HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանն աջակցել է Սկրիպալի գործում Ռուսաստանի դիրքորոշմանը

Նախօրեին Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) նիստին Հայաստանը՝ 13 այլ պետությունների հետ միասին, պաշտպանել է ռուսական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում Ռուսաստանի Դաշնության հայտարարությունը:

Բացի Հայաստանից Ռուսաստանի դիրքորոշումը պաշտպանել են հետխորհրդային մի քանի այլ երկրներ, մասնավորպես՝ Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը: ՌԴ հայտարարությանը աջակցել են նաև Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Պակիստանը, Նիկարագուան և Կուբան:

ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդի նիստում Ռուսաստանը Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործը համատեղ հետաքննելու նախաձեռնությամբ էր հանդես եկել, սակայն քվեարկությամբ ՌԴ-ին չի հաջողվել ստանալ ձայների 2/3-ը, և առաջարկը չի ընդունվել:

Գործադիր խորհրդի 41 անդամներից Ռուսաստանի առաջարկությանը կողմ են քվեարկել ընդամենը 6-ը, 17-ը պաշտպանել են Միացյալ Թագավորության դիրքորոշումը, ևս 15-ը ձեռնպահ են մնացել: Մյուս 3 անդամները բացակայել են նիստից ու չեն մասնակցել քվեարկությանը: Հայաստանը գործադիր խորհրդի անդամ չէր, իսկ ՌԴ առաջարկությանը, բացի իրենից, կողմ են քվեարկել նաև Չինաստանը, Իրանը, Սուդանը, Ալժիրը և Ադրբեջանը:

Ավելի վաղ Կրեմլը պահանջել էր, որպեսզի ռուս փորձագետներին թույլատրվի ուսումնասիրել այն նյութի օրինակը, որով թունավորվել են Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան: Թունավորումից մի քանի օր անց այդ նյութի օրինակը Մեծ Բրիտանիան տրամադրել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:

ՔԶԱԿ-ը նշում է, որ կազմակերպությանը մասնագետները առանձին են գործում և չեն մասնակցում Սկրիպալի գործում բրիտանական հետաքննությանը: 

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայի առաջարկը ընդամենը ուշադրություն շեղելու միջոց է, իսկ Լոնդոնում ՌԴ դեսպանությունը շեշտել էր, որ ռուսական կողմը հետաքննության արդյունքները կընդունի միայն այն դեպքում, եթե ռուս փորձագետները մասնակցեն դրան:

Ապրիլի 3-ին Փորթոն-Դաունի լաբորատորիան հաստատել էր, որ Սկրիպալնեը թունավորվել են «Նովիչոկ» խմբին պատկանող նյարդապարալիտիկ նյութով, սակայն լաբորատորիայի ղեկավարն ընգծել էր, որ չեն կարող նշել այն երկիրը, որտեղ պատրաստվել է այդ նյութը, քանի որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում: Խորհրդային տարիներին «Նովիչոկ» խմբի նյութերը արտադրվել են Մոսկվայի լաբորատորիաներից մեկում, սակայան ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, թոշակի անցած Իգոր Մոռոզովը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ ռազմական թունավոր նյութերի վերջին կիլոգրամները Ռուսաստանում ոչնչացվել են 2017 թվականի սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքի կենտրոնում հայտնաբերվել էին Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ անգիտակից վիճակում: Յուլիա Սկրիպալը արդեն գիտակցության է եկել և նշել, որ օրեցօր իր վիճակը բարելավվում է, իսկ նրա հոր վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

Մեծ Բրիտանիան թունավորման գործում ռուսական հետք է փնտրում, իսկ Կրեմլը ժխտում է բոլոր մեղադրանքները:

Լուսանկարը՝ Peter Dejong / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter