նիստերին չէր ներկայանում: Վերջինիս պաշտպանը նշում էր, որ Կոկոյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Դատարանը տարեց կնոջը բերման ենթարկելու վերաբերյալ որոշում էր կայացրել որը, սակայն, հնարավոր չի եղել ապահովել, քանի որ ամբաստանյալի հաշվառման հասցեում ոչ ոք չի բնակվում: Ուստի դատավորը ամբաստանյալ Լևոն Գասպարյանի գործը անջատելու և առանձին վարույթում քննելու վերաբերյալ որոշում է կայացրել, իսկ Ջուլիետա Կոկոյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:

Նման պայմաններում Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու մասով դատական գործի վարույթը կասեցվել է մինչև ամբաստանյալ Ջուլիետա Կոկոյանի հայտնաբերումը, իսկ Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու մասով  քննությունը շարունակվում էր:

Նախորդ դատական նիստին  Լևոն Գասպարյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքն ու արագացված դատաքննություն պահանջել, որի դեմ առարկություններ չէին եղել:

Հատկանշական է, որ թեև դատարանում Գասպարյանն արագացված դատաքննություն է պահանջել, նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու միտում չի ունեցել, պարզապես նկատելով, որ իր տարեց հարևանուհին՝ Ջուլիետա Կոկոյանը, վիճաբանում է, մոտեցել է նրան՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել: Ըստ Գասպարյանի՝ ինքը չի իմացել, որ իրենց նկարահանող Սիսակ Գաբրիելյանը լրագրող է, կարծել է, թե պարզապես քաղաքացիներից մեկն առանց թույլտվության նկարում է իրեն։

Դատարանում Գասպարյանն այս մասին որևէ հայտարարություն չի արել: Եթե ամբաստանյալը նման հայտարարություն աներ, ենթադրել է, որ դատարանը արագացված դատաքննություն անցկացնելու որոշում չպետք է կայացներ, քանի որ, ըստ էության, կստացվեր, որ ամբաստանյալը համաձայն չէ, որ ինքը դիտավորյալ է խոչընդոտել լրագրողի աշխատանքը, ինչպիսի հանցանք մեղսագրված է իրեն։

Նշենք, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում: Սակայն ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Սակայն նման կարգով անցկացված դատաքննության դեպքում ամբաստանյալն իրավունք չի ունենում բողոքարկել գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանի արած հետևությունները: Այսինքն՝ եթե դատարանը անձին մեղավոր է ճանաչում նրան վերագրվող արարքների կատարման համար, ապա ամբաստանյալը չի կարող այս մասով բողոքարկել դատարանի վճիռը:

Մենք փորձեցինք Գասպարյանի հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանից պարզել, թե ինչո՞ւ է պաշտպանական կողմն ընտրել դատաքննությունն արագացված անցկանելու մարտավարությունը, եթե ամբաստանյալը հայտնում է, որ ինքը դիտավորյալ չի խոչընդոտել լրագրողի աշխատանքը, և այս հարցերին ի պատասխան՝ պաշտպանը նշեց, թե դա իր պաշտպանյալի դիրքորոշումն է։

Հանրային պաշտպանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք ստեղծված պայմաններում վերջինս ճիշտ է համարում դատաքննություն արարագացված շարունակելը, արդյոք չի՞ պատրաստվում պաշտպանյալին հորդորել հրաժարվել արագացված դատաքնննության կարգից, ի պատասխան Աղաջանյանը նշեց, որ այդ հանգամանքը պետք է քննարկի Լևոն Գասպարյանի հետ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter