HY RU EN

Ամալյա Մարգարյան

Նոյեմբերյանում հանքարդյունաբերության դեմ ուղղված ստորագրահավաք է իրականացվում

Նոյեմբերյան խոշորացված համայնքում հանքարդյունաբերության դեմ ուղղված ստորագրահավաք է իրականացվում։ Այս մասին իրենց ֆեյսբուքյան խմբում գրում են «Ռեստարտ Նոյեմբերյան» նախաձեռնության անդամները։ Ստորագրահավաքի նպատակն է ստեղծել հանրագիր, որը կարգելի համայնքին պատկանող տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործմանն ուղղված ցանկացած աշխատանքի իրականացում։

Հիշեցնենք, որ «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն մտադիր էր 2018-2021թթ. ընթացքում Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ։ Սակայն հանրային լսումներ չանցկացվեցին, քանի որ տեղի բնակչությունը դժգոհություն հայտնեց ծրագրի եւ հանրային լսումներ անցկացնելու վերաբերյալ։ Դրանից հետո ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է Լոռիում և Տավուշում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ու հանրային քննարկման աշխատանքները։ Նոյեմբերյան համայնքի երիտասարդները սակայն այսքանով չեն բավարարվում եւ ցանկանում են օրենսդրական ճանապարհով «ապահովագրել» համայնքին պատկանող հողատարածքները։

«Շնորհիվ Նոյեմբերյան համայնքի բնակիչների միասնականության` «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ի հետ հանրային լսումներ տեղի չունեցան: Սակայն ոչ ոք ապահովագրված չէ, որ մի որոշ ժամանակ հետո չեն հայտնվի նոր պոլիմետալներ, որոնք նորից կփորձեն ոտնձգություններ թույլ տալ Նոյեմբերյան համայնքի բնության նկատմամբ»,- ասում է «Ռեստարտ Նոյեմբերյան» նախաձեռնության անդամ Նունե Ազիզյանը:

Խմբի անդամները ստորագրահավաքի անցկացման համար մեջբերում են Սահմանադրության 53-րդ հոդվածը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք»։ Նունե Ազիզյանն ասում է, որ ստորագրահավաքը կազմակերպվում է ժողովրդի կարծիքն արտահայտող իրավական ուժ ունեցող փաստաթուղթ ունենալու համար: Նաեւ ավելացնում է, որ նախաձեռնությունը որեւէ անհատի կամ կազմակերպության չի պատկանում։

«Ռեստարտ Նոյեմբերյան» ֆեյսբուքյան խումբը բացվել է մեկ տարի առաջ, երբ հանքերի մասին որեւէ խոսակցություն չի եղել: Խմբի պատասխանատու Գոռ Վաղրամյանը նշում է, որ խումբ ստեղծելու նպատակը տեղի երիտասարդությանը միավորելն է եղել, իսկ հանքարդյունաբերության վերաբերյալ խոսակցություններ ի հայտ գալուց հետո, առավել ակտիվացել է՝ դառնալով նաեւ տեղեկատվական հարթակ։

«Ստեղծվել է նախաձեռնող խումբ, որոնց միացել են բազմաթիվ գաղափարակիցներ։ Սկսվել է ստորագրահավաք, որը հանրագրի տեսքով կներկայացվի համայնքապետարանին: Նպատակն է ստանալ լեգիտիմություն ունեցող որոշում, որը թույլ կտա ցանկացած հանքարդյունաբերության կամ հետազոտական աշխատանքների հետ կապված հանրային լսումների դիմումները մերժել հենց սկզբից»,- ասում է Գոռ Վաղրամյանը։

Նոյեմբերյանի բնակիչ եւ «Ռեստարտ Նոյեմբերյան»-ի անդամ Արտակ Ղուշչյանն էլ նշում է, որ հանրագիրը  պետք է ներառի բնակչության մեծ մասի կարծիքը, որպեսզի կարողանան ներկայացնել համայնքի ավագանու նիստին:

Արտակը ասում է, որ Նոյեմբերյանի սարերը կարեւոր նշանակություն ունեն համայնքի բնակչության համար, քանի որ այդտեղ է կուտակված խմելու եւ ոռոգման ջրի պաշարները, սարերը առատ են բուսական եւ կենդանական աշխարհով։

«Այստեղ մարդկանց ապրելու հարցն է դրված, մարդիկ ապրում են իրենց հող ու ջրից կպած, նաեւ եկամտի աղբյուրն է։ Էս սարերը մեզ համար ոսկի են»,- ընդգծում է Արտակ Ղուշչյանը։

Խմբի անդամները տեղեկացնում են, որ ստորագրահավաքն իրականացնելու համար թերթիկներ են բաժանում եւ տեղադրում խանութներում, դեղատներում, բենզալցակայաններում։ Ստորագրահավաքին կարող են մասնակցել Նոյեմբերյանի գրանցում ունեցող անձինք։