
Սահմանամերձ Բաղանիս գյուղում մանկապարտեզ և ապաստարան կկառուցվի
Նոյեմբերյանի Բաղանիս սահմանամերձ գյուղական համայնքում մանկապարտեզ և ապաստարան կկառուցվի:
Կառավարության այսօրվա նիստում հաստատեց համապատասխան որոշում, որի համաձայն՝ այդ նպատակով Բաղանիս գյուղի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող, 31 միլիոն 814 հազար 400 դրամ կադաստրային արժեքով, 0.03314 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի Նոյեմբերյան համայնքին: Այս գույքը ամրակցված էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին և անհատույց օգտագործվում էր Բաղանիսի միջնակարգ դպրոցի կողմից:
Նախագծի արձանագրության տեքստում նշվում է, որ նվիրաբերվող տարածքում մանկապարտեզ և ապաստարան է կառուցելու «Փարոս» հիմնադրամի և Հայկական կարմիր խաչի միջոցով: Մեկ տարվա ընթացքում համապատասխանաբար իրականացվելու են 41 և 6 միլիոն դրամի ներդրումներ։
Նախագիծը ներկայացրեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
Մեկնաբանել